Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի           N 1442-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) փոփոխությունը պայմանավորված է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով կատարված լրացումով, համաձայն որի՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով իրավական հիմք է ստեղծվում արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքները օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու նոր կարգ մշակելու և հաստատելու համար:

Նոր կարգով հստակեցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և օպերատորների գործողությունները, Նախարարության, որպես իրավասու մարմնի կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու հետ կապված հարաբերությունները:

Մշակվող կարգով հստակեցվում է նաև Նախարարության, այլ պետական գերատեսչությունների և Օպերատորների միջև փոխգործակցության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները, սամանվում է «Լրացուցիչ կապուղի» հասկացությունը, ներդրվում են ավելի ճկուն մեխանիզմներ՝ լրացուցիչ կապուղիներ տրամադրելու առաջնահերթության մասով, կցվում է լրացուցիչ կապուղիների և ենթակառուցվածքների օգտագործման հայտերի ձևեր, որը հնարավորություն կտա պատվիրատու մարմիններին ներկայացնելու ամբողջական հայտ, ինչը լրացուցիչ քննարկման կամ պարզաբանման կարիք չի ունենա:

Գործող իրավական ակտով լրացուցիչ կապուղիների հատկացման առաջնահերթությունը սահմանված էր՝ առանց հաշվի առնելու արտակարգ իարվիճակներում իրականացվող գործընթացների առաջնահերթությունները և լիազոր մարմնի խնդիրները, ինչպես նաև կոնկրետ իրավիճակից և հայտի բավարարման հրատապությունից պայմանավորված առաջնահերթությունները: Այս խնդիրները կարգավորվում են առաջարկվող փոփոխությամբ, այն է՝ որոշակի իրավիճակից և հայտը բավարարելու հրատապությունից կախված՝ սահմանված առաջնահերթությունը փոփոխվելու դրույթի ամրագրմամբ:

Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 14 –րդ մասով սահմանված դրույթը և հաշվի առնելով այն, որ Կառավարության կողմից լրացուցիչ կապուղիների պահանջարկը, ռազմական դրության ժամանակ հանդիսանում է պետական պատվեր, նոր կարգում ավելացվել է դրույթ այն մասին, որ Պատվիրատու մարմնի, բացառությամբ զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացված լրացուցիչ կապուղիների հայտը բավարարող Օպերատորը ստանում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպության կարգավիճակ (եթե նախկինում չի ունեցել) և նրա հետ ծագած հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախագիծը մշակման տարբեր փուլերում քննարկվել է նաև հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների («Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, «Յուքոմ» ՓԲԸ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, «ՋԻԷՆՍԻ Ալֆա» ՓԲԸ, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ) հետ, որոնք նույնպես Որոշման փոփոխությունը համարել են անհրաժեշտ և առաջնային:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի մշակմամբ կարգավորվում է արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ Նախարարության, որպես իրավասու մարմնի կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացները, հստակեցվում է իրավասու մարմնի և Պատվիրատուի գործառույթները: 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    12.04.2023 - 05.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2810

Տպել