Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Մատենադարանը համարվում է հայոց ազգային հիշողության և ինքնության պահպանման կարևորագույն կենտրոններից մեկը: Մատենադարանը, որը հայության մտավոր ժառանգության գանձարանն է, գիտահետազոտական ինստիտուտի և թանգարանի գործառույթները զուգակցող, միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որը դարձել է նաև Հայաստանի խորհդանիշներից մեկը։

Հիմնական շենքին կից՝ 2011 թ. կառուցվել է նոր գիտական մասնաշենքը՝ ծավալուն ենթակառուցվածք, որ էապես ընդլայնեց նաև Մատենադարանի գիտահետազոտական, մշակութային և կրթական գործառույթների տիրույթը։ Մատենադարանը մնում է նշյալ ոլորտներում պետական քաղաքականության իրականացման առանցքային կենտրոններից մեկը։ Հետևաբար, հրամայական է դառնում նաև կառավարման համակարգի արդիականացումը և կանոնադրական նպատակների լիարժեք իրականացմանն անհրաժեշտ սեփական եկամուտների ավելացման նոր միջոցների գործադրումը, հատկապես, երբ նկատի ենք առնում ցուցադրական համակարգի արդիականացման, ձեռագրական հավաքածուների համալրման խնդիրը, վերականգնման ենթակա գրավոր հուշարձանների ծավալը և վերականգնող-մասնագետների աշխատավարձերի վերանայման հրատապությունը։ Սա իր հերթին առաջ է քաշում տնօրենի և կառավարման բարձրագույն ու վերահսկողություն իրականացնող մարմնի համագործակցության որակապես նոր  փոխհարաբերության անհրաժեշտությունը։

Խորհրդի նոր կազմը, ըստ էության, արտացոլում է Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված իրավասությունների և անդամների ենթադրվող մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների շրջանակը (ռազմավարական ծրագրերի հաստատում, ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանում, բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատում, գույքի տնօրինման կարգի հաստատում, տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության մասին որոշումների ընդունում, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկում, աուդիտ իրականացնող անձի ընտրություն և այլն)։

Ինչ վերաբերում խորհրդի անդամների թվի նվազեցմանը, ապա դրանով նպատակ է դրվում բարձրացնելու աշխատանքների օպերատիվությունն ու արդյունավետությունը։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի՝ 04.07.2022թ. գրանցված կանոնադրության թիվ 001.3 փոփոխության արդյունքում գործող 28-րդ կետը սահմանում է, որ Մատենադարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհուրդը բաղկացած է 24 անդամից: Ըստ գործող կանոնադրության՝ խորհրդի 24 անդամներից 11-ը Մատենադարանի աշխատակիցներ են (տնօրենի տնտեսական գծով տեղակալ, գլխավոր հաշվապահ, կադրերի բաժնի վարիչ, ավագ գիտաշխատողներ, բաժնի վարիչներ և այլք)։ Այսպես, տնօրենի անմիջական ենթակաները վերադասության կարգավիճակ և վերահսկողական լիազորություն են ձեռք բերել խորհրդի կազմում՝ առաջ բերելով իրականացման և վերահսկողական գործառույթների համատեղելիություն, կողմնակալ որոշումներ ընդունելու ռիսկեր։ Գործնականում հնարավոր են այնպիսի դեպքերը, երբ խորհրդի անդամի կարգավիճակ ունեցող Մատենադարանի աշխատակիցն այս կամ այն հարցի վերաբերյալ որոշումներ կայացնելիս կարող է հայտնվել շահերի բախման իրավիճակում։ Օրինակ՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 13)2 կետով՝ ընդհանրապես, և Մատենադարանի կանոնադրության 35-րդ կետի 14)-րդ կետով՝ մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահվել Մատենադարանի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու և նոր հաստիքացուցակ հաստատելու իրավասությունը։ Մատենադարանի աշխատակիցներին խորհրդի կազմում ընդգրկելը միաժամանակ առաջացնում է նաև ռիսկային իրավիճակներ՝ կապված Մատենադարանի ֆինանսական քաղաքականության, հաշվապահական հաշվառման վերաբերյալ տեղեկություններին աշխատակիցներին անուղղակի հասանելիություն տրամադրելու հետ այնքանով, որքանով որ հոգաբարձուների խորհուրդին է վերապահված Մատենադարանի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Մատենադարանի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը։

Անորոշ է նաև այնպիսի իրավիճակի գնահատականը, երբ Մատենադարանի և հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող աշխատակցի միջև աշխատանքային հարաբերությունները դադարում են։ Արդյո՞ք նման դեպքում դա հանգեցնում է խորհրդի անդամի լիազորություների դադարեցմանը, թե ոչ։

Մինչդեռ, ելնելով Մատենադարանի ազգային ու միջազգային կարևորությունից, անհրաժեշտ է համալրել խորհուրդը գիտական, մշակութային, կրթական և ֆինանսական քաղաքականություն մշակող և իրականացնող պետական գերատեսչությունների բարձր ներկայացվածությամբ, տնտեսական անվտանգության ապահովման և մաքսային վարչարարության մարմինների ներկայացուցիչների ընդգրկմամբ՝ նկատի առնելով նաև Մատենադարանի ֆինանսների կառավարման, իր կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական, մաքսային ընթացակարգեր պարունակող գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

4 Ակնկալվող արդյունքը

Խորհրդի ձևավորման նման սկզբունքը կնպաստի գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում պետական ռազմավարական առաջնահերթությունների և Մատենադարանի գործունեության առավելագույն համադրելիությանը։

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի           20-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի           20-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 4․4, 4․9 ենթակետերով սահմանված դրույթներից:

 

  • Քննարկվել է

    05.04.2023 - 20.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2499

Տպել