Հիմնավորում
«Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները հարկ վճարողներին փոխհատուցելու (վերադարձնելու) ընթացակարգերի սահմանումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-454-Ն ՀՀ օրենքով սահմանվել են ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգավորումներ:
Ընդ որում, սահմանվել է, որ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով և ժամկետներում:
Խնդիրն այն է, որ վերոնշյալ դրույթի կիրառության համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգ, չափ և ժամկետներ սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահմանել ՀՀ ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգ, չափ և ժամկետներ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
- Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում փոխհատուցվում է արտահանվող ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի ամբողջ գումարը,
- հումքի գծով նախագծով առաջարկվող կարգի համաձայն փոխհատուցված ակցիզային հարկի գումարի չափով պակասեցվում են ակցիզային հարկի գումարի փաստացի փոխհատուցման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարները,
- հումքի գծով փոխհատուցված ակցիզային հարկի գումարի և հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների դրական տարբերության չափով ակցիզային հարկ վճարողին առաջադրվում են ակցիզային հարկի գծով հարկային պարտավորություններ,
- հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների՝ սահմանված կարգով և ժամկետներում պակասեցում չկատարելը ՀՀ հարկային օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում է հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ,
- ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում,
- հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը, կազմում է եզրակացություն և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը` ակցիզային հարկի գումարը մուտքագրելով միասնական հաշվին,
- ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողի կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրվող փաստաթուղթը պետք է պարունակի նաև ներմուծման հայտարարագրի ամսաթիվը և համարը, իսկ ապրանքների անվանումները և չափման միավորները պետք է լրացվեն այդ ապրանքների ներմուծման հայտարարագրերում լրացված անվանումներին և չափման միավորներին համապատասխան:
- Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքերում վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման հետ կապված հարաբերություններն են:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման ընթացակարգ (կարգ, չափ և ժամկետներ):
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:
Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: