Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 963-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ընթացակարգերը գործող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած կարգավորման օրենսդրական բացերի լրացման անհրաժեշտությամբ: Ներկայումս  օդանավ շահագործողներին օդանավ շահագործողի վկայականի (այսուհետ՝ Վկայական) տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող ՀՀ կառավարության 2015 թվականի  օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

Նախագծով Վկայականի տրամադրման ընթացակարգերը համապատասխանեցվել են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) N 6 հավելվածի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 8335 փաստաթղթի պահանջներին, մասնավորապես.

1) հստակ տարանջատվել են Վկայականի տրամադրման փուլերը և յուրաքանչյուր փուլի ապահովման ընթացակարգերը և պահանջները,

2) ներկայացվել են Վկայականի ստացման հայտի պաշտոնական ներկայացման փուլին նախորդող փուլի անցկացման կարգը, այդ թվում նշանակությունը և նպատակը,

2) վերանայվել և լրամշակվել են հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ հստակ առանձնացնելով հաստատում պահանջող փաստաթղթերը և դրանց հաստատման ընթացակարգը,

3) «Ավիացիայի մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված Վկայականի տրամադրման մերժման նոր հիմքի՝ անձի վատ հեղինակության դեպքում վկայականի տրամադրումը մերժելու ընթացակարգը,

4) հստակեցվել են Վկայականում փոփոխություններ կատարելու ընթացակարգերը,

5) վերանայվել և լրացվել են Վկայականի կասեցման և դադարեցման հիմքերը,

6) նախատեսվել է կարգավորում, համաձայն որի՝ նույն կարգի պահանջների խախտումները կարող են առաջացնել  պատասխանատվություն՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, մասնավորապես վարչական պատասխանատվության կիրառման նկատառումներից ելնելով,

7) հայտին կից ներկայացվող փաստաթղթերում լրացվել է հայտատուի կողմից ֆինանսական մոդել ներկայացնելու պահանջը և Որոշումը լրացվել է այդ մոդելի ձևաչափը,

8) կատարվել են մի շարք տեխնիկական և գործընթացային փոփոխություններ և լրացումներ:

  1. Առաջարկվող կարգավորմանբնույթը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման պարագայում ՀՀ օդային փոխադրողներին օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացը լիարժեքորեն կհամապատասխանեցվի միջազգային պայմանագրերին, այդ թվում՝ Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին, ԻԿԱՕ-ի կողմից հրապարակած ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին: Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝ ապահովելով վկայականի տրամադրման գործընթացի հստակությունն ու մատչելիությունը օդանավ շահագործողների համար։

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կխթանվի հայաստանյան ավիաընկերությունների զարգացումը, նպաստավոր հարթակ կստեղծվի ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական կապերի ամրապնդման համար, կբարձրանա պետության ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 71.1 և 71.2 կետերի կատարումից:

  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

       ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՄԻՀՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

  • Քննարկվել է

    28.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2514

Տպել