Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ 

Իրավական ակտի հիմնավորումը                       

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծերի մշակումը բխում է  սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, Կառավարությունը յուրաքանչյուր տարի մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը և այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Ազգային ժողով։ Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը ներառում են այն միջոցառումները, որոնք արտացոլված են տվյալ տարվա բյուջետային հայտում։

Հետևաբար, իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։

Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել օրենքից բխող այլ լիազորող նորմերը։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված լիազորող նորմի համաձայն լիազոր մարմինը սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները։ Սակայն այս հարցը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր։ Վերջինիս համաձայն,  անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն է լիազորվում անհատական իրավական ակտեր ընդունելու:

ՀՀ օրենսդրությունը հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել նաև 2019 թվականի ապրիլի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ կապված։

          Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված են պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի դեպքերը, սակայն գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ շինարարական աշխատանքներն իրականացնել չի լինում համապատասխան նորմի բացակայության պատճառով։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նպատակն է հստակեցնել օրենքի լիազորող նորմերը։ Մասնավորապես, որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը (ըստ այդմ՝ համապատասխան այլ փոփոխություններ)։ Նշված օրենքից առաջարկվում է հանել նաև «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողությունները արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծով հստակեցվում է անկախ կյանքի կենտրոնների կազմակերպաիրավական ձևը, դրանք նախատեսելով որպես ՊՈԱԿ-ներ։ Հաշվի առնելով որ դրանց ստեղծումը կարող է պահանջել երկար ժամանակ, հնարավորություն է տրվում անկախ կյանքի ծառայություններ մատուցել նաև պատվիրակման միջոցով։

Առաջարկվում է նաև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել՝ համապատասխանեցնելով աշխատանքային օրենսգրքին։

Անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար։ Նախագծով կառավարությանը լիազորվում է սահմանել այդ առանձնահատկությունները։

ԱԺ հետ օրենքների նախագծերի աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկվել է փոփոխություն նախատեսել նաև ՀՀ հողային օրենսգրքում և պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի դեպքերի մեջ նախատեսել ևս մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերի ապահովման նպատակով շինությունների կառուցման և վերակառուցման համար։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Խուսափել իրավական ակտերում միջոցառումների անհարկի կրկնությունից, ապահովել միջպետական համաձայնագրերի իրականացումը,  նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման նոր երաշիքներ։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է չէ ռազմավարկան փաստաթղթերի հետ։

 

  • Քննարկվել է

    23.03.2023 - 10.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2560

Տպել