Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մսային տավարաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ՝ միտված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշների ապահովմանը։

 

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2021 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 463.6 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի զգալի մասը ստացվել է տավարաբուծությունից: Ներկայումս մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում 320 կգ-ը, այն դեպքում, երբ տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաները և բարձր մթերատու ցեղերի գենոֆոնդի օգտագործումը հնարավորություն են ընձեռում մսի համար բտված տավարն իրացնել 450 կգ և բարձր կենդանի զանգվածով, ուստի անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել մսային տավարաբուծությունում տոհմային գործը զարգացնելու համար։

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից, որի շրջանակներում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (ըստ ցեղերի սահմանափակումներ չկան) ձեռք բերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։

Ծրագրի մեկնարկից սկսած 24 շահառուի կողմից ձեռք է բերվել 1725 գլուխ հոլշտին, սիմենթալ, ուկրաինական տափաստանային, ինչպես նաև  մսային ուղղության աբերդին անգուս և կալմիկական ցեղերի տոհմային կենդանիներ։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է խոշոր եղջերավոր կենդանիների մսային ուղղության կենդանիներ ձեռք բերելու դեպքում արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս, ինչպես նաև մսային ուղղության կենդանիների ձեռքբերման արժեքը սահմանել առավելագույնը 1․2 մլն ՀՀ դրամ։

Մսային տավարաբուծությունում ընդունված է մսացու մատղաշը մինչև 4-6 ամսականը աճեցնել կաթնային-խտացրած կերաբաժնով։ Սպանդի ենթարկվող գլխաքանակի մեծ մասը կազմում է մատղաշը և ինտենսիվ աճեցման դեպքում (առանց արոտի օգտագործման) այն ցանկալի է իրացնել 14-16 ամսականում՝ 400-420 կգ կենդանի զանգվածով, արոտների օգտագործման դեպքում նպատակահարմար է մատղաշը իրացնել 18-20 ամսականում՝ 420-450 կգ կենդանի զանգվածով։

Հաշվի առնելով, որ մսային տավարաբուծությունում ստացված կաթն օգտագործվում է մատղաշի աճեցման համար և չի իրացվում (արդյունքում վարկի մարման համար միջոցներ չեն գոյանում), ինչպես նաև կենդանիների հղիության (9 ամիս) և մսացու մատղաշի առաջարկվող իրացման ժամկետները (14-18 ամիս), նպատակահարմար է մսային ուղղության կենդանիներ ձեռք բերելու դեպքում արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս։

Բացի այդ, հաշվի առնելով մսային ուղղության տոհմային կենդանիների նկատմամբ պահանջարկը, ինչպես նաև ուսումնասիրելով Ծրագրի շրջանակներում ձեռքբերված, ԵԱՏՄ անդամ-պետություններում և եվրոպական երկրներում Ծրագրի պահանջներին համապատասխանող կենդանիների շուկայական միջին գները (1․1-1․3 միլիոն ՀՀ դրամ), առաջարկվում է մսային ուղղության 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման առավելագույն արժեքը սահմանել 1․2 միլիոն դրամ։

 

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող մսային ուղղության  տոհմային կենդանիների քանակը, որն էլ կհանգեցնի տավարի մսի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված տավարի և հորթի մսի արտադրության թիրախային ցուցանիշի ապահովմանը։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3 «Անասնաբուծության ճյուղի զարգացում» միջոցառման նպատակի՝ տոհմային գործի բարելավման միջոցով տոհմային կենդանիների տեսակարար կշռի տարեկան 10-15 %-ով ավելացման և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետով սահմանված «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթության հետ։

 

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    21.03.2023 - 10.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2866

Տպել