Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2023 թվականի N ---------  Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հայեցակարգը»՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված   

Հայաստանի Հանրապետության

 կառավարության 2023 թվականի

........-ի N ........-Լ որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) պետության պաշտոնական տեսակետը և գործունեությունն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական կայուն զարգացմանն ու առաջխաղացմանը։
  2. Հայեցակարգի իրավական հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցառումների «Նպատակ 1»-ի «Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում, «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հաստատում» միջոցառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության օրենքները։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որդեգրում է գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու տեսլականը՝ գիտելիքը հռչակելով տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ։
  4. Տնտեսական քաղաքականության հայեցակարգի հենքն է հանդիսանում տնտեսությունում տեխնոլոգիական առաջընթացը, ինչի իրագործումն ընկած է մարդկային կապիտալի զարգացման և գիտելիքահենք տնտեսության տեսլականի տիրույթում։ Պետության գերնպատակներից է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը:
  5. Հիմնական շեշտադրումներն էհանդիսանալու․ մարդկային կապիտալի զարգացումը, արտադրական արժեշղթաների խորացումը, նոր և գործող բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունների զարգացումը՝ ներառյալ տեխնոլոգիական բարդության խորացումը՝ զուգակցելով այն գիտական նորարարությունների կլանմամբ ու Հայաստանում գործարար միջավայրի և արտաքին մրցունակության ատիճանի բարձրացման խթանմամբ,
  6. Հայեցակարգի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող հայեցակարգերն ու ռազմավարությունները։

 

  1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գերակայություն 1 Գիտելիքահենք տնտեսության ձևավորում և զարգացում

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որդեգրելով գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու տեսլականը և գիտելիքը հռչակելով տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ, կարևորում է տնտեսական զարգացման գործընթացում գիտելիքի ստեղծման, ձեռք բերման, ներմուծման և դրա կայուն ու արդյունավետ կիրառման գործընթացի շարունակական բնույթի ապահովումը։
  2. ՀՀ կառավարությունը խթանելու է գիտության և տեխնոլոգիայի (արտադրական շղթաներում) միջև կապակցվածության ստեղծումն ու զարգացումը, ինչը կարևորվում է ինչպես նորարարությունների առևտրայնացման, այնպես էլ՝ դրա արդյունքում երկրի մրցունակության ձևավորման առումով։
  3. ՀՀ կառավարությունը, գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ նպատակադրում է ապահովել ապրանքների և ծառայությունների արտադրության ավելի արդյունավետ ուղիներ, դրանով իսկ Հայաստանին ապահովելով համաշխարհային տնտեսության մեջ  մրցունակության և վստահելի տնտեսական գործընկեր լինելու գրավականը։
  4. Գիտելիքահենք տնտեսության ձևավորման առաջնահերթության համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվելու է մարդկային կապիտալի զարգացման հրամայականով՝ առանձնակիորեն շեշտադրելով կրթության, գիտահետազոտական և գիտատեխնիկական ոլորտներում բարեփոխումների իրականացման կարևորությունը։
  5. Գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու և մարդկային կապիտալի զարգացման գերակայությունները կյանքի կոչելու հիմնական մոտեցումներ են հանդիսանալու․
  • կրթության (այդ թվում՝ էկոլոգիական կրթության) ոլորտում երկարաժամկետ ներդրումների շեշտակի աճը,
  • գիտության և կրթության բոլոր մակարդակներում որակի և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը,
  • գիտության ոլորտի ֆինանսավորման կտրուկ աճի ապահովումը,
  • առավելապես առաջնայնություն կտրվի կիրառական գիտության զարգացմանը համալսարաններում, հետազոտական կենտրոններում, ընկերություններում և այլ կազմակերպություններում նորարարական արդյունավետ համակարգի ներդրման և արդիականացման, ինչպես նաև նորարարական կարողությունների զարգացման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ապահովումը (technology transfer),
  • հայ գիտնականների և հետազոտողների՝ գիտական նորագույն ուղղություններով միջազգային գիտահետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության խրախուսումը,
  • տեղեկատվական ենթակառուցվածքների արդիականացում և հավասարաչափ զարգացում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում,
  • կրթական հաստատությունների ներկայիս կենտրոնացվածության բարձր մակարդակի (հիմնականում՝ Երևան քաղաքում) նվազեցումը որպես կրթական համակարգի զարգացման առաջնահերթություն,
  • ողջամիտ բնօգտագործմանն ու մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը նպատակաուղղված էկոլոգիական գիտելիքների տարածում,
  • կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման առումով Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակադրումն է լինելու նոր, գլոբալ ենթակառուցվածքների ձևավորումը։
  • գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է լինելու ջանքեր գործադրել համախառն ներքին արդյունքի ձևավորման գործում առավելագույն թվով մարդկանց ներգրավման ուղղությամբ՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով ապակենտրոն և համաչափ սոցիալ–տնտեսական առաջընթաց, որակյալ ենթակառուցվածքների զարգացում։
  2. Այս համատեստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորելու է համայնքներում առկա մարդկային կապիտալի զարգացումը, համապատասխան ենթակառուցվածքների շարունակական բարելավումը, ինչպես նաև ազգային արդյունքի ձևավորման գործընթացում համայնքների ներգրավման աստիճանի բարձրացումը։
  3. ՀՀ կառավարությունը կարևորում է սոցիալական ծրագրերի կայուն և պարբերաբար իրականացումը՝ նպատակադնելով մարդու, ահտատի առողջության պահպանումը, շարունակական կրթության ապահովումը, ինչպես նաև մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը։

 

Գերակայություն 2. Տեխնոլոգիական առաջընթաց, արտադրողականության աճ, բարձր ավելացված արժեք և արժեշղթաների խորացում

 

  1. Բնակչության կենսամակարդակը բարելավելու կարողությունը գրեթե ամբողջովին կախված է արտադրողականության մակարդակը բարձրացնելու հնարավորությունից այսինքն՝ տնտեսությունում ներդրված ռեսուրսները պատրաստի թողարկման վերածելու արդյունավետության բարձրացման հնարավորությունից։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը խրախուսում է տնտեսությունում տեխնոլոգիական առաջընթացը և աշխատուժի որակավորման բարձրացումը:
  2. Արտադրողականության բարձրացմանն ուղղված քաղաքականության առանցքում դրվում են հետևյալ առաջնահերթությունները․
  • տեխնոլոգիաների ստեղծման, ներմուծման և ներդրման, ինչպես նաև արդյունավետ կիրառման խրախուսման քաղաքականության իրականացում, խրախուսելով տեխնոլոգիական բարդ պրոցեսով և բարձր հավելյալ արժեքով արտադրանք ստեղծող ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ,
  • աշխատուժի հմտությունների մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի խրախուսման քաղաքականություն,
  • գործարար միջավայրում մրցունակության բարձրացման քաղաքականության որդեգրում՝ տրամադրելով լրացուցիչ խթաններ մասնավոր հատվածում տեխնոլոգիական զարգացման և արտադրողականության բարձրացման համար, մասնավորապես նպաստավոր պայմաններ ստեղծելով արտասահմանյան փորձառու մասնագետների ներգրավման համար։

 

  1. Տնտեսական զարգացման քաղաքականությունը միտված է լինելու գործող արժեշղթաների խորացմանը և նոր արժեշղթաների ձևավորմանը՝ այն համակցելով գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ընդհանուր տնտեսական զարգացման քաղաքականությանը՝ տեխնոլոգիական առաջընթացի և արտադրողականության աճի շեշտադրումով։  Այդ տեսանկյունից մեծ է հատկապես էլեկտրական և էլեկտրոնիկ սարքավորումների, մեքենաշինության, դեղագործության, կիրառական քիմիայի և ռազմարդյունաբերության բնագավառների ներուժը, որտեղ ապրանքների արտադրությունը պահանջում է գիտելիքի առկայություն՝ միջազգային շուկաներում մրցունակ և տարբերակվող առաջարկով։
  2. Արտադրողականության բարձրացման առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կխրախուսի մարզերում ինչպես ավանդական, այնպես էլ զարգացման հնարավորություններ ունեցող (այդ թվում՝ դեռևս առավել ցածր տեսակարար կշիռ ունեցող) արտադրությունների տեխնոլոգիական վերազինումը։

 

Գերակայություն 3 Ենթակառուցվածքների զարգացում

 

  1. Տնտեսական զարգացման տեսանկյունից առաջնային կհամարվեն արտաքին և ներքին ենթակառուցվածքի (ինտերնետ, ճանապարհներ, էլեկտրաէներգիա, բնական գազ, ջրամատակարարում և ջրահեռացում, կոյուղի և այլն) համակարգերի անընդհատ բարելավումն ու զարգացումը, ինչը միտված է պետության ողջ տարածքում քաղաքացիների և ներդրողների համար հնարավորինս բարենպաստ և հավասար պայմանների ապահովմանը։
  2. Ենթակառուցվածքների բարելավան և անընդհատ զարգացման ու ընդլայնման նպատակով աջակցություն կցուցաբերվի մարզերում առկա բնական ռեսուրսների օգտագործմանը, պահպանմանն ու բարելավմանը, նոր, ժամանակակից ենթակառուցվածքների (հիվանդանոցներ, գիտահետազոտական և լաբորատոր–դիագնոստիկ կենտրոններ), ստեղծմանն ու զարգացմանը։
  3. Ընդհանուր տնտեսության, այդ թվում՝ մարզերի տնտեսական զարգացման տեսանկյունից կարևորելով լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է լինելու մարզերի առավելապես ներմարզային և համայնքային նշանակության ճանապարհների, երկաթուղու և օդային տրանսպորտի (փոքր օդանավակայանների գործարկում), զբոսաշրջային, էներգետիկ, կրթական, գիտական ու առողջապահական գործող  ենթակառուցվածքների զարգացմանն ու նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև վերոնշյալ ոլորտներում ֆինանսական ռեսուրսների հոսքի ապահովմանը (ինչպես պետական և մասնավոր, այնպես էլ՝  օտարերկրյա  ներդրումների ներգրավմամբ)։
  4. Կառավարությունը տարբեր գործիքակազմերի միջոցով ջանքեր կգործադրի խթանելու մարզերում այնպիսի լոգիստիկ կենտրոնների հիմնմանը, որոնց գործառույթները ուղղված կլինեն գյուղատնտեսական առաջնային արտադրանքի մթերմանը, վերամշակող ձեռնարկությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև արտահանման նպատակով մեծածախ վաճառքի կազմակերպմանը։
  5. Տնտեսական առաջընթացի, արտահանման խթանման, օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավման խրախուսման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է լինում միջազգային մրցունակ ստանդարտներին համապատասխանող ենթակառուցվածքներով գերազանցության տնտեսական գոտիների (հատուկ, ազատ, արդյունաբերական և այլն) ստեղծմանը, զարգացմանն ու ընդլայնմանը՝
  6. Շարունակաբար ընդլայնել ոռոգվող հողերի ընդհանուր մակերեսը, մասնավորապես՝ խթանելով ջրամբարաշինությունը, ոռոգման համակարգերի վերանորոգումն ու նոր համակարգերի կառուցումը, արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը։
  7. Կխթանվի Հայաստանի Հանրապետության համայնքների և բնակավայրերի զարգացումը, ինչպես նաև նորերի նախագծումը և կառուցումը։

 

Գերակայություն 4  Ներդրումային և գործարար միջավայրի բարելավում

 

  1. Ներդրումային քաղաքականության առանցքում են ներդրումային պարզ և թափանցիկ ինստիտուցիոնալ համակարգի կայացումը, մրցունակ դաշտի ձևավորումը, ներդրումների ներգրավումն ու ուղղակի օժանդակությունը, տեղեկատվության հստակության ու հասանելիության ապահովումը
  2. Ներդրումային քաղաքականության նպատակներից է տարածաշրջանի երկրների համեմատ լավագույն ներդրումային օրենսդրության ձևավորումը՝ ազատ ու հավասար մրցակցության ու կանխատեսելիության իմաստով և առաջնային դիրքի պահպանման նպատակով դրա շարունակական բարելավումը։
  3. Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված կլինի նաև Հայաստանի տնտեսությունում պոտենցիալ ներդրող հանդիսացող արտասահմանյան ընկերություններին Հայաստանի տնտեսական և օրենսդրության զարգացումների մասին շարունակաբար իրազեկմանը։
  4. Հայաստան ներդրումային ներհոսքը խրախուսելու նպատակով կմշակվի և կկիրառվի ներդրումների խթանման ճկուն և խթանող գործիքակազմ, ինչը մասնավորապես կներառի Նոր գիտելիք և Հայաստանի Հանրապետության տնտեսության միջին տեխնոլոգիականության ցուցանիշից բարձր տեխնոլոգիա ներմուծող հեղինակավոր ընկերությունների համար խրախուսող մեխանիզմների մշակում և կիրառում, խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ֆինանսավորում պետության կողմից, ինչպես նաև պետական աջակցության համաձայնություններ։
  • Գործարար առողջ միջավայրի կայացման համատեքստում առանձնակի կկարևորվի հավասար մրցակցային պայմանների ապահովումը, պետական օժանդակությունից օգտվելու հավասար պայմանների ապահովումը, ինչպես նաև մտավոր սեփականության ինստիտուտի ամրապնդումը։
  1. Գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կկարևորվի սոցիալական ոլորտների (առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի) տնտեսական տնտեսական բաղադրիչների զարգացումը։
  2. Կապիտալի հասանելիության բարձրացումն ունի առանցքային նշանակություն տնտեսության ֆինանսավորման և տնտեսական զարգացման տեսանկյուններից։ Կապիտալի հասանելիության բարձրացման քաղաքականության հենքում դիտարկվում են երկու հիմնական ուղղություններ՝ 1) կապիտալի առաջարկի ավելացում և 2) կապիտալի շուկայի մեխանիզմների զարգացում:
  3. Արտաքին մրցունակության բարձրացման նպատակով որդեգրվելու է տեխնոլոգիական առաջընթացի, արտադրողականության աճի, արտադրությունների մասնագիտացման, աշխատուժի որակավորման, որակյալ ու մատչելի միջանկյալ և կապիտալ ապրանքների ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծման խրախուսման քաղաքականություն:
  4. Ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման մասնագիտացման առումով թիրախավորվում են ոչ թե մեծածավալ ցածրարժեք արտադրությունները, այլ նորարար, բարձրորակ և բարձրարժեք ապրանքներն ու ծառայությունները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրում է կատարում որակի ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում և ծրագրերում:
  5. Կզարգացվեն ու կխորացվեն բազմավեկտոր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև է ՄԱԿ-ի առևտրային և տնտեսական կառույցների և տարածաշրջանային հանձնաժողովների հետ։

 

Գերակայություն 5 Կայուն զարգացում, կանաչ տնտեսություն և կլիմայի փոփոխություն

 

  • Կայուն զարգացման համատեքստում կթիրախավորվեն երեք հիմնական ուղղություն՝ 1) էներգետիկ վերափոխում՝ նվազեցնելով կլիմայի փոփոխության ազդեցությունը, 2) շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազեցում և 3) ռեսուրսների կայուն կառավարում։
  1. Էներգետիկ վերափոխումն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով, որոնք բացի բնապահպանական դրական արդյունքներ տալուց կնպաստեն նաև պետության էներգետիկ անկախացմանը: Դրանք են՝ 1) վերականգնվող, հատկապես՝ արևային, երկրաջերմային հողմային, կենսազանգվածային (ներառյալ կենսագազի), և «մաքուր» ջրածնային էներգիայի արտադրության աճ, 2) էլեկտրական և «մաքուր» ջրածնային տրանսպորտի խրախուսում և 3) էներգախնայող և էներգաարդյունավետությունը բարձրացնող միջոցառումների իրականացում՝ հատկապես շենքերի ջերմամեկուսացման նպատակով։
  2. Տնտեսական զարգացման քաղաքականությունը միտված է լինելու շրջակա միջավայրի պահպանությանը, կլիմայի բացասական ազդեցության մեղմմանն ու հարմարվողականության մեծացմանը, բնական պաշարների կայուն կառավարմանը և արդյունավետ օգտագործմանը։
  • Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է նաև ռեսուրսների կայուն կառավարման ծրագրերի մշակումը և կյանքի կոչումը, նպատակ ունենալով 1) ապահովել բնական պաշարների կայուն կառավարումն և արդյունավետ օգտագործումն (կայուն զարգացման նպատակ 12.2) և 2) երկրում վերամշակման կամ օգտահանման ավելացումը (կայուն զարգացման նպատակ 12.5)։ Այս նպատակներին հասնելու առումով առանցքային են, ի թիվս այլոց, ստորև ներկայացված ուղղությունները, որոնք նաև համահունչ են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներին.
  • Որպես առաջնահերթություն կդիտարկվեն նաև․
  • ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման, իսկ գյուղական բնակավայրերում նաև ապակենտրոցաված և կեղտաջրերի տեղափոխման, հավաքման և մաքրման տեղական համակարգերի կառուցման ծրագրերի մշակումը և իրականացումը՝ ապահովելով երկարաժամկետ կայունություն ճիշտ գնային քաղաքականության և «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառման միջոցով
  • թափոնների հիերարխիայի մոտեցման որդեգրումը՝ խրախոսելով սակավաթափոն տեխնոլոգիաների ներմուծումն ու ներդրումը, գոյացող աղբի քանակի կրճատումը սկզբնաղբյուրում, աղբի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման և էներգիայի վերականգնման գործողությունների կիրառումը,
  • շրջանաձև տնտեսության խթանումը,
  • արտադրողի ընդլայնված պատասխանատվություն» սկզբունքի ներդնում և շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների կատարելագործում,
  • կանաչ գնումների ներդրումը։

 

 

  • Քննարկվել է

    28.02.2023 - 20.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3250

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արա Սաղումյան

01.03.2023

Գյուղատնտեսությունը, որպես տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղ, բացակայում է Հայեցակարգից: Ակնհայտ է, որ սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվում են, որպես կանոն, անհատական (ընտանեկան) տնտեսությունները, որը չի նպաստում ճյուղի զարգացմանը: Ամեն անգամ, երբ գալիս է բերքը մթերելու ժամանակը, կրկին ի հայտ են գալիս իրացման և դրանց գների որոշման խնդիրները: Իսկ մթերման գները որոշում են ոչ թե մթերք արտադրողները, այլ՝ գնորդ կազմակերպությունները, ինչը տարօրինակ է: Անհրաժեշտ է վարել ճկուն պետական քաղաքականություն ոլորտի նկատմամբ, որպեսզի այն սկսի զարգանալ: Կարևոր եմ համարում խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների և ֆերմերական ասոցիացիաների ստեղծմանը նպաստող հայեցակարգային քաղաքականությունը: Միավորվելով կոոպերատիվների մեջ՝ անհատ ֆերմերները կարող են պահպանել հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքները, իսկ կոոպերատիվները կարող են որոշակի ծառայություններ մատուցել նրանց, օրինակ, կոոպերատիվի սեփականությունը համարվող տեխնիկայով հերկել հողամասերը, իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ, հավաքել բերքը, իրացնել և այլն: Սակայն, ֆերմերները պարտադիր չէ, որ միանան կոոպերատիվներին, նրանք կարող են նաև ինքնուրույն գործել՝ ժամանակի ընթացքում կողմնորոշվելով, թե որ ձևն է իրենց համար շահավետ: Վերը նշվածը հնարավորություն կտա ստեղծել ժամանակակից, գիտահեն արտադրություն, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, տեղերում ստեղծել բերքի վերամշակման արտադրություններ, ստեղծել նոր աշխատատեղեր, էականորեն կրճատել միգրացիան, լուծել ժողովրդագրական տագնապահարույց խնդիրը, ապահովել սոցիալական բնույթի հարցեր և այլն: Այս առումով անհրաժեշտ է ուսումնասիրել Նիդեռլանդների փորձը և տեղայնացնել:

Տեսնել ավելին