ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____» 2023 թվականի N ____Ն
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
2023 թվականի ----------------———ի N –Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ
1․ Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման հետ կապված հարաբերությունները։
2․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարումը պարտադիր է հարկման ընդհանուր և հատուկ համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերի համար։
3․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը՝ անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով։
4․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառման գրանցումները կատարվում են հաշվարկային փաստաթղթերի և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործարքների և գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը։
5․ Սույն կարգի կիրառության իմաստով ակտիվներ և պարտավորություններ են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ակտիվները և պարտավորությունները։
6.Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարվում է անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման միջոցով։
Անալիտիկ (վերլուծական) հաշվառում է համարվում առանձին միավոր ակտիվի և առանձին միավոր պարտավորության սկզբնական (հաշվեկշռային արժեքի) հաշվարկման միջոցով հաշվառման վարումը` արտացոլելով դրա հաշվարկումն ու հետագա փոփոխությունները։
Սինթետիկ (ընդհանրացված) հաշվառում է համարվում անալիտիկ (վերլուծական) հաշվառման հիման վրա ակտիվների և պարտավորությունների խմբերի ընդհանրացված հաշվառումը՝ արտացոլելով հետագա փոփոխությունները։
7․ Ակտիվները և պարտավորությունները հաշվառվում են սկզբնական արժեքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վերագնահատման դեպքերի։
8․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը որպես անհատ ձեռնարկատիրոջ ակտիվներ և պարտավորություններ համարելու առումով հիմք է ընդունվում գործարքի կողմ որպես անհատ ձեռնարկատեր հանդես գալու հանգամանքը։