«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Նոտարիատի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 04.12.2001 թվականին և ուժի մեջ մտել 01.03.2002 թվականին: Տարիների ընթացքում որոշ դրույթներ թեև փոփոխվել և (կամ) լրացվել են, առկա են մի շարք դրույթներ, որոնք Օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր առհասարակ փոփոխության և (կամ) լրացման չեն ենթարկվել կամ ենթարկվել են ուժի մեջ մտնելուն հաջորդող երկրորդ տարում (2004 թվականին): Հարկ է նաև նշել, որ վերջին լայնածավալ փոփոխությունները և լրացումներն Օրենքում կատարվել են 2016 թվականին (19.10.2016թ. ՀՕ-180-Ն): Նման պայմաններում, օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, առկա են բազմաթիվ դրույթեր, որոնք ժամանակի հետ կորցրել են իրենց արդիականությունը և վերանայման կարիք ունեն կամ անորոշ ձևակերպման արդյունքում հստակեցման կարիք ունեն: Որոշ դրույթների ձևակերպումներ չեն համապատասխանում Քաղաքացիական օրենսգրքի (օրինակ՝ Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մաս, 62-րդ հոդվածի 1․1-րդ, 2-3-րդ մասեր) կարգավորումներին կամ դրույթների ձևակերպումներին, Քրեական դատավարության օրենսգրքի (Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի դրույթների ձևակերպումներին (Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերություն):
Հարկ է նաև առանձին ներկայացնել Օրենքի դրույթներում առկա և վերանայման կարիք ունեցող որոշակի խնդիրներ.
Վերանայման և խմբագրման կարիք ունեն նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների և նոտարի կողմից տրամադրվող այլ ծառայությունների շրջանակը (Օրենքի 36-րդ հոդված)։ Մասնավորապես, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը նախատեսված է որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայություն, մինչդեռ, դրանք իրենց բնույթով հանդիսանում են նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություններ։ Հարկ է նշել, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը իրավացիորեն որպես նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություն է նախատեսված օրինակ՝ «Պետական տուրքի մասին» օրենքով (11-րդ հոդվածի 21․2-րդ կետ): Միևնույն ժամանակ, որպես նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություն է սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին ներկայացնելը։ Մինչդեռ, նշվածը հանդիսանում է ոչ թե նոտարական գործողություն, այլ որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայություն, ընդ որում, նոտարի կողմից Օրենքով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրվող այլ ծառայությունների շրջանակի ուսումնասիրությունը վկայում է, որ նոտարն իրականացնում է նաև գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ, որն իր մեջ արդեն իսկ ներառում է քննարկվող դիմումների՝ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին ներկայացնելը։
Վերանայման կարիք ունի նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը: Մասնավորապես, գործող ընթացակարգով՝ որակավորման ստուգումը հաղթահարած բոլոր անձինք ստանում են որակավորման վկայական և ընդգրկվում որակավորման ստուգման դրական արդյունքներ ունեցող անձանց ցանկում, որից, ըստ թափուր տեղերի առկայության, ժամանակի ընթացքում կատարվում են նոտարի պաշտոնում նշանակումները: Ընդ որում, որակավորման ստուգման դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են հինգ տարի: Մինչդեռ, պրակտիկան ցույց է տալիս, որ նշված եղանակով թափուր պաշտոնի համալրումն այդքան էլ արդյունավետ չէ՝ հաշվի առնելով նաև այն, որ որակավորման ստուգման կարգի համաձայն՝ առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ կազմակերպվում են որակավորման ստուգումներ: Մասնավորապես, ցանկում ընդգրկված անձանց առաջարկվում է համալրել որոշակի նոտարական տարածքի նոտարի թափուր պաշտոնը, իսկ համաձայնության բացակայության դեպքում (օրինակ՝ համաձայն չէ կոնկրետ նոտարական տարածքում գործունեություն ծավալել) ստուգումը հաղթահարած և ցանկում ընդգրկված անձը շարունակում է մնալ ցանկում: Հարկ է նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Երևան նոտարական տարածքը համալրված է նոտարներով, հիմնականում խնդիր կա համալրել մարզերի նոտարական տարածքները, իսկ հեռավորության կամ օրինակ որոշակի պայմանների բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ցանկում ընդգրկված անձինք չեն համաձայնվում զբաղեցնել մարզային նոտարական տարածքի նոտարի թափուր պաշտոնը: Հետևաբար, անհրաժեշտ է վերանայել քննարկվող գործընթացը:
Անհրաժեշտություն կա վերանայել ուսումնասիրման ենթակա նոտարի իրավունքները՝ ընդլայնելով դրանք։
Անհրաժեշտություն կա վերանայել նաև նոտարի օգնականին, այլ աշխատողին, ստաժորին վերաբերող դրույթները՝ առավել հստակեցնելով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը։
Խմբագրման կարիք ունեն պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասների հատուցմանն առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, թեև Օրենքով սահմանված է, որ նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու համար նոտարների անդամավճարների առնվազն տասը տոկոսը բանկային հաշվում կապիտալացնելու միջոցով նոտարական պալատը ստեղծում է պահուստային ֆոնդ, բանկային տոկոսներն ուղղվում են պահուստային ֆոնդի համալրմանը, իսկ պահուստային ֆոնդի միջոցները բացառապես օգտագործվում են նոտարի պատճառած վնասի հատուցման նպատակով, այնուամենայնիվ, Օրենքի գործող կարգավորմամբ պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները դատական ակտի հիման վրա հատուցվում են, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը, և անհնարին է նոտարի անձնական գույքի հաշվին բավարարել վնասն ամբողջությամբ։ Փաստորեն ստացվում է, որ թեև առկա է նոտարների կողմից վճարվող անդամավճարների հաշվին ձևավորվող պահուստային ֆոնդ, վնասների չափը նոտարի ապահովագրական գումարի չափը գերազանցելու դեպքում վնասը նախ ենթակա է հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին և միայն դրա անբավարարության դեպքում է ենթակա հատուցման պահուստային ֆոնդի միջոցների հաշվին։ Նման պայմաններում, անհրաժեշտ է վերանայել հատուցման եղանակների հերթականությունը։
Վերանայման կարիք ունեն նաև նոտարի դեպոզիտ ընդունված դրամական գումարները կամ արժեթղթերը վերադարձնելուն առնչվող կարգավորումները՝ հաշվի առնելով այն, որ ըստ գործող կարգավորումների՝ դրանք դեպոզիտ հանձնած անձին կարող են վերադարձվել բացառապես այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով, մինչդեռ, պրակտիկայում հանդիպել են իրավիճակներ, երբ անհրաժեշտություն է առաջացել նոտարների դեպոզիտային հաշիվներին փոխանցված և տվյալ դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները վերադարձնել դրանք դեպոզիտ հանձնած անձին (օրինակ՝ Կառավարության 01.12.2022 թվականի թիվ 1860-Ն որոշման 3-րդ կետ), մինչդեռ, Օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով վերադարձը թույլատրվում է կա՛մ այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կա՛մ դատարանի վճռով: Իսկ նշված պայմաններից առաջինը որոշ դեպքերում հնարավոր չէ ապահովել (օրինակ՝ շահառուն առկա չէ), դատարանի վճիռ ստանալն էլ երկար գործընթաց է: Հետևաբար, անհրաժեշտ է վերանայել քննարկվող դրույթը և սահմանել այնպիսի կարգավորում, որ նմանատիպ իրավիճակներում հնարավորություն լինի փոխանցված գումարների վերադարձը նաև նորմատիվ իրավական ակտով հստակ նախատեսված լինելու դեպքում:
Վերանայման կարիք ունեն նոտարի կողմից նոտարական գործողության կողմի դիմումի հիման վրա նոտարական ակտերից փաստաթղթերի տրամադրմանն առնչվող կարգավորումները, քանի որ դրանք նախատեսում են միայն փաստաթղթի կրկնօրինակ կամ քաղվածք տալը՝ չնախատեսելով պատճենի տրամադրում։
Հստակեցման կարիք ունեն նաև թարգմանության իսկության և թարգմանչի ստորագրության իսկության վավերացմանն առնչվող դրույթները՝ հաշվի առնելով այն, որ Օրենքի 68-րդ հոդվածի բովանդակությունից միանշանակ պարզ չի դառնում դրանց տարբերությունը:
Վերանայման կարիք ունեն նաև նոտարի կողմից փաստաթղթերն ի պահ ընդունելուն և դրանք վերադարձելուն առնչվող կարգավորումները, քանի որ դրանք Օրենքի ուժի մեջ մտնելուց (2002 թվական) ի վեր չեն վերանայվել (օրինակ՝ նախատեսված է փաստաթղթերը ցուցակով, ինչպես նաև առանց ցուցակի առկայության նոտարի կողմից ընդունելը, անդորրագիր տալը, որոնք ներկայումս արդիական չեն) և խմբագրման, հստակեցման կարիք ունեն:
Հաշվի առնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը (որոնց հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դատարանի կողմից) և դրանք համեմատելով Օրենքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակի հետ, որոնք հաստատելու իրավասություն ունի նոտարը, պարզ է դառնում, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակն ավելի լայն է, ներառում է իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք հաստատել նոտարին վերապահված չէ (օրինակ՝ անձի՝ որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը, դժբախտ պատահարը, անհաղթահարելի ուժի ուժի առկայությունը): Մինչդեռ, թվարկված և Օրենքում չներառված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հնարավորությունը նաև նոտարին վերապահելու արդյունքում կարող է ինչ որ առումով թեթևանալ դատարանների ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով այն, որ նոտարին նման հնարավորություն վերապահվելու դեպքում թվարկված իրավաբական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հարցով քաղաքացիները հնարավորություն կունենան դիմելու նաև նոտարին՝ չծանրաբեռնելով դատարաններին:
Նշվածից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը:
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հիմք ընդունելով սույն հիմնավորման 1-ին կետի շրջանակներում ներկայացված՝ Օրենքում առկա խնդիրները, Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները շտկելու, ժամանակի հետ արդիականությունը կորցրած դրույթերը վերանայելու, անորոշ ձևակերպումները հստակեցնելու, Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի դրույթների ձևակերպումներին չհամապատասխանող Օրենքի դրույթների համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով մշակվել է քննարկվող նախագիծը:
Նախագծով սահմանվել է էլեկտրոնային նոտարի համակարգի հասկացությունը՝ հստակեցնելով դրա էությունը և գործառույթը։
Նախագծով ընդլայնվել է նաև նոտարի պատասխանատվության ռիսկի ապահովագրությունը՝ նոտարին, բացի պարտադիր ապահովագրությունից, հնարավորություն տալով ըստ անհրաժեշտության ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նաև առանձին գործարք(ներ)ի մասով։
Նախագծով առաջարկվող կարգավորումներով վերանայվել է նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների և նոտարի կողմից տրամադրվող այլ ծառայությունների շրջանակը (Օրենքի 36-րդ հոդված)։ Մասնավորապես, առաջարկվող կարգավորումների համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայության փոխարեն սահմանվել է որպես նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություն։ Միևնույն ժամանակ, առաջարկվող կարգավորմամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին ներկայացնելը հանվել է նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների ցանկից, քանի որ այդպիսին չի հանդիսանում, իսկ նշված գործառույթն արդեն իսկ գործող Օրենքով փաստացի նախատեսված է որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայություն (գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթների իրականացում)։
Նախագծով առաջարկվում է վերանայել նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը՝ սահմանելով, որ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր մնացած, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար: Այդպիսով ընթացակարգն առավել որոշակի է դառնում նաև ստուգմանը մասնակցելու նպատակ և ցանկություն ունեցող նոտարի թեկնածուի համար, քանի որ համապատասխան հայտարարության առկայության պայմաններում վերջինս արդեն իսկ իրազեկվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր տեղի համալրման նպատակով անցկացվող ստուգման մասին և գնահատում նշված ստուգմանը մասնակցելու նպատակահարմարությունը տարբեր գործոնների հաշվառմամբ՝ այդ թվում հաշվի առնելով այն, որ ստուգումը հաղթահարելու դեպքում վերջինս նշանակվելու է որպես տվյալ նոտարական տարածքի նոտար։
Նախագծով առաջարկվող կարգավորումներով հստակեցվել են թարգմանության իսկության և թարգմանչի ստորագրության իսկության վավերացմանն առնչվող դրույթները՝ սահմանելով, թե ինչ է ենթադրում թարգմանության իսկության վավերացումը և թարգմանչի ստորագրության իսկության վավերացումը՝ այդպիսով վեր հանելով նաև դրանց տարբերությունը:
Նախագծով առաջարկվում է նոտարական գործողության կողմի դիմումի հիման վրա նոտարի կողմից նոտարական ակտերից փաստաթղթի կրկնօրինակ կամ քաղվածք տալուց զատ սահմանել նաև՝ պատճենի տրամադրում։
Նախագծով վերանայվել են նաև նոտարի կողմից փաստաթղթերն ի պահ ընդունելուն և դրանք վերադարձելուն առնչվող կարգավորումները՝ նախատեսելով, որ դրանք ընդունվում են հանձնման-ընդունման արձանագրությամբ, իսկ դրանց՝ նոտարի կողմից վերադարձման հիմք է հանդիսանում փաստաթղթերը հանձնած անձի կողմից իր մոտ պահպանված արձանագրության օրինակի ներկայացումը նոտարին: Որպես վերադարձման եղանակ նախատեսվել է փաստաթղթերը հանձնած անձի կողմից դրանք ետ ստանալու համար ներկայանալը (նոտարի կողմից դրանք հանձնած անձի հասցեով ուղարկելու փոխարեն):
Նախագծով խմբագրվել են պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասների հատուցմանն առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, առաջարկվել է նախատեսել, որ նոտարի պատճառած վնասների չափը նոտարի ապահովագրական գումարի չափը գերազանցելու դեպքում վնասները հատուցվում են պահուստային ֆոնդի միջոցների հաշվին (դատական ակտի հիման վրա), իսկ այդ միջոցների՝ բավարար չլինելու դեպքում միայն նոտարի պատճառած վնասները ենթակա են հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին։
Նախագծով առաջարկվում է վերանայել նաև նոտարի դեպոզիտ ընդունված դրամական գումարները կամ արժեթղթերը վերադարձնելուն առնչվող կարգավորումները՝ սահմանելով, որ դրամական գումարները կամ արժեթղթերը դրանք դեպոզիտ հանձնած անձին նոտարի կողմից վերադարձնելու հիմք բացի այն անձի համաձայնությունից, հօգուտ որի կատարվել է վճարը և դատարանի վճռից, հանդիսանում է նաև վերադարձի վերաբերյալ նորմատիվ իրավական ակտի պահանջը:
Նախագծով վերանայվել են ուսումնասիրման ենթակա նոտարի իրավունքները՝ որպես նոտարի իրավունք նախատեսելով նաև ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրության գործընթացին մասնակցելը՝ հնարավորություն տալով հայտնաբերված խախտումների դեպքում ներկայացնել բացատրություններ, անել առարկություններ։ Նաև վերանայվել են նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում վարույթի հարուցման իրազեկմանն առնչվող դրույթները՝ նախատեսելով արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթի մասին նաև Նոտարական պալատին՝ որպես կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մյուս մարմնի (էթիկայի կանոններն ակնհայտ խախտելու հիմքով), իրազեկելու հնարավորություն։
Նախագծով սահմանվել են նաև նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշմանը (հրամանին) ներկայացվող պահանջները, նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների օրինակելի ձևերը սահմանվելու են արդարադատության նախարարի հրամանով՝ այդպիսով ապահովելով քննարկվող որոշումների ձևի միատեսակությունը և պատճառաբանվածության, հիմնավորվածության պայմանի պահպանումը: Նախագծով առաջարկվում է նոտարի կողմից մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում նշված հիմքով նոտարին պաշտոնից ազատել ոչ թե դատարանի, այլ արդարադատության նախարարի կողմից՝ հաշվի առնելով այն, որ նոտարին պաշտոնից ազատելու՝ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը վրա է հասնում հենց արդարադատության նախարարի կողմից մեկ տարվա ընթացքում կիրառված տույժերի արդյունքում, հետևաբար, առավել արդարացված է նշված լիազորությունը վերապահել արդարադատության նախարարին՝ այդպիսով անհարկի չծանրաբեռնելով նաև դատարանին:
Նախագծով վերանայվել են նոտարի օգնականին, այլ աշխատողին, ստաժորին վերաբերող դրույթները՝ առավել հստակեցնելով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը։
Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել նոտարի կողմից հաստատման ենթակա իրավաբական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը՝ հաշվի առնելով այն, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակն ավելի լայն է, ներառում է իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք հաստատել նոտարին վերապահված չէ (օրինակ՝ անձի՝ որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը, դժբախտ պատահարը, անհաղթահարելի ուժի ուժի առկայությունը): Մասնավորապես, առաջարկվում է թվարկված և Օրենքում չներառված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հնարավորություն վերապահել նաև նոտարին: Բացի այդ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար դիմած անձի գրավոր միջնորդության հիման վրա նոտարի կողմից վկայից ցուցմունք է վերցնելու դեպքում բացի ցուցմունքի ձայնագրման վերաբերյալ կարգավորումից, նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ ցուցմունքն արձանագրում է նոտարը, ստորագրվում է վկայի կողմից, և արձանագրությունը կցվում է նոտարական գործին՝ գործընթացի մեջ հստակություն մտցնելու և ստորագրության միջոցով հավաստելու ցուցմունքի բովանդակությունը:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլևս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձևակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը մասամբ բխում է Կառավարության 21.07.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշումից, որի հավելված 2-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով մատնանշված բարեփոխումների ռազմավարական 12 նպատակներից Նպատակ 12-ով (Ռազմավարական այլ ուղղություններ) նախատեսված է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի (որը ենթադրում է նաև նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներին ներկայացվող պահանջների, կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների օրինակելի ձևանմուշների սահմանում), նոտարների պատասխանատվության ապահովագրության համակարգի վերանայում։
-
Քննարկվել է
10.02.2023 - 25.02.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Նոտարական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3580
Տպել