Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-392-Ն օրենքի ընդունմամբ։

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-392-Ն օրենքով ըստ էության նոր պայմաններ սահմանվեցին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակներում։

Մասնավորապես, սահմանվեցին, որ՝

  1. խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ծնողը, եթե երեխան ևս հաշվառված է բնակության վայրի հասցեով և գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
  2. նոր պայմաններին համապատասխան՝ խնամքի նպաստ նշանակելու և վճարելու առանձնահատկություններ (հիմնականում համապատասխանում են գործող կարգավորումներին),
  3. խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող (այդ թվում՝ չաշխատող) ծնողի համար խնամքի նպաստի չափերը տարբերակվեցին (չափը որոշելու լիազորությունը տրված է Կառավարությանը),
  4. ծնողի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված նպաստի չափերի փոփոխությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմում ներկայացնելու։

Բացի վերը նշված օրենսդրական փոփոխությունից բացի 2022 թվականի դեկտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված՝ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթները ուժը կորցրած են ճանաչվել։

Ըստ այդմ, վերը նշված օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև խնդրո առարկա որոշման մեջ։

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝

  1. Կառավարության որոշումից հանել խնամքի նպաստի իրավունքին առնչվող այն դրույթները, որոնք ամբողջությամբ կրկնում են Օրենքի կարգավորումները։
  2. Ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները։
  3. Տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թվականը ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ)։
  4. Սահմանել, որ դիմելու օրվան նախորդող՝ խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցած ժամանակահատվածի համար նպաստ նշանակվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա, կամ ծնողի ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա (եթե ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն)։
  5. Սահմանել, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Ընդ որում, եթե նպաստի չափի փոփոխության արդյունքում առկա է պակաս վճարված գումար, ապա այն վճարվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներով, իսկ ավել վճարվածի դեպքում գործելու են Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։
  6. Սահմանել, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք։
  7. Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա հնարավորություն է տրվել փոխել նաև վճարող կազմակերպությունը։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Օրենքի կարգավորումներին։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 19.1-ին կետից:

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետից։

Արդյունքում, 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ անկախ բնակության վայրի հասցեից։ Այսինքն, ի տարբերություն գործող կարգավորումների, խնամքի նպաստ տրամադրվում է  նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերի:

 

  • Քննարկվել է

    16.01.2023 - 01.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2960

Տպել