Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:

2. Առկա իրավիճակը և խնդիրները.

 «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն`  դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք:  

Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում:

Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ դատական կարգադրիչներին զինվորական կենսաթոշակի իրավունք վերապահելը նպատակահարմար չէ հետևյալ հիմանվորմամբ։

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն`  դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում համապատասխան մարմիններում, ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին (այսուհետ՝ զինծառայող) որը`

1) զինվորական ծառայությունից (այսուհետ նաև` զինծառայություն) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ.

2) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.

3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

Ընդ որում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածով սահմանված են  զինծառայողներին հավասարեցված անձինք, ի թիվս որոնց նախատեսված են քրեակատարողական ծառայողները և հարկադիր կատարողները, սակայն նախատեսված չեն դատական կարգադրիչները:

Այսինքն, եթե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի կարգավորումներով քրեակատարողական ծառայողները և հարկադիր կատարողները դիտարվում են որպես զինծառայողներին հավասարեցված անձինք, ապա դատական կարգադրիչների վրա չի տարածվում զինծառայողների համար սահմանված որևէ սոցիալական երաշխիք և այս տրամաբանությամբ միայն կենսաթոշակի իրավունքը  իրացնելիս զինծառայողների համար սահմանված երաշխիքները դատական կարգադրիչների համար նախատեսելը չի բխում կենսաթոշակային օրենսդրության գաղափարաբանությունից։

3. Առաջարկվող լուծումները

 Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին»  օրենքում՝ ուժը կորցրած ճանաչել 75-րդ հոդվածը ուժը, որով նախատեսվում է կենսաթոշակային ապահովությունը իրականացնել հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

 Նախագիծն ընդունվելու դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:

6. Տեղեկանք 

««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  

  • Քննարկվել է

    10.01.2023 - 26.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3177

Տպել