-
2 - Կողմ
-
7 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ, ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԱԾ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ 120 ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՔԱՆԱԿ ԴԱՍԵՐ ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑ ԹՈՂԱԾ, ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ, ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ, (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱՄ ԱՅԼ ԹՄՐԵՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՈՉ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՆՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ (ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ) ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով:
«Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Ոստիկանությունը հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է իրականացնել պետական և հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ: Սակայն որևէ հոդվածում ամրագրված չէր անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ:
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում է կատարվել 05.10.2022 թվականին ընդունված ՀՕ-365-Ն օրենքով լիազորող նորմ է նախատեսվել՝ անչափահասների հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ:
Հարկ է նշել, որ ներկայումս ոստիկանության մասնագիտացված՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներն իրավախախտ կամ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացնում են ՀՀ ՆԳՆ 08.08.1996թ. թիվ 633 հրամանով, որը ուժը կորցրած է ճանաչվելու Ոստիկանության պետի հրամանով՝ Կառավարության որոշումն ընդունվելուց հետո:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից:
Մասնավորապես, նշված կարգով կարգավորվելու է անչափահասների հանցավորության կանխարգելման ոլորտում աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, անչափահասներին, վերջիններիս վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու, համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կարգը, ուսումնական հաստատություններում ոստիկանության գործառույթները:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ինչպես հաշվառման մեջ գտնվող անչափահասների, այնպես էլ՝ անբարենպաստ և անհաշտ ընտանիքներում բնակվող անչափահասների ծնողների և այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքները, կիրականացվի համագործակցություն ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ուսումնական հաստատությունների հետ:
ՀՀ ոստիկանություն
-
Քննարկվել է
20.12.2022 - 04.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անչափահասների արդարադատություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4182
Տպել