Հիշել նախագիծը

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղական տուրքերի և վճարների հասկացությունները, տեղական տուրքեր և վճարներ վճարողների իրավունքները և պարտականությունները, տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը կամ փոխհատուցման վճարները, գանձման, արտոնությունների կիրառման, ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն` (...)

2) պահանջելու տեղական տուրք և (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանցից` կատարել տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ. (...)

5) դիմելու համայնքի ղեկավարին` սույն օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը ստանալու համար:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

«1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

  1. Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե`

1) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.

2) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից.

3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):

  1. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողի գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել գումարի չափի հիմնավորման անհրաժեշտ և բավարար հիմքերի բացակայության դեպքում:»:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 1-ին, 2-րդ և 17-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ նույն օրենքով կարգավորվում են միայն ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները, ընդ որում, ինչպես օրենքի 17-րդ հոդվածից պարզ է դառնում՝ տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե` տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը, տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է նույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 2-րդ հոդվածից պարզ է դառնում, որ տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև առանձին օրենքներով, մասնավորապես տվյալ պարագայում՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը և պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը, վարչական վարույթի առանձնահատկությունները:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճար վճարողներն իրավունք ունեն` (...)

2) պահանջելու ավտոկայանատեղի վճար գանձող մարմնից կատարելու վճարի վերահաշվարկ. (...)

5) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա ավտոկայանատեղի վճարի գումարը:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը հանձնելուն հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում ամրագրված կարգավորումներից պարզ է դառնում, որ ավտոկայանատեղի վճար վճարողներն իրավունք ունեն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա ավտոկայանատեղի վճարի գումարը, իսկ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն` (...) դիմելու համայնքի ղեկավարին` նույն օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը (ավել վճարված գումարը) ստանալու համար:

Ինչպես վերոգրյալից պարզ է դառնում՝ ոչ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում, և ոչ էլ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում նախատեսված չեն «սխալ» վճարված գումարները վերադարձնելու վերաբերյալ կարգավորումներ:

Տվյալ պարագայում խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է օրինակ՝ ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչև գումարի վերադարձման վերաբերյալ դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշների ցանկում) կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ, հարկ է նկատի ունենալ նաև, որ առկա խնդիրը միայն հիշատակված դեպքով չի սահմանափակվում և գործնականում կարող են հանդիպել նաև այլ՝ բազմաբնույթ դեպքեր:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նշված խնդիրները կարգավորելու համար, անհրաժեշտություն է առաջացել  կատարելու օրենսդրական փոփոխություններ:

Մասնավորապես, տվյալ պարագայում առաջարկվում է՝

  1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ արդյունքում նախատեսելով, որ նույն օրենքով կարգավորվում են վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները: Սույն փոփոխությանը համապատասխան նախատեսվում է փոփոխություն կատարել նաև օրենքի 17-րդ հոդվածի վերնագրում և դրույթներում: Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով կարող են սահմանվել նաև տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները վերադարձնելու այլ հիմքեր: Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով տեղական տուրքերի և վճարների վճարված գումարի վերադարձման այլ հիմքեր նախատեսված լինելու դեպքում գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել նաև տվյալ օրենքներով նախատեսված դեպքերում:
  2. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ նախատեսելով, որ ավտոկայանատեղի վճարի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը հանձնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում: Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման նաև այն դեպքերում, երբ նույն օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչև գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշերի ցանկում) կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ: Նույն մասում նախատեսված դեպքերում տեղական վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև, որ ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):»

Այս առումով հարկ է նշել, որ ոչ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում, և ոչ էլ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում նախատեսված չեն ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը վերադարձնելու և (կամ) հաշվանցելու վերաբերյալ կարգավորումներ, կառուցակարգեր: Հիշյալ օրենքներով որպես վճար վճարողների իրավունք նախատեսված է հետևյալը՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն`  պահանջելու տեղական տուրք և (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանցից` կատարել տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ, ինչը սակայն հիշյալ դեպքերի համար կիրառելի չէ, ավելին՝ այն նախատեսում է վերահաշվարկման մեխանիզմ, սակայն վերջինիս բովանդակությունը օրենքով բացահայտված չէ: Ուստի, գործնականում առաջացող տարըմբռնումներից խուսափելու նպատակով Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):»

3․Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.          

Նախագծերը մշակվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

           4․Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

           Նախագծերի ընդունման նպատակն է նպաստել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի արդյունավետ կիրառմանը, նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան վերադարձնելու ոչ միայն ավել վճարված, այլ՝ տարբեր դեպքերում նաև «սխալ» վճարված գումարները:

Նախագծի նպատակն է հստակեցնել նաև, որ ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):

Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի, կկատարելագործվի օրենսդրական դաշտը:

 

5․Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծերն առնչվում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի հետ:

 

  • Քննարկվել է

    19.12.2022 - 04.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2989

Տպել