ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» oրենքների նախագծերը (այսուհետև՝ Նախագծեր) մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2-րդ կետի 2.5-րդ ենթակետի, որի համաձայն՝ սահմանված ժամկետում Վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Աշխատողների իրավունքների երաշխավորված պաշտպանության լավագույն երաշխիքներից է գործուն արհեստակցական միության առկայությունը։ Սակայն հարկ է նկատել, որ գործող ոչ բոլոր արհմիություններն են արդյունավետ կերպով իրականացնում օրենքով սահմանված իրենց գործառույթը։
Միաժամանակ առկա է նաև արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն։
Մասնավորապես, Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման փորձագետների ԱՄԿ կոմիտեի կողմից 2011 թվականին ներկայացված, ինչպես նաև 2013 թվականին ընդունված և 2014թ. ԱՄԿ 103-րդ նստաշրջանի ժամանակ հրատարակված ուղիղ հարցումների համաձայն՝ առկա է անհամապատասխանություն «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» ԱՄԿ N 87 կոնվենցիայի 2-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի միջև: Հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ առանց տարբերության բոլոր աշխատողները պետք է իրենց ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու և անդամակցելու իրավունք ունենան, վկայակոչված ուղիղ հարցմամբ Կոմիտեն առաջարկել է ՀՀ կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` փոփոխելու ՀՀ օրենսդրությունն այնպես, որպեսզի դատավորները և սահմանադրական դատարանի անդամները, և´ առանց աշխատանքային պայմանագրի աշխատողները (ոչ ֆորմալ աշխատողները), իրավունք ունենան ստեղծելու արհեստակցական կազմակերպություններ և անդամակցեն վերջիններիս:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը
Նախագծերի ընդունման նպատակն արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացումն է, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերի ապահովումն է՝ համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է ընդլայնել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության գործիքակազմը և վերանայել արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով՝ վերանայել գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթում, որպես հանրային պահանջարկ նշված է, Արժանապատիվ Հայաստանը, որտեղ ստեղծված են արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները՝ առողջության, կրթության, աշխատանքի և հանգստի համար, ինչպես և ընտանիքում ապրում են արժանապատիվ և միմյանց նկատմամբ հոգատար կյանքով։
Նախագծերով ներկայացվող փոփոխությունները միտված են վերոնշյալ փաստաթղթերում վկայակոչված նպատակների իրացմանը։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել արհեստակցական միությունների գործիքակազմը, ապահովել գործուն արհեստակցական միությունների առկայություն, որոնք արդյունավետորեն կհամագործակցեն նաև գործատուների հետ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։
Միաժամանակ, առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։