Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշմամբ (այսուհետև՝ Որոշում) սահմանվում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների (այսուհետև՝ Օպերատորներ) ցանկը և այդ գործառույթների իրականացման հետ կապված գործընթացները։
ՀՀ կառավարության 2019թ.-ի ապրիլի 11-ի N 400-Ն որոշմամբ Օպերատորների ցանկում ընդգրկվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ) ունեցող 40 համայքներ: Այս նախաձեռնության նպատակը Որոշմամբ սահմանված ծառայությունները նաև մարզային համայնքների բնակչությանը ավելի մատչելի և հասանելի դարձնելն էր։
Նշենք, որ ՔՍԳ-ները տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում գործող գրասենյակներ են, որտեղ ծառայությունների տրամադրումը համայնքապետարանի աշխատակազմի կողմից կատարվում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։ Ներկա դրությամբ նման գրասենյակներ ունեն միավորված համայնքներից 56-ը, իսկ ՔՍԳ-ների ընդհանուր թիվը հանրապետությունում 75 է։ Այսինքն՝ կան միավորված բազմաբնակավայր համայնքներ, որոնք ՔՍԳ-ներ ունեն մի իրենց մի քանի բնակավայրերում։
Ի կատարումն Որոշման պահանջների՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շահագրգիռ մարմինների և ՏԻՄ-երի համագործակցված աշխատանքի արդյունքում վերը նշված 40 համայնքներից 18-ում ձևավորվեցին համապատասխան կարողություններ՝ Որոշմամբ սահմանված ծառայությունների պատշաճ մատուցման համար, և ևս 6 համայնքներ գրեթե պատրաստ էին ծառայություններ տրամադրելու։
Մասնավորապես, կնքվեցին Որոշմամբ պահանջվող պայմանագրերը, ապահովվեց այդ համայնքներից ներկայացված 2-ական աշխատակիցների վերապատրաստումը, համայնքապետարանների տեխնիկական հագեցվածության համալրման նպատակով միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ձեռքբերվեցին և համայնքապետարաններին տրամադրվեցին անվտանգ ցանցային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ և այլն։
Սակայն, գործընթացը լրջորեն խաթարվեց 2020 թվականի մարտ ամսից՝ կորոնավիրուսային համավարակով թելադրված սահմանափակումների, այնուհետև՝ 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած իրավիճակի, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին տեղի ունեցած վարչատարածքային բարեփոխումների և դրանցով պայմանավորված ՏԻՄ ընտրությունների պատճառով։ Թվարկված հանգամանքներն, ըստ էության, խաթարեցին ՏԻՄ-երի և պետական մարմինների բնականոն գործունեությունը, և հետևաբար օբյեկտիվորեն անհնար էր ապահովել Որոշման պահանջների կատարումը։
Սակայն, ողջ վերոնշյալով հանդերձ, Որոշմամբ սահմանված ծառայությունների տրամադրման վերաբերյալ ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից կատարված մշտադիտարկումները, ինչպես նաև պետական մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը ցույց են տալիս, որ այն համայնքներում, որոնցում ՏԻՄ-ը բավարար չափով բնակչությանն իրազեկել է պետական ծառայություններ ստանալու հնարավորության մասին և պատշաճ հեևողականություն է ցուցաբերել ընթացիկ դժվարությունների հաղթահարման ուղղությամբ, գրանցել են բավականին լավ արդյունքներ։ Այսպես, օրինակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքն 2021թ.-ի հունվարից մինչև 2022թ.-ի հոկտեմբերն ընկած ժամանակաընթացքում պետական ռեգիստրի գործակալության ծառայություններ է տրամադրել 98 դեպքով, նույն ժամանակահատվածում Կադաստրի գործառույթների մասով Արենի, Ջերմուկ և Վայք համայնքները ծառայություններ են տրամադրել, համապատասխանաբար, 152, 72 և 75 դեպքով։ Այս տարվա նույն ժամանակահատվածում վերոնշյալ համայնքները կադաստրի կոմիտեի ծառայություններ են տրամադրել, համապատասխանաբար՝ 379, 33 և 212 դեպքով, կամ, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքը այս տարվա սկզբից մինչև հոկտեմբեր կադաստրի կոմիտեի ծառայություններ է տրամադրել 259 դեպքով։
Այսպիսով, սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է, նախ, նախորդ երկու տարիներին կատարված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում հանրապետությունում գործող համայնքների թվաքանակի և դրանց անվանումների փոփոխություններով։ «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների լրամշակման արդյունքում՝ 2021 թվականի ընթացքում՝ նախկին 441 համայնքների միավորման և բաժանման արդյունքում ձևավորվեցին 38 միավորված համայնքներ, իսկ 2022թ.–ին՝ ձևավորվեցին 5 միավորված համայնքներ՝ նախկինում արդեն միավորված 13 համայնքների միավորման արդյունքում։ Ըստ այդմ՝ առկա է անհրաժեշտություն՝ հստակեցնելու Որոշմամբ հաստատված Հավելվածում ներառված համայնքների ցանկը։
Եվ երկրորդ, ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների մատուցման մասին վերը բերված վիճակագրական տվյալները, ինչպես նաև Որոշման հիմքում դրված բուն գաղափարը, այն է՝ պետական ծառայությունների հասանելիության ընդլայնման միջոցով դրանք՝ բնակչությանն հնարավորինս մոտեցնելը, հիմք են տալիս եզրակացնելու, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։ Հարկ է նշել նաև, որ այս գործընթացի հաջող ընթացքը լավ փորձ կարող է հանդիսանալ նաև լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումների համար, որոնց վերաբերյալ հայեցակարգը մշակման փուլում է։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ևկարգավորման առարկան.
Նախագծի ընդունման արդյունքում, նախ, կհստակեցվեն այն համայնքների ցանկը, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում։
Բացի այդ, առաջարկվում է ավելացնել նաև Օպերատորների ցանկում ներառված համայնքների թիվը։ Նախագծի ընդունման պարագայում՝ նախկին 40-ի փոխարեն, Որոշման իմաստով Օպերատորներ կհանդիսանան բոլոր 56 համայնքները՝ իրենց՝ ընդհանուր թվով 75 ՔՍԳ-ներով։
Օպերատորների ցանկում նոր համայնքների ավելացմամբ կընդլայնվի ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը, և հետևաբար՝ առավել մեծ թվով քաղաքացիներ հնարավորություն կունենան համեմատաբար քիչ ֆինանսներ և ժամանակ ծախսելով իրենց իսկ բնակավայրում ստանալ Որոշմամբ սահմանված ծառայությունները՝ առանց համապատասխան պետական մարմիններ կամ դրանց սպասարկման գրասենյակներ այցելելու։ Այսինքն՝ եթե նույնիսկ բնակավայրի տարածքում ՔՍԳ չի գործում, ապա բնակիչը կարող է ներկայացնել իրեն անհրաժեշտ ծառայության համար պահանջվող փաստաթղթերը իր բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ, որտեղից դրանք կփոխանցվեն համայնքի տարածքում գործող ՔՍԳ-ին։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվում է միասնական քաղաքականություն հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման և դրանց հասանելիության ընդլայնման ուղղությամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 7-րդ կետով նախատեսված «Միավորված բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիներին տրամադրվող վարչական ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում» նպատակի 7.3 միջոցառման պահանջներից:
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունումն իրավական այլ ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
25.11.2022 - 10.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2953
Տպել