ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից է: Այն միասնական, համակարգված և համապարփակ ակտ է, որը կարգավորում է ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլև կարգավորում էր վարչադատավարական հարաբերությունները։ Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ գործողության ընթացքում ի ցույց դրեց որոշակի անհստակություններ, կարգավորման բացեր, ինչպես նաև անհամապատասխանություն հասարակական հարաբերությունների զարգացման արդի միտումներին, մասնավորապես`
- Oրենսգրքում առկա են ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չստացան արդյունավետ կիրառում (արագացված դատաքննություն և այլն).
- Օրենսգրքում առկա են թերի կարգավորմամբ ինստիտուտներ (ենթակայություն, ընդդատություն, ապացուցում, հատուկ վարույթներ, դատավարական ժամկետներ, դատական ծախսեր և այլ հարցեր): Ընդ որում, Օրենսգրքի գործողության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ լրացվեցին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով.
- Օրենսգրքում բացակայում են կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարաբերությունների կանոնակարգման նորմեր (գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ կարգավորումներ).
- Օրենսգիրքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 2015 թվականի փոփոխություններին (ապացույցների անթույլատրելիության, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի, Վճռաբեկ դատարանի գործառույթների հետ կապված սահմանադրական կարգավորումներին).
- «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և դրա կիրառման արդյունքում ձևավորված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որշումներով արտահայված դիրքորոշումներից բխող օրենսդրական կարգավորումները տեղ չեն գտել Օրենսգրքում.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով սկզբունքային իրավական դիրքորոշումներ է արտահայտել քաղաքացիական դատավարության տարբեր ինստիտուտների էության և կիրառման վերաբերյալ, որոնք ենթադրում են նոր հայեցակարգային մոտեցումներ:
- Օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ:
Ամբողջ վերոշարադրյալը վկայում է նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) և կից օրենքների նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը՝
- քաղաքացիական դատավարության սկզբունքները.
- հստակեցվել են Օրենսգրքում առկա սկզբունքները և դրանց իրացման պայմանները,
- ամրագրում է ստացել տնօրինչականության սկզբունքը և բացահայտվել է դրա բովանդակությունը,
- բացահայտվել է մրցակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների բովանդակությունը, այդ սկզբունքների պատշաճ իրացումը քաղաքացիական դատավարությունում ապահովելու համար դատարանին վերապահվել է գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց նրանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելու, դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին նախազգուշացնելու, նրանց իրենց իրավունքների իրացման հարցում աջակցելու, գործի փաստական հանգամանքների պարզման, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և օրենսդրության ճիշտ կիրառման համար պայմաններ ստեղծելու իրավազորություն,
- որպես քաղաքացիական դատավարության կարևորագույն սկզբունք նախատեսվել է դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը,
- դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը Սահմանադրության կարգավորումներին համապատասխան ստացել է նոր բովանդակություն, ընդ որում՝ գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում.
- գործերի ենթակայությունը և ընդդատությունը.
- առանձնացվել են «ենթակայություն» և «ընդդատություն» հասկացությունները.
- քաղաքացիական գործերի ենթակայությունը որոշելու համար հստակ սահմանվել է, թե որոնք են հանդիսանում քաղաքացիաիրավական վեճերով գործերը,
- հստակ թվարկվել են քաղաքացիական գործերի ընդդատության տեսակները,
- նախատեսվել է ընդդատության մասին վեճերի քննության կարգ.
- քաղաքացիական դատավարության մասնակիցները.
- սահմանվել է դատավարության մասնակիցների կազմը, նրանց իրավունքներն ու պարտականությունները,
- դատավարության մասնակիցների թվում նախատեսվել է նոր սուբյեկտ՝ մասնագետը՝ տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող անձը, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար.
- դատական ներկայացուցչությունը.
- հստակ առանձնացվել են ներկայացուցչության տեսակները,
- սպառիչ թվարկվել են ներկայացուցիչների լիազորությունները և ներկայացուցչի միջոցով գործը վարելու կարգը,
- սահմանվել է դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձանց շրջանակը.
- որպես ապացույցի նոր տեսակ նախատեսվում է գործին մասնակցող անձի` որպեu վկայի ցուցմունքը, ընդ որում վերջինս հարցաքննվում է վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով,
- կատարելագործվել են ապացուցման պարտականության կարգավորումները (օրինակ՝ ժխտող անձի վրա չի կարող դրվել հակառակն ապացուցելու պարտականությունը), ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, ապացույցների գնահատման կանոնները և ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը,
- նախատեսվել է գործին մասնակցող անձի կողմից փորձագետի եզրակացություն ներկայացնելու հնարավորություն, որն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքում ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է այն` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատաuխանատվության մաuին.
- դատական ծանուցումները, դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը.
- սահմանվել են այն դեպքերը, երբ անձը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում է պատշաճ ծանուցված՝ առանց ծանուցագիրը փաստացի ստանալու,
- հստակեցվել են ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու հետևանքները. ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավաuարեցվում է այն հանձնված լինելուն,
- նախատեսվել է դատական ծանուցագրերը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկելու կարգ,
- ամրագրվել է դատական ծանուցման մեխանիզմ այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակիցը գտնվում է կալանավայրում, ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում,
- նախատեսվել է, որ դատավարության մասնակիցները Օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, միջնորդություն և այլն) կարող են ներկայացնել դատարան նաև էլեկտրոնային եղանակով.
- առաջին ատյանի դատարանում գործերի քննության ընդհանուր կարգը.
- բարձրացվել է նախնական դատական նիստի նշանակությունը և հստակ սահմանվել են նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվող գործողությունները և դրանց կատարման հաջորդականությունը.
- նախատեսվել է ապացուցման պարտականության բաշխելու մասին որոշման ընդունում.
- սահմանվել են դատական նիստի ընդհանուր կանոնները, որոնք կիրառելի կլինեն դատական վարույթի բոլոր փուլերի համար.
- կատարելագործվել են դատական ակտերի կառուցվածքներին ներկայացվող պահանջները.
- հստակ թվարկվել են դատարանի կողմից կայացվող դատական ակտերի տեսակները.
- հստակ տարանջատվել և մանրամասն կարգավորվել են հայցային, հատուկ հայցային, հատուկ վարույթները և պարզեցված ընթացակարգերը.
- հատուկ հայցային վարույթները.
- հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերի շարքին են դասվել ընտանեկան գործերը, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը, առանձին աշխատանքային վեճերով գործերը, կորպորատիվ վեճերով գործերը, խմբային հայցի հիման վրա քննվող գործերը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը.
- որպես նոր հատուկ վարույթներ նախատեսվել են քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ գործերը, ինչպես նաև արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործերը,
- նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու դեպքում նախատեսվել է այդ գործերը պարզեցված վարույթի կարգով քննելու հնարավորություն.
- արագացված դատաքննությունը.
- հստակեցվել են արագացված դատաքննության կիրառման հիմքերը,
- մանրամասն կարգավորվել է արագացված դատաքննության կիրառման կարգը և ժամկետները.
- սահմանվել է, որ հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն դատարանը կարող է կիրառել հեռակա դատաքննություն.
- որպես առանձին վարույթներ մանրամասն կանոնակարգումներ են նախատեսվել երեք նոր վարույթներով, որոնք են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու եվ օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման եվ հարկադիր կատարման վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու եվ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները և օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու եվ կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը:
- վարույթը վերաքննիչ դատարանում.
- հստակ սահմանվել է որոշումների այն սպառիչ ցանկը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով,
- սահմանվել է միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգի կիրառման հնարավորությունը՝ Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նկատառումով,
- նախատեսվել են վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժելու հիմքերը և կարգը,
- մանրամասնեցվել են այն դեպքերը, երբ վերաքննիչ դատարանն իրավունք է ստանում հետազոտել ապացույցներ և (կամ) ընդունել նոր ապացույցներ,
- նախատեսվել են այն դեպքերը, երբ վերաքննիչ դատարանն իրավունք ունի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից և բեկանել դատական ակտը. անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` վերաքննիչ դատարանը ստուգում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայությունը, գործի վարույթը կարճելու և հայցն առանց քննության թողնելու հիմքերի առկայությունը.
- վարույթը վճռաբեկ դատարանում.
- ամրագրվել են Վճռաբեկ դատարանի՝ Սահմանադրությամբ ամրագրված նոր՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու գործառույթից բխող իրավանորմեր՝ հնարավորություն տալով անձանց վճռաբեկ բողոք ներկայացնելու նաև այդ հիմքով,
- սպառիչ թվարկվել են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վերադարձնելու և մերժելու հիմքերը.
- սահմանվել են դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանվելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում գործը համապատասխան դատարան նոր քննության ուղարկելու կանոններ՝ գործի հարուցման և քննության կարգավորումներ.
- վերոգրյալ փոփոխություններից բխող փոփոխություններ են կատարվել Նախագծին կից ներկայացված օրենքների նախագծերում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նախագծերի մշակմանն օժանդակել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն քաղաքացիական դատավարությունում մրցակցության, կողմերի իրավահավասարության, դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության, դատավարական խնայողության և գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետությունը և քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ՝ նպաստելով դատարանի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանը: