ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՕ-66-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 83-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը (այսուհետ՝ ՀՕ-9-Ն Օրենք): Միևնույն ժամանակ, Կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի թիվ 860-Ն որոշման (կարգավորել է իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկի և վճարների չափերի հետ կապված հարաբերությունները) (այսուհետ՝ 860-Ն որոշում) նախաբանում հղում է կատարված ՀՕ-9-Ն օրենքին, որը սակայն նոր Օրենքի ընդունմամբ դադարել է գործել: Բացի այդ, նոր Օրենքի ընդունումից հետո 860-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել (խմբագրվել է վերնագիրը, ուժը կորցրած են ճանաչվել մի շարք դրույթներ), քանի որ նոր Օրենքի ընդունումից հետո ընդունվել է նոր իրավական ակտ, որով սահմանվել են նոր Օրենքի կարգավորումներից բխող քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափերը:
Վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով Նախագծով առաջարկվում է 860-Ն որոշման վերնագրից հանել «քաղաքացիական կացության ակտերի և ապոստիլ դնելու,» բառերը, ինչպես նաև խմբագրել 860-Ն որոշման նախաբանը՝ հանելով չգործող՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՕ-9-Ն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին կատարված հղումը: Բացի այդ, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաև 860-Ն որոշման N 1 Հավելվածը (այս պահի դրությամբ դեռևս գործում են նշված Հավելվածի 9-10-րդ կետերը), քանի որ դրա 9-10-րդ կետերով նախատեսված ծառայությունները (փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում, փաստաթղթերի փոստային առաքում) և դրանց դիմաց գանձվող վճարների չափն արդեն իսկ սահմանված է Կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ 1188-Ն որոշմամբ:
2.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է լիազորող նորմ, ըստ որի՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների լրացուցիչ ցանկը և գանձվող գումարի չափը պետք է սահմանվի Կառավարության համապատասխան որոշմամբ: Ի կատարումն հիշյալ նորմի՝ 2021 թվականի հուլիսի 22-ին Կառավարության կողմից ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» 1188-Ն որոշումը և այդ համատեքստում 2021 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունված թիվ 1746-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել Կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ:
Վերոնշյալով պայմանավորված և նկատի ունենալով, որ 2021 թվականի հուլիսի 22-ին Կառավարության թիվ 1188-Ն որոշմամբ սահմանվել են նոր կարգավորումներ նշված ծառայությունների ցանկի և վերջիններիս համար գանձվող վճարների վերաբերյալ, իսկ 860-Ն որոշման դրույթները համահունչ չեն Օրենքին և չեն բխում դրա կարգավորումներից, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել 860-Ն որոշման դրույթներում՝ առկա կարգավորումները համապատասխանեցնելով գործող Օրենքին:
3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է բացառել նույնաբովանդակ հարաբերությունների կարգավորումը տարբեր իրավական ակտերով և ապահովել իրավական ակտերի դրույթների միջև համապատասխանությունը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները:
4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ, այլ բխում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» նոր օրենքից և դրա կարգավորումների հետ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությունից:
-
Քննարկվել է
18.11.2022 - 03.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2852
Տպել