ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կատարելագործման շրջանակներում 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պետական սահմանի անցման կետերում հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, իսկ մյուս բոլոր դեպքերում նույն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարելու է ոստիկանությունը: Հաշվի առնելով, որ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների քննությունը վերապահված է ոստիկանությանը, հետևաբար այդ իրավախախտումները կատարած անձանց հաշվառումը կատարվում է ոստիկանության կողմից Կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման համաձայն: Ուստի հաշվառման լրիվությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նշված որոշման մեջ։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Ելնելով վերոգրյալից, նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից քննվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում վարվող կենտրոնացված հաշվառման քարտադարան մուտքագրելու վերաբերյալ` հաշվառումների լրիվությունն ապահովելու և կրկնակի վարչական պատասխանատվությունը բացառելու նպատակով:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հնարավորություն կստանան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պետական սահմանի անցման կետերում հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկությունները մուտքագրել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում վարվող կենտրոնացված հաշվառման քարտադարան, ինչը թույլ կտա տեղեկություններն առցանց և օպերատիվ կերպով հավաքել մեկ համակարգում և ապահովել հաշվառումների միասնականությունը՝ բարձրացնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության լրիվությունն ու օբյեկտիվությունը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից: Համաձայն նշված կետի` ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը:
Բացի այդ, նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի վերոհիշյալ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 6.9-րդ գլխից, համաձայն որի՝ մաքսային վարչարարության բարելավման շրջանակներում ամբողջապես ներդրվելու է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը, որի միջոցով կրճատվելու է սահմանահատման ժամանակը, և հսկողական միջոցառումներն իրականացվելու են «Մեկ կանգառ» սկզբունքով։ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման շնորհիվ արտաքին առևտրի ոլորտում ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ ներկայացվելու է էլեկտրոնային եղանակով, իսկ այն տեղեկատվությունը, որն արդեն առկա է համակարգում, չի պահանջվելու մյուս պետական մարմինների կողմից իրականացվող գործառույթների համար:
-
Քննարկվել է
16.11.2022 - 01.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 3453
Տպել