-
80 - Կողմ
-
321 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | Իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառման հարց Նախագծի 129-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառվում է, եթե նրա կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար բոլոր միջոցները սույն օրենսգրքի հոդված 128-ի առաջին մասով նախատեսված անձանց կողմից հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է: Ցանկանում ենք նշել, որ այստեղ կիրառելի է «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր» (“Anti-Corruption Compliance Program”) գործիքի ներդրումը: Շատ երկրներում, նման ծրագրի առկայությունը մի գործոն է, որը պետք է հաշվի առնել իրավաբանական անձի պատասխանատվության սահմանման ժամանակ: Տարբեր երկրներ տարբեր բանաձևեր են նախատեսել ընկերությունների կողմից պատասխանատվությունից ազատվելու կամ մեղմացնելու, երբ ապացուցվում է due diligence-ը, այն է` • Որոշ երկրներում, օրենքը նախատեսում է պատասխանատվությունից ամբողջական ազատում այն դեպքերում, երբ առկա է ազդեցիկ համապատասխանության ծրագիր, և պատասխանատու աշխատակազմը կատարել է իր կանխարգելման և վերահսկման պարտականությունները: Հոլանդիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Ավստրալիայում, օրինակ, իրավաբանական անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե նախնական քննության կամ դատավարության ժամանակ հաստատվել է, որ ըիրավաբանական անձն ունեցել է համապատասխանության բավարար կարգավորումներ և մեխանիզմներ, և որ վերջինս իրականացրել է հնարավոր ամեն ինչ իր լիազորությունների սահմանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ: • Երկրների մեծամասնությունում ազդեցիկ համապատասխանության ծրագրի առկայությունը մեկ այլ գործոն է, որը պետք է, կամ առնվազն կարող է հաշվի առնվել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության սահմանման ժամանակ, օրինակ` Լատվիա, Մոնտենեգրո, Սերբիա և Ուկրաինա: • Նշյալը որպես պաշտպանություն նախատեսված է նաև Ճապոնիայում ու Կորեայում, սակայն այդ երկրներում ընկերության վրա է դրված ապացուցման բեռն առ այն, որ իրենց կորպորատիվ մշակույթում և վերահսկողական պրակտիկայում առկա չէին թերություններ: • Վարչական դատավարությունում ադեկվատ և արդյունավետ համապատասխանության ծրագիրը դատարանների կողմից հաշվի է առնվում հետևյալ հանգամանքների առկայության կողմից. Համապատասխանության ծրագրերը պետք է հարմարեցվեն տվյալ ընկերությանը: Նման համապատասխանեցման ծրագրերը պետք է ներառեն քաղաքականություններ, օրինակ, նվերներիև հյուրընկալության վերաբերյալ: Կոռուպցիոն ռիսկի նվազեցման նպատակով համապատասխանության ծրագիրը պետք է հաշվի առնի նաև երրորդ կողմերին և ռիսկի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրություն (due diligence) կատարի: Ավելին, երրորդ կողմի պատշաճ ուսումնասիրությունը պետք է իրականացվի նաև բիզնես գործընկերների նկատմամբ: Նմանապես, պատշաճ ուսումնասիրությունը պետք է իրականացվի ցանկացած նախատեսված միացման կամ միաձուլման վաղ փուլում: Այս բոլոր միջոցները պետք է հետևողականորեն և պարբերաբար վերահսկվեն, մշտադիտարկվեն և փաստաթղթերով հիմնավորվեն: Համապատասխանության ծրագրերը պետք է պարբերաբար վերանայվեն` համոզվելու համար, որ կաշառակերության ռիսկերը պատշաճ կերպով գնահատված են: Ի հավելումն վերևից` ղեկավարության կողմից ստացված հաղորդագրությունից, ընկերությունները պետք է պարբերաբար վերապատրաստեն աշխատակիցներին այդ ոլորտներում ապահովելու համար, որ նրանք հասկանան այդ քաղաքականությունները հետևեն դրանց: Օրենսդրական կարգավորումը կարող է ունենալ մոտավորապես այս տեսքը, ինչպես օրինակ Իտալիայում է, Իսպանիայում և այլն: Եթե հանցագործությունը/իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձի անունից, նրա ուղղակի կամ անուղղակի շահի համար, իր օրինական ներկայացուցիչների կամ նրանց կողմից, որոնք գործում են որպես իրավաբանական անձի մարմնի անդամներ կամ անհատապես, իրավաբանական անձը ազատվում է պատասխանատվությունից, եթե բավարարվում են հետևյալ պայմանները. 1. Իրավաբանական անձը, մինչև հանցանքի կատարումը, ընդունել և արդյունավետորեն իրականացրել է հակակոռուպցիոն համապատասխանության կազմակերպման և կառավարման այնպիսի մոդելներ, որոնք ներառում են նույն բնույթի հանցագործությունները/իրավախախտումներ կանխարգելելու կամ դրանց կատարման ռիսկը զգալիորեն նվազեցնելու պատշաճ վերահսկողության միջոցներ: 2. Համապատասխանության ծրագրի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացվել է իրավաբանական անձի` նախաձեռնողականության և վերահսկողության ինքնուրույն լիազորություններով օժտված Հատուկ այդ նպատակով ստեղծված ստորաբաժանման կողմից, կամ այն ստորաբաժնման կողմից, որն իրավաբանական պատասխանատվություն է կրում իրավաբանական անձի ներքին վերահսկողության արդյունավետությունը վերահսկելու համար: 3. Հանցագործությունը/իրավախախտումը կատարող անհատները խարդախությամբ խուսափել են համապատասխանության ծրագրից կամ խախտել են այն: 4. 2-րդ կետով նախատեսված ստորաբաժանման կողմից թույլ չի տրվել վերահսկողական իր գործառույթների անգործություն կամ ոչ բավարար գործունեություն: Ուստի, առաջարկում ենք դիտարկել «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր» (“Anti-Corruption Compliance Program”) գործիքի ներդրման նպատակահարմարության հարցը` համապատասխան փոփոխություններ կատարելով վերոնշյալ հոդվածի ներքո: | Չի ընդունվում: Նախագծում առկա կարգավորումը հստակ է: Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն ծրագրի առկայությանը, ապա այն կարող է լինել, բայց մնալ թղթի վրա ու չգործել: Կարծում ենք, որ հստակության և իրավական որոշակիության տեսակետից Նախագծի կարգավորումը նախընտրելի է: | |
2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | Նախագծի 419-րդ հոդվածի վերաբերյալ ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության դիրեկտորատի կողմից ևս բարձրաձայնվել է հետևյալ խնդիրը, որի հետ մենք համակարծիք ենք, որ այս դրույթը կարող է հանգեցնել նրան, որ անհատները կամ լրատվամիջոցները դատապարտվեն պաշտոնատար անձի մասին ճիշտ տեղեկատվության բացահայտելու համար, թերևս, կոռուպցիայի կամ այլ անօրինական գործողությունների բացահայտման համատեքստում (ազդարարում): Այն անձի դատապարտումը, ով բացահայտել է այնպիսի տեղեկատվություն, որը ծառայել է հանրային շահին, հավանաբար խախտում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (Ceylan v. Turkey, no. 23556/94, 8 July 1999, Vereniging Weekblad Bluf v. Netherlands, no. 16616/90, 9 February 1995 and Observer and Guardian v. United Kingdom [GC], no. 13585/88, 26 November 1991): Վերոնշյալը կիրառելի է նաև Նախագծի 392-րդ` «Պետական դավաճանությունը , 401-րդ` «Պետական գաղտնիք հրապարակելը» և 400-րդ` «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ապօրինի ձեռք բերելը» հոդվածների պարագայում: | Ընդունվում է 419 հոդվածի կապակցությամբ | |
3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | Նախագծի 43-րդ գլխով նախատեսված են Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները, որոնցում առկա են կոռուպցիոն հանցագործություններ: Սակայն, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646 - Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրով նախատեսված է` մինչև 2019 թվականի ավարտը հստակեցնել օրենսդրական մակարդակում կոռուպցիոն հանցագործությունների և զանցանքների շրջանակները: Առաջարկում ենք, սույն նախագծի շրջանակում իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների օրենսդրական հստակեցումը: | Չի ընդունվում: Կարծում ենք, որ սա ոչ մի գործնական օգուտ չի տալիս: | |
4 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:56 | ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 412-րդ հոդվածով, ի տարբերություն ՀՀ քրեական գործող օրենսգրքի 310.1-րդ հոդվածի, ապօրինի հարստացման` առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում նախատեսող նորմը դուրս է եկել, ինչը գնահատում ենք բացասական և առաջարկում ենք այն կրկին նախատեսել, | Նախագծի ոչ մի հոդվածով լրացուցիչ պատիժները չեն նշվում: Տրամաբանությունն այն է, որ դրանց նշանակումը կանոնակարգված է ընդհանուր մասում և դատարանը ինքը պետք է որոշի լրացուցիչ պատիժ նշանակելու կամ չնշանակելու հարցը: | |
5 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 08.12.2017 19:27:50 | Հոդված 156. Սպանությունը Սույն թվականի հունիսի 9-ին ԱԺ կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-102-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածում որպես սպանությունը ծանրացնող հանգամանք սահմանվեց կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի սպանությունը: Հասկանալի չէ, թե ինչու է այդ դրույթը նախագծի 156-րդ հոդվածով սահմանված սպանության հանցակազմի ծանրացնող հանգամանքներից դուրս մնացել: Առաջարկություն - 156-րդ հոդվածով սահմանված սպանության հանցակազմի ծանրացնող հանգամանքների մեջ լրացնել գործող օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքը: | ||
6 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 08.12.2017 19:27:50 | 2) Հոդված 217. Աշխատավարձ, կենսաթոշակ, կրթաթոշակ, նպաստ չվճարելը Նախագծի 217-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն աշխատավարձ, կենսաթոշակ, կրթաթոշակ կամ նպաստ վճարելու պարտականություն ունեցող անձի կողմից դրանք ամբողջությամբ կամ մասամբ վճարելուց երեք ամսից ավելի խուսափելու դեպքում։ Այս դրույթով հետապնդվող նպատակը համատեղելի չէ Նախագծի 57-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների հետ, ըստ որի պատժի նպատակներն են վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները: Այս հանցանքի համար որպես պատիժ սահմանված է տուգանք 20․000 դրամ կամ հանրային աշխատանքներ կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս պատժատեսակներից որևէ մեկը նշանակելու դեպքում անգամ սոցիալական արդարությունը չի վերականգնվի, քանի որ տուժող կողմի համար էականը իր չստացած սեփականության (աշխատավարձ, կենսաթոշակ, կրթաթոշակ կամ նպաստ) փաստացի ձեռք բերումն է, իսկ պատիժը կամ դրա տեսակը վերջինիս համար էական չէ, այն կարող է նաև քրեական չլինել։ Նկատենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գործող օրենսգրքով (հոդված 165․8) և օրենսգրքի նոր նախագծով (հոդված 167) արդեն իսկ սահմանված է վարչական պատասխանատվություն գործատուների կողմից աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները չկատարելու համար։ Քրեական օրենսգրքի նախագծի 217-րդ հոդվածի սուբյեկտ կարող է լինել նաև գործատուն, ինչը նշանակում է կրկնակի՝ վարչական և քրեական պատասխանատվություն նույն արարքի համար, որն անթույլատրելի է։ Բացի այդ, քննարկվող նախագծի 239-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն վստահված գույքը հափշտակելու համար, հետևաբար, եթե ավելի քան երեք ամիս կրթաթոշակ, կենսաթոշակ կամ նպաստ չի վճարվել, իսկ վերջիններս վճարվում եմ պաշտոնատար անձանց կողմից, ապա արարքը պետք է որակվի նախագծի 239-րդ հոդվածով։ Ընդ որում, եթե այն կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ապա արարքն իր բնույթով կոռուպցիոն հանցագործություն է։ Առաջարկություն – Նախագծի 217-րդ հոդվածը հանել։ | Ընդունվում է | |
7 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 08.12.2017 19:27:50 | 3) Հոդված 413. Պաշտոնատար անձի գույքի և եկամուտների վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագիր չներկայացնելը Ներկայիս քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի իմաստով քրեորեն պատժելի արարք է hայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը: Այդ հոդվածով սահմանված հանցագործությունը վերաբերում է հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.26-րդ հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելուն: Հոդվածի ներկայիս խմբագրությունից բխում է, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը, որոնց մեջ մտնում են օրենքով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրեր դիտավորությամբ չներկայացնելը քրեորեն պատժվում է: Մինչդեռ նախագծի 413-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում միայն պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ինչպես նաև փոխկապակցված անձի վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագիր չներկայացնելու համար՝ դուրս թողնելով շահերի հայտարարագիր չներկայացնելու դեպքը: Առաջարկություն - Նախագծի 413-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «գույքի և եկամուտների» բառերը փոխել «հայտարարագրում» բառով՝ այն համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգավորումներին: | Ընդունվում է | |
8 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 08.12.2017 19:27:50 | 4) Հոդված 413. Պաշտոնատար անձի գույքի և եկամուտների վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագիր չներկայացնելը Հոդված 458. Կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների ապօրինի հրապարակումը Սույն թվականի հունիսի 9-ին ԱԺ կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի կից փաթեթով ընդունվել է նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-102-Ն օրենքը, որով սահմանվել են կոռուպցիոն բնույթի որոշակի հանցագործություններ՝ համապատասխան սանկցիաներով: Սակայն ներկայացված նախագիծը փոփոխությունների է ենթարկում այդ սանկցիաների մեջ տուգանքներին վերաբերող մասը: Մասնավորապես՝ ներկայումս քրեական օրենսգրքի 341.2-րդ հոդվածով սահմանված հանցագործության համար (կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների ապօրինի հրապարակումը) նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, մինչդեռ նախագծի 413-րդ հոդվածով նույն արարքի համար առաջարկվում է տուգանք առավելագույնը քսանապատիկի չափով: Նույն խնդիրը առկա է նաև նախագծի 458-րդ հոդվածում: Քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով սահմանված արարքի համար սահմանված տուգանքի չափը նախագծով կտրուկ նվազեցվում է: Մասնավորապես՝ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով սահմանված հանցագործության համար (hայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) նախատեսված տուգանքը ներկայումս նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով է, մինչդեռ առաջարկվող նախագծի տարբերակում նույն հանցագործության համար առաջարկվում է տուգանքի տասնապատիկից քսանապատիկի չափը: Գործող քրեական օրենսգրքով սահմանված տուգանքների այդքան նվազեցումը անհասկանալի է: Ակնհայտորեն այն չի բխում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով հունիս 9-ին ընդունված օրենսդրական փաթեթի ողջ տրամաբանությունից և օրենսդրի կողմից փաթեթի ընդունման ժամանակ հետապնդած նպատակներից, որն ակնհայտորեն ուղղված էր կոռուպցիոն հանցագործությունների համար խիստ պատիժների (բարձր տուգանքների) սահմանմանը։ Հետևաբար, պարզ չէ մոտեցման փոփոխությունը, որի արդյունքում որոշակի գործողությունների վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների ապօրինի հրապարակման համար սահմանված տուգանքի չափը պետք է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափից իջեցվի և սահմանվի առավելագույնը քսանապատիկի չափով: Առաջարկություն - Նախագծի 413-րդ և 458-րդ հոդվածներում վերանայել տուգանքների չափերը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում սահմանված տուգանքների չափերին: | Չի ընդունվում Նախագծում տուգանքի չափերը սահմանված են ըստ իրական նվազագույն աշխատավարձի, այնպես որ քսանապատիկը նշանակում է մեկ միլիոնից ավելի: <<Նվազագույն աշխատվարձի>> մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելը նախատեսված է այլ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթում, որը կներկայացվի նախագծի հետ միասին: | |
9 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 08.12.2017 19:27:50 | 1) ԳԼՈՒԽ 28. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սույն գլխի 205-214-րդ հոդվածներով սահմանված են ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունները, որոնց պատժի տեսակն ու չափը, ի տարբերություն գործող օրենսգրքի, զգալիորեն մեղմացվել է։ Այս փոփոխությունը և նոր՝ ավելի մեղմ, սանկցիաներ սահմանելու նպատակահարմարությունն ու դրանց արդյունավետությունը հիմնավորող որևէ փաստաթուղթ նախագծին կից առկա չէ։ Հետևաբար, անհասկանալի է մնում ընտրական իրավունքի պաշտպանության մեխանիզմների սահմանման արդյունավետության վերաբերյալ նախագծի հեղինակի մտադրությունն ու մոտիվացիան։ Պատասխանատվության և պատժի ինստիտուտը իրավունքի տեսության մեջ և պրակտիկայում ընկալվում է որպես իրավաչափ վարքագծի դրսևորման կարևոր նախապայման։ Իսկ պատժի խստությունը ինքնանպատակ չէ, այլ միտված է հնարավոր իրավախախտումները կանխարգելելուն։ Այսինքն, ընտրական գործընթացի սուբյեկտների իրավաչափ վարքագծի դրսևորումը մեծապես պայմանավորված է նաև պատժի, առավել ևս՝ խիստ պատժի սպառնալիքով։ Բացի այդ, կոնկրետ սանկցիաներ սահմանելով՝ պետությունն իր համապատասխան վերաբերմունքն է ցույց տալիս քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների նկատմամբ։ Հարկ է ընդգծել նաև, որ նախագծով առաջարկվող սանկցիաների այս փոփոխությունը հակասում է օրենսդրի՝ նախկինում՝ 2016թ․ հոկտեմբերի 20-ի ՀՕ-160-Ն օրենքով արտահայտած կամքին, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում՝ խստացնելով ընտրախախտումների համար նախատեսված պատժատեսակներն ու չափերը։ Բացի այդ, ՀՕ-160-Ն օրենքով կատարված փոփոխություններով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել էր նոր՝ 154․7-րդ հոդվածով, որով պատասխանատվություն է սահմանվել ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեղադրված տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելու համար։ Այս հոդվածը քննարկվող նախագծից դուրս է մնացել՝ առանց որևէ հիմնավորման։ Ընդ որում, 20․10․2016թ․ ՀՕ-160-Ն օրենքի ընդունման անհրաժեշտության հիմնավորման մեջ հստակ նշված է՝ «Քաղաքական համաձայնությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:» Ստացվում է, որ նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնություններն այժմ կորցրել են իրենց արդիականությունը և դրանք ընդամենը իրավիճակային լուծումներ էին նախատեսում (ինչն ամրագրվեց օրենսգրքերում) կամ օրենսդիրը հետևողական չէ քաղաքական համաձայնությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ։ Նախագծի քննարկվող գլխից դուրս է մնացել նաև գործող օրենսգրքի 154․4-րդ հոդվածը, որով պատասխանատվություն է նախատեսված տեղամասային կենտրոն զենքով մուտք գործելու համար։ Այս արարքի ապաքրեականացման հետ կապված ևս որևէ հիմնավորում առկա չէ։ Անդրադառնալով նախագծի 211-րդ հոդվածին (Ընտրակաշառք ստանալը), հարկ ենք համարում նկատել, որ այս հոդվածի ձևակերպումից դուրս է մնացել խրախուսական դրույթը, որը նախատեսված է գործող օրենսգրքով (հոդված 154․2, մաս 3)։ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ՀՕ-57-Ն օրենքով լրացվել է գործող օրենսգրքի 154․2-րդ հոդվածը, որի 3-րդ մասի համաձայն ընտրակաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Սա շատ կարևոր հանգամանք է ընտրախախտումների բացահայտմանը աջակցելու և հանրությանը հակաիրավական վարքագծից զերծ պահելու առումով, ուստի անհրաժեշտ է վերականգնել այս դրույթը ևս։ Առաջարկություններ՝ • Վերանայել և խստացնել նախագծի 205-214-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունների պատժի տեսակն ու չափերը․ • Նախագծի 28-րդ գլխում վերականգնել գործող ՀՀ քրեական օրենսգրքի 154․7-րդ հոդվածը․ • Նախագծի 28-րդ գլխում վերականգնել գործող ՀՀ քրեական օրենսգրքի 154․4-րդ հոդվածը․ • Նախագծի 211-րդ հոդվածը լրացնել խրախուսող դրույթով, ըստ որի ընտրակաշառք ստացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: | Ընդունվում է | |
10 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 08.12.2017 19:27:50 | ) ԳԼՈՒԽ 43․ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Նախագծի 43-րդ գլխով սահմանված են հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք իրենց բնույթով կոռուպցիոն են։ Սակայն նախագծով դրանք որակված չեն որպես այդպիսին։ Հանրային ծառայության շահերի և կառավարման կարգի դեմ ուղղված մի շարք հանցատեսակներ, հաշվի առնելով դրանցում հանրային ծառայողի ապօրինի վարքագծի կոռուպցիոն բնույթը և մասնավոր ու հանրային շահերի միջև բախման առկայությունը, պետք է օրենսդրորեն սահմանվեն որպես կոռուպցիոն հանցագործություններ։ Ներկայումս կոռուպցիոն հանցագործությունների ցանկը հաստատված է ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017թ․ N3 հրամանով՝ ներառելով շուրջ 70 հանցատեսակ (նախորդ ցանկը հաստատվել էր 19․11․2008թ․ N82 հրամանով։) Սակայն կոռուպցիայի դեմ իրական պայքարի կարևոր քայլերից է օրենսդրական մակարդակով կոռուպցիոն հանցագործությունները ճանաչելը և սահմանելը։ Հարկ է նկատի ունենալ նաև, որ 2018թ-ից գործելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որպես կոռուպցիայի կանխարգելիչ մարմին։ Դրան զուգահեռ, ոլորտի քաղաքականության զարգացումը միտված է կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմինների կարողությունների հզորացմանը և այդ նպատակով անհրաժեշտ օրենսդրական բազա ստեղծելուն։ Ներկայացվող առաջարկը բխում է նաև ՀՀ կառավարության 2017-2022թթ․ ծրագրից, ըստ որի հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2019 թվականի ավարտը հստակեցնել օրենսդրական մակարդակում կոռուպցիոն հանցագործությունների և զանցանքների շրջանակները ։ Այս համատեքստում ակնհայտ է, որ քննարկվող նախագծով կոռուպցիոն հանցագործություններ սահմանելն անհրաժեշտություն է։ | Չի ընդունվում Կոռուպցիոն հանցագործությունների ցանկ տալը գործնական օգուտ չի տալիս, քանի որ դրանց քննության կամ այլ առանձնահատկություններ չկան: Բացի այդ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը միանշանակ չէ և կարող է խառնաշփոթ մտցնել: | |
11 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 08.12.2017 19:27:50 | ՀՀ քրեական օրենսգրքի hոդված 311.2 «Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը» Դեռևս 2008թ. քրեական օրենսգրքում լրացվել և ներկայումս գործում է 311.2-րդ հոդվածը, որը սահմանում է հանցակազմ՝ կապված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու հետ: Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը, որպես քրեական հանցագործություն սահմանելը պայմանավորված էր ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: Օրենսգրքում առկա ձևակերպումը հիմնականում համապատասխանում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 18-րդ հոդվածով և ԵԽ Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի 12-րդ հոդվածով սահմանված ազդեցության չարաշահման քրեականացման հետ կապված պահանջներին: Սակայն ներկայացված նոր քրեական օրենսգրքի նախագծում այդ հոդվածը բացակայում է: Փոխարենը նախագծի մի շարք հոդվածներում, հատկապես գլուխ 23-ում սահմանված հանցատեսակների մեջ, ցրված ձևով սահմանվում է միայն որոշակի արարքների կատարումը՝ ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով: Մինչդեռ գործող 311.2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, թե ինչ է իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը և ինչպես այն կարող է դրսևորվել: Հետևաբար` անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված գործող օրենսգրքի 311.2-րդ հոդվածի բացակայությունը ներկայացված նախագծում: Կարելի է ենթադրել, որ հոդվածը հանելով և դրա առանձին բաղադրիչներ տարբեր հոդվածներում ցրելով, հետագայում հնարավոր կլինի ապահովել համապատասխան վիճակագրություն (ինչն այսօր անհնար է՝ նկատի ունենալով, որ մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել այդ հոդվածով, հետևաբար որևէ վիճակագրություն չի կարող լինել), ինչը պարբերաբար դառնում է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից մտահոգության առարկա: Առաջարկություն – նախագծում վերականգնել գործող քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածը: | Չի ընդունվում Այս հանցատեսակը նախատեսված է նախագծի 408 և 409 հոդվածներով | |
12 | Justice Group 09.12.2017 21:19:06 | Հոդված 13. Հանցանք կատարած անձին արտահանձնելը կամ փոխանցելը Խնդիր Վկայակոչված նորմը մարդուն արտահանձնելու արգելք է նախատեսում, եթե պահանջող երկրում տվյալ հանցանքի համար նախատեսված է մահապատիժ: Խումբը գտնում է, որ բացի դա նորմով պետք է արգելվի արտահանձնումը նաև այն դեպքերով, եթե հիմքեր կան ենթադրելու, որ արտահանձնելու դեպքում տվյալ անձի նկատմամբ կարող է կատարվել խոշտանգում, դաժամն կամ անմարդկային վերաբերմունք: Բացի վերոհիշյալից, Խումբը գտնում է, որ սույն նորմը հանդիսանում է դատավարական նորմ: Առաջարկություն Լրամշակել նորմը, ներառելով արտահանձնման արգելք՝ խոշտանգման սպառնալիքի դեպքերի համար: Նորմը տեղափոխել Քրեական դատավարության օրենսգիրք: | Չի ընդունվում Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ենթադրյալ հանցանք կատարած կամ դատապարտված անձն այլ պետությանը չի արտահանձնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում: Խոշտանգման, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի սպառնալիքի դեպքում արտահանձման արգելքը նախատեսված է միջազգային պայմանագրերով: Բացի այդ, սա դատավարական նորմ չէ: Դատավարությունը պետք է կարգավորի արտահանձնելու ընթացակարգը և ոչ թե դրա հիմքերն ու արգելքները: | |
13 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 13. Հանցանք կատարած անձին արտահանձնելը կամ փոխանցելը Խնդիր Վկայակոչված նորմը մարդուն արտահանձնելու արգելք է նախատեսում, եթե պահանջող երկրում տվյալ հանցանքի համար նախատեսված է մահապատիժ: Խումբը գտնում է, որ բացի դա նորմով պետք է արգելվի արտահանձնումը նաև այն դեպքերով, եթե հիմքեր կան ենթադրելու, որ արտահանձնելու դեպքում տվյալ անձի նկատմամբ կարող է կատարվել խոշտանգում, դաժամն կամ անմարդկային վերաբերմունք: Բացի վերոհիշյալից, Խումբը գտնում է, որ սույն նորմը հանդիսանում է դատավարական նորմ: Առաջարկություն Լրամշակել նորմը, ներառելով արտահանձնման արգելք՝ խոշտանգման սպառնալիքի դեպքերի համար: Նորմը տեղափոխել Քրեական դատավարության օրենսգիրք: | Չի ընդունվում Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ենթադրյալ հանցանք կատարած կամ դատապարտված անձն այլ պետությանը չի արտահանձնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում: Խոշտանգման, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի սպառնալիքի դեպքում արտահանձման արգելքը նախատեսված է միջազգային պայմանագրերով: Բացի այդ, սա դատավարական նորմ չէ: Դատավարությունը պետք է կարգավորի արտահանձնելու ընթացակարգը և ոչ թե դրա հիմքերն ու արգելքները: | |
14 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 29. Սխալը արարքի փաստական հանգամանքների մեջ Խնդիր Սույն հոդվածը սահմանում է հանցանքի որակման կարգավորում կախված դրանից, թե ինչպես է դրա մասին կարծում հանցանք կատարած անձը, մասնավորապես կարծում է, թե իր հանցանքը պարունակում է ծանրացնող հանգաման, թե ոչ: Նույն հոդվածով սահմանվում է, որ պատասխանատվությունը վրա է հասնում ոչ միայն այն դեպքում, երբ վտանգավոր հետևանքը առաջացել է անձի արարքից, այլ նաև երբ հետևանքը առաջացել է այլ պատճառով: Սույն սահմանումը կարող է նշանակել, որ պատասխանատվությունը կարող է վրա հասնել միայն մտադրության համար: Առաջարկություն Հոդվածում ամրագրել, որ հանցանք կատարող անձը ոչ միայն կարծում էր/չեր կարծում իր արարքում պարունակվող ծանրացնող հանգամանքի առկայության մասին, այլ նաև ողջամիտ հիմքեր չուներ այդպես մտածելու: Վերանայել հոդվածը, բացառելով մտադրության համար պատասխանատվության ենթարկելու վտանգից: | Չի ընդունվում Նախագծում հստակ նշվում է <<արարքի>> մասին, ուստի մտավախությունն անտեղի է: | |
15 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 42. Հանցագործությունների բացահայտման կամ կանխարգելման հանձնարարություն կատարելը Խնդիր Սույն հոդվածով սահմանվում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով օրենքով սահամանված կարգով կատարել է հանցագործության բացահայտման, կանխման կամ ապացույցների ձեռք բերման հատուկ հանձնարարություն: Սույն սահմանմամբ հասկանալի չէ, թե ըստ հոդվածի ով կարող է իրականացնել նշված գործողությունը: Եթե խոսքը իրավապաշտպան, կամ այլ՝ ի պաշտոնե գործողություն կատարող անձանց մասին է, ապա նման չարաշահումները սահմանվում են այլ դրույթներով: Առաջարկություն Սույն հոդվածը պարունակում է չարաշահումների ռիսկեր և պահանջում է պարզաբանումներ: | Ընդունվում է | |
16 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 64. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը Խնդիր Սույն հոդվածը կարգավորում է հանցանք կատարած անձին Հայաստանից վտարելու խնդիրը: Սակայն, հոդվածից պարզ չէ, թե ինչպես է որոշվում, թե ինչ երկիր է վտարվելու անձը, և ինչպես է ազդելու այդ որոշման վրա վտարվող երկրում՝ անձի կյանքին սպառնացող վտանգները: Առաջարկություն Լրամշակել հոդվածը, հաշվի առնելով վտարվող անձի կյանքին/առողջությանը սպառնացող վտանգները այն երկրում, որտեղ նա վտարվում է: | Չի ընդունվում Սա դատավարական և քրեակատարողական օրենսդրության խնդիր է: | |
17 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 69. Ցմահ ազատազրկումը Խնդիր Հոդվածը սահմանում է, որ ցմահ չեն կարող ազատազրկվել 18 տարեկան չլրացած անձինք: Սակայն, միջազգային փորձը թելադրում է, որ այդ սահմանափակումը պետք է կիրառվի մինչև 21 տարենկան չլրացած անձանց համար: Սույն մոտեցումը արտացոլվել էր սույն օրենսգրքի նախագծի նախորդ տարբերակում, սակայն վերջին նախագծից վերացվել է: Առաջարկություն Առաջարկում ենք 69-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք: | Չի ընդունվում Պատերազմի մեջ գտնվող պետության համար սա կարող է խնդիր լինել: | |
18 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 91. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը Խնդիր Սույն հոդվածը սահմանում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան տասը տարի ժամկետով, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները: Այն դեպքում, երբ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձը խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, դատարանը՝ վերացնում է անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը: Փաստացի, համաձայն այս դրույթի, եթե օրինակ՝ անձը վաղաժամ ազատվում է ցմահ ազատազրկման ձևով սահմանված պատժից, և դատարանի պարտականությունը չի կատարում (օրինակ` չի անցնում հոգեբանական-վերականգնողական կուրսը), նրան նորից ուղարկում են ցմահ ազատազրկման: Նման ձևակերպումը կրկին անգամ նույն արարքի (հանցագործություն) համար դատապարտելու վտանգ է պարունակում: Առաջարկություն Վերամշակել հոդվածը, հստակեցնելով վաղաժամ ազատված անձանց պատասխանատվության սահմանները, և բացառելով կրկնակի անգամ նույն արարքի համար պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը: | Չի ընդունվում Նույն հանցանքի համար կրկնակի դատապարտման արգելքն այստեղ չի խախտվում, որովհետև անձը պարզապես շարունակում է կրել իր արդեն իսկ կատարած հանցանքի համար կիսատ մնացած պատիժը: | |
19 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 116. Անվտանգության միջոցներ նշանակելու հիմքն ու պայմանները Խնդիր 116-րդ հոդվածից չի երևում (այդ մասին կարելի է միայն կռահել), որ անվտանգության միջոցները պետք է նշանակվեն բացառապես վերջնական որոշում կայացնելիս: Սրա վտանգը կայանում է նրանում, որ դատարանները այս միջոցը կարող են սկսել կիրառել գործի քննության ընթացքում, կամ՝ նույնիսկ քրեական գործի բացակայության պայմաններում: Առաջարկություն 116-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության սկզբում ավելացնել. <<Քրեական գործով վերջնական որոշում կայացնելու հետ միասին դատարանը կարող է ամբաստանյալի նկատմամբ նշանակել … >>: | Չի ընդունվում Նախագծի 116 հոդվածի երկրորդ մասում հստակ գրված է, որ անվտանգության միջոց կարող է նշանակվել ինչպես պատժի հետ զուգակցված, եթե դատարանը հիմնավորի, որ միայն պատիժ կիրառելով հնարավոր չէ վերացնել անձի կողմից նոր հանցանքի կատարման հավանականությունը, այնպես էլ առանց պատժի հետ զուգակցելու՝ որպես ինքնուրույն ներգործության միջոց, այդ թվում՝ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս: Ակնհայտ է, որ անվտանգության միջոցը դատարանը նշանակում է վերջնական որոշում կայացնելու հետ մեկտեղ: | |
20 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 118. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման հիմքը Խնդիր Հոդված 118-ի 1-ին մասի 4-րդ կետում նշված է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կարող է նշանակվել, ի թիվս այլնի, հանցանք կատարած և ալկոհոլիզմից, թմրամոլությունից, դեղամոլությունից կամ թունամոլությունից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ: Միևնույն ժամանակ, հոդված 117-ում բերված է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների սպառիչ ցանկը, որը, մեր կարծիքով, լիարժեք չէ ալկոհոլիզմից, թմրամոլությունից, դեղամոլությունից կամ թունամոլությունից բուժելու համար: Բացի այդ, օրենսգիրքը չի սահմանում հարկադիր բուժման ծախսերի աղբյուրը: Առաջարկություն Լրամշակել հոդվածներ 117 և 118-ը՝ 118-ում նշված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները՝ 117-ով սահմանված անվտանգության միջոցների հետ համապատասխանեցնելու նպատակով: Հստակեցնել հարկադիր բուժման ծախսերի միջոցների աղբյուրը, նշելով, որ այն պետք է իրականացվի պետության միջոցների հաշվին, օրենքով սահմանված կարգով: | Չի ընդունվում Սրանք քրեակատարողական օրենսդրության հարցեր են | |
21 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 125. Հանցագործության գործիքների, միջոցների, առարկաների կամ հանցագործությամբ ստացված գույքի կամ եկամտի բռնագրավումը Խնդիր Սույն հոդվածը սահմանում է հանցագործությամբ ստացված գույքի, կամ, այն չհատնաբերելու դեպքում՝ համարժեք գույքի բռնագրավման պայմանները: Այնուամենայնիվ, հոդվածից որևէ կերպ չի բխում, որ դրա նպատակն է` կանխարգելել ապագայում կատարվելիք հանցագործությունները, կանխել այդ կամ այլ անձանց սպառնացող վտանգը, չնայած այն, որ հոդվածը ամրագրված է “անվտանգության միջոցներ” գլխում, և հետևաբար, պետք է ենթադրի նման նպատակ: Բացի այդ, Խումբը գտնում է, որ սույն հոդվածը կրում է դատավարական բնույթ: Առաջարկություն Վերամշակել կամ հանել հոդվածը, բացառելով նպատակին չծառայող բովանդակությունը: | Չի ընդունվում Անհասկանալի է, թե ինչու չի երևում կանխարգելման նպատակը: Բացի այդ, այս նորմը միայն կանխարգելման նպատակ չի հետապնդում այլև նպատակ ունի վերականգնելու սոցիալական արդարությունը (հանցագործությամբ ստացված գույքի կամ եկամտի բռնագրավման մասով): | |
22 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդվածներ 109-111. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԵՎ ՔՍԱՆՄԵԿ ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ Խնդիր Սույն հոդվածները նախատեսում են տարբեր տեսակի այլընտրանքային, դաստիարակչական բնույթի հարկադիր միջոցներ, որոնք կարող են կիրառվել բացառապես այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց արարքը կատարելու պահին չեն հասել քրեական պատասխանատվության տարիքի: Ստացվում է, որ վերոհիշյալ միջոցը կիրառելու համար դատարանը պետք է նախ և առաջ իրականացնի քրեական դատավարություն, հաստատված համարի անչափահասի կողմից այդ արարքը կատարելու հանգամանքը, որից հետո նոր կիրառի անվտանգության միջոց: Սա նշանակում է, որ անչափահասները, ընդ որում` առանց տարիքի սահմանափակման, դառնում են քրեական դատավարության սուբյեկտ: Առաջարկություն Վերամշակել հոդվածները, որպեսզի բացառվի անչափահասին քրեական դատավարության ընթացքին ներգրավելու վտանգը: Վերանայել հոդվածները, անձին՝ իր խնդրի լուծման պատասխանատու մարմնին անմիջականորեն դիմելու հնարավորությունից չզրկելու տեսակետից: | Չի ընդունվում 1. Նախագծի 99 հոդվածի առաջին մասում նշվում է, որ սույն օրենսգրքի իմաստով հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցագործության պահին տասնչորս տարին լրացած, սակայն տասնութ տարին չլրացած անձը, ուստի քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի մասին ոչ մի խոսք չկա: | |
23 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 135. Հարկադիր լուծարումը Խնդիր Սույն հոդվածը սահմանում է լուծարումը, որպես իրավաբանական անձի վերաբերյալ պատժի ծայրահեղ տեսակ: Հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ լուծարվող իրավաբանական անձի գույքը, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, վերցվում է ի հօգուտ պետության: Այնուամենայնիվ, նման պատժատեսակ ուղղակի նշված չէ իրավաբանական անձանց համար նախատեսվող պատժատեսակների ցանկում, և փաստացի նշանակում է կրկնակի պատիժ. բացի լուծարումից, որն ուղղակի նախատեսված է որպես պատժատեսակ: Բացի այդ, այդ միջոցի կիրառման դեպքում կարող են փաստացի պատժվել հանցագործության հետ առհասարակ կապ չունեցող անձինք, օրինակ, բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերը: Առաջարկություն Հստակեցնել հոդվածը, բացառելով անհամապատասխանությունները այլ հոդվածների հետ: Վերանայել հոդվածը, բացառելով իրավաբանական անձանց կողմից կատարված հանցագործության հետ կապ չունեցող անձանց փաստացի վնասների կրումը: | Ընդունվում է | |
24 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 168. Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը Խնդիր Սույն հոդվածով սահմանվում է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար պատասխանատվություն, որը, ըստ հոդվածի կարող է լինել, ի թիվս այլնի, հասարակական պարտքը չկատարելու հետևանք: Սակայն, հոդվածում բացակայում է այդ “հասարակական պարտքի” սահմանումը: Առաջարկություն Անհրաժեշտ է հստակեցնել հոդվածում տեղ գտած թերմինի սահմանումը: | Չի ընդունվում Խոսքը հասարակական պարտքը կատարողի կամ նրա մերձավորի առողջությանը վնաս պատճառելու մասին է, իսկ այդ եզրույթի բովանդակությունը իրավակիրառ պրակտիկայում հանրահայտ է: | |
25 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդվածներ 188, 189. Մարդուն առևանգելը; Ազատությունից ապօրինի զրկելը Խնդիր Սույն հոդվածների ծանոթագրությունները նշում են, որ հանցանքն առաջին անգամ կատարած և առևանգվածին/ազատությունից ապօրինի զրկվածին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում: Սույն մոտեցումը լուրջ մտահոգություն է առաջացնում՝ մարդուն առևանգելու/ազատությունից ապօրինի զրկելու և դրա համար պատասխանատվությունից ազատվելու տեսակետից: Խումբը գտնում է, որ նման սկզբունքը աննդունելի է: Առաջարկություն Վերամշակել հոդվածը, հանելով/բացառելով մարդուն առևանգելու/ազատությունից ապօրինի զրկելու համար պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը: | Չի ընդունվում Նշված նորմերի նպատակը առևանգվածին կամ ազատությունից ապօրինի զրկվածին հետագա ավելի մեծ վնասից խաշտպանելն է, այնպես , ինչպես պատանդ վերցնելու դեպքում |