Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
17.11.2022
Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված, ինչպես նաև եթե աշխատողի աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տվյալ տեղեկությունները էլեկտրոնային հարթակ մուտքագրելու առանձնահատկություններ և (կամ) բացառություններ: Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջարկվող կարգավորումը խախտում է խտրականության արգելքի սկզբունքը և հակասում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային-իրավական տարբեր փաստաթղթեով երաշխավորված օրենքի առջև ընդհանուր հավասարությանը. «Մարդու իրավունքների համընդհանուր» հռչակագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք: «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 26-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք; այդ առնչությամբ որևէ կարգի խտրականություն պետք է արգելվի օրենքով, և օրենքը բոլոր անձանց համար պետք է երաշխավորի հավասար և արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, ըստ որևէ հատկանիշի, այն է` ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 12 արձանագրությունն ամրագրում է օրենքի առջև բոլորի հավասարության և օրենքով հավասար պաշտպանության սկզբունքը։ Արձանագրությունը հիմնվում է մարդու իրավունքների այն հիմնարար սկզբունքի վրա, ըստ որի` բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքով հավասար պաշտպանության իրավունք ունեն: Օրենքի առջևի բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքն իր ամրագրումն է ստացել նաև ներպետական օրենսդրությամբ։ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորվում է բոլորի հավասարությունն օրենքի առջև, իսկ 29-րդ հոդվածը սահմանում է խտրականության արգելքը, ըստ որի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով օրենքի առջև հավասարության սկզբունքին, իր՝ 2010 թ. մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «...օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ (...) կամ իրավունքի տվյալ կատեգորիայի սուբյեկտների համար լրացուցիչ պարտականություններ սահմանելուն»։ Հիշյալ սահմանադրական սկզբունքը կարող է խաթարվել միայն հավասար իրավական կարգավիճակ ունեցող և հավասար իրավական դաշտում գործող սուբյեկտների նկատմամբ իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տարբերակված մոտեցում ցուցաբերելու դեպքում, որը կարտահայտվի նրանցից մեկին կամ մի քանիսին որևէ ողջամիտ իրավական հիմնավորում չունեցող արտոնության կամ բարենպաստ վերաբերմունքի տրամադրմամբ» (22.02.2021թ. ՍԴՈ-1577 որոշում): Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասով առաջարկվող կարգավորումը դիտարկելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի շրջանակներում՝ գտնում ենք, որ տվյալ դեպքում Նախագծով նույն խմբի անձանց համար սահմանվում է իրավունքի սահմանափակումների ծագման տարբեր պայմաններ։ Մասնավորապես, քննարկվող կարգավորման դեպքում նույն իրավական դաշտում գործող սուբյեկտների նկատմամբ Նախագծով առաջարկվում է դրսևորել տարբերակված մոտեցում, այն է՝ պետական մարմիններում աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող անձանց տրվում է արտոնութուն, սակայն Նախագծով որևէ ողջամիտ իրավական հիմնավորում չի ներկայացվում պետական մարմինների աշխատակիցներին նման բարենպաստ պայման տրամադրելու անհրաժեշտ հիմքերի վերաբերյալ, մինչդեռ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին հակասում է ցանկացած այնպիսի դրսևորում, որի դեպքում առաջանում է որոշ մարդկանց այլ մարդկանցից տարբերակելու հիմք, ինչն էլ նշանակում է, որ ստեղծվում են իրավունքների և ազատությունների իրացման տարբեր հնարավորություններ, որն էլ բերում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտմանը։ Ի լրումն վերոգրյալի, Նախագծով առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում պետության կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում։ Մասնավորապես, «Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին» Ժնևի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է, ազգային պայմաններին ու պրակտիկային համապատասխանող մեթոդներով, սահմանել և վարել աշխատանքի և զբաղվածության բնագավառում հնարավորության ու վերաբերմունքի հավասարության խրախուսմանն ուղղած ազգային քաղաքականություն՝ այդ բնագավառում ցանկացած խտրականություն վերացնելու նպատակով, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է: Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասով առաջարկվող կարգավորմամբ խաթարվում են օրենքի առջև ընդհանուր հավասարության ու խտրականության արգելքի սկզբունքները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը։ Առաջարկվող կարգավորմամբ չի ապահովվում իրավունքի գերակայության սկզբունքը, քանի որ նույն իրավական կարգավիճակում գտնվող աշխատող անձանց համար չի ապահովում նույն իրավունքներն ու ազատություններն՝ առանց որևէ խտրականության։ Հիմք ընդունելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 102.1-ին հոդվածից հանել 7-րդ մասը։