Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  • Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը:  Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարցերից:

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և հիմքում ունենալով այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կախված է քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց և 2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում):

  • Որոշմամբ նախատեսվել են առանցքային հետևյալ փոփոխությունները.
  • Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ ՊՈԱԿ) կողմից:
  • Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը համապատասխանեցվել է քաղաքացիների համար նախատեսված՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին: Հատկանշական է, դրա արդյունքում կալանավորված անձինք և դատապարտյալները կցագրվել են քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող, լիցենզավորված, արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը, որտեղ իրականացվում են նեղ մասնագիտական ծառայությունները, այդ թվում՝ նաև լաբորատոր-գործիքային հետազոտությունները:
  • Դյուրինացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա, ուղեգրման գործընթացից հանելով լրացուցիչ օղակներին: Ըստ այդմ՝ ուղեգրերի ձևաթղթերը տրամադրվում են ՊՈԱԿ-ին՝ հայտին նախորդող տարվա տվյալներով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվի 70 տոկոսի չափով:
  • Սահմանվել է կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը: Միջազգային չափանիշներին համապատասխան՝ նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից:
  • Հիվանդությունների դասակարգման միջազգային (ICD) չափանիշին է համապատասխանեցվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը՝ այն տարածելով նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա և նշված ցանկը դարձնելով կողմնորոշիչ՝ նախկին սպառիչ ցանկի փոխարեն:

Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշումն իր նոր խմբագրությամբ ՊՈԱԿ-ի գործունեության համար անհրաժեշտ մայր փաստաթուղթն է:

Հիմքում ունենալով այն, որ արդեն իսկ առկա էին ՊՈԱԿ-ի փաստացի գործունեության համար անհրաժեշտ նախադրյալները (գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համալիր, անհրաժեշտ ֆինանսավորում, կադրային հագեցվածությունն ապահովելու համար անհրաժեշտ հաստիքներ, անհրաժեշտ վերապատրաստումներ, դեղորայքային ապահովվածություն, լիցենզավորման գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ)՝ 2019 թվականի սեպտեմբեր ամսից ՊՈԱԿ-ը սկսեց ծավալել իր փաստացի գործունեությունը:

Ներկայում ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնությունն ու սպասարկումը բոլոր քրեակատարողական հիմնարկներում հասանելի է 24/7 ռեժիմով: ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները հագեցած են առնվազն մեկ ընդհանուր պրակտիկայի բժիշկներով, բոլոր ստորաբաժանումներում կա ատամնաբույժ:

ՀՀ արդարադատության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունքում էապես փոխվել է ազատազրկված անձանց մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու որակը: ՊՈԱԿ-ի աշխատակիցները, համաձայն նախապես մշակված ժամանակացույցի, անցնում են անհրաժեշտ վերապատրաստումներ հանրապետության լավագույն ուսումնական բազաներում:

Նշված համագործակցության արդյունքում բարելավվել է բժշկական ծառայությունների մատուցման որակը, էականորեն կրճատվել է բժշկական օգնության մատուցման ժամանակահատվածը, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման ուղեգրերով: Նախկին ժամանակներում այն կատարվում էր 1-2 ամսում, իսկ ներկայումս այդ ժամանակահատվածը կրճատվել է և կազմակերպվում է 1 օրում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը հետևողականորեն շարունակում է աշխատանքները մասնագիտական հագեցվածությունը բարձրացնելու և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունն ապահովելու ուղղությամբ:     

Հատկանշական է, որ 2019 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել և իրականացվել են մի շարք թիրախային միջոցառումներ, այդ թվում՝ օրենսդրական գնահատումներ, վերապատրաստումներ, համակարգերի ներդրում, տեխնիկական միջոցների վերազինում, ուղեցույցների մշակում:

Ծրագրի շրջանակներում թիրախավորվել է նաև բանտային առողջապահության ոլորտում հեռաբժշկությունը ներդնելու հնարավորությունը: Ներկայում թվայնացվում է ՊՈԱԿ-ի աշխատանքը, որը թույլ կտա կրճատել վարչարարությունը, ապահովել անձնակազմի թափանցիկ և հաշվետու գործելակերպը:

Վերոգրյալից հետևում է, որ 2019 թվականից սկսած շոշափելի քայլեր են ձեռնարկվել բանտային բժշկությունը ազգային առողջապահական համակարգին մոտեցնելու և ինտեգրման գործնական հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ:

Բայցև պետք է փաստել, որ ՊՈԱԿ-ի գործունեության և զարգացման այս փուլում ազգային առողջապահական համակարգ ամբողջական ինտեգրման ապահովումը հնարավոր է վերջինիս ՀՀ առողջապահության նախարարության կառավարման ներքո տեղափոխելու միջոցով, որը կնպաստի ավելի սերտ հարաբերությունների ստեղծմանն ու դրանց ամրապնդմանը մեկ տանիքի ներքո:

Հատկանշական է, որ դեռևս Հայեցակարգի մշակման փուլում թե՛ միջազգային փորձի, թե՛ միջազգային փորձագետների կարծիքի հաշվառմամբ տրամաբանական էր համարվում վերջնարդյունքում ՊՈԱԿ-ը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությանը փոխանցելը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործունեության մեկնարկն ու կայացումը ընտրվել էր որպես անցումային փուլին բնորոշ լուծում, երբ անհրաժեշտ էր ՊՈԱԿ-ը կայացնել որպես Քրեակատարողական ծառայությունից անկախ կառույց և ապահովել ֆունկցիաների անցնցում փոխանցումը ծառայությունից: 

Ուշադրության է արժանի նաև այն, որ.

Նորվեգիայի բանտային առողջապահական ծառայությունները 1988 թվականից ի վեր հանդիսանում են հանրային առողջապահական ծառայության ինտեգրված մասը և գտնվում է Առողջապահության և Խնամքի ծառայությունների նախարարության պատասխանատվության ներքո, որի հիմնական նպատակն էր բանտարկյալների ապահովումը նույն առողջապահական ծառայություններով, ինչ ընդհանուր բնակչությանը[1]:

Ֆինլանդիայում բանտային առողջապահական ծառայությունները կազմակերպվում և ֆինանսավորվում են Ֆինլանդիայի կառավարության կողմից և տրամադրվում բանտարկյալների առողջության ծառայությունների բաժնի կողմից: Բանտարկյալների առողջության ծառայությունների բաժինն անկախ կազմակերպություն է, որն իր հերթին գտնվում է Սոցիալական հարցերի և առողջապահության նախարարության պատասխանատվության ներքո[2]:

Ֆրանսիայում՝ 1994 թվականից ի վեր քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայություններ մատուցելու պատասխանատվությունը պատկանում է Առողջապահության նախարարությունը: Բժշկական ծառայությունները մատուցվում են քրեակատարողական հիմնարկում նշանակված հիվանդանոցային բժիշկների կողմից[3]:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ապահովել ՊՈԱԿ-ի հետագա զարգացումը՝ որպես ազգային առողջապահական համակարգի անբաժանելի մաս:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող նախագծով նախատեսվում է ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նպաստելով բանտային առողջապահության ամբողջական ինտեգրմանը ազգային առողջապահական համակարգ:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի  ընդունմամբ հնարավոր կլինի լուծել  բանտային առողջապահական համակարգի՝ ազգային առողջապահական համակարգ ամբողջական ինտեգրման հարցը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ առաջանալու է ՊՈԱԿ-ին վերաբերելի ոլորտային համապատասխան իրավական ակտերի նախագծերն ընդունելու անհրաժեշտություն:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

[1] Տե՛ս, https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3221636/

[2] Տե՛ս, https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/336214/WHO-EURO-2020-1268-41018-55685-eng.pdf

[3] Տե՛ս, https://kce.fgov.be/sites/default/files/2021-12/KCE_293_Prisons_health_care_Chapter_4.pdf

  • Քննարկվել է

    27.10.2022 - 11.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3436

Տպել