Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                      

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

  Ներկայումս գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշումն (այսուհետ՝ Որոշում) ընդունվել է 2011 թվականի սեպտեմբերի 29-ին: Այնուամենայնիվ, Որոշման հավելվածի բովանդակության ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դրա մի շարք դրույթներ այլևս արդիական չեն, չեն համապատասխանում ներկա իրողություններին, որպիսի պայմաններում անհրաժեշտ է Որոշման հավելվածի որոշ կետերի կարգավորումներ վերանայել: Մասնավորապես, Որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված է, որ նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացի մեկ ակադեմիական ժամի արժեքը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման մեկ ժամվա համար նախատեսված նախահաշվային արժեքի կրկնապատիկը: Ներկա օրենսդրական կարգավորումների պայմաններում «Արդարադատության նախարարության հատուկ ծառայողներ» կատեգորիա առկա չէ: Բացի այդ, նշված կարգավորման արդյունքում դասընթացի մեկ ակադեմիական ժամի արժեքը կազմում  է 3000 դրամ, ինչն էլ որոշակիորեն իր բացասական ազդեցությունն է ունենում ուսուցման գործընթացի արդյունավետության վրա՝ հաշվի առնելով այն, որ խնդիր է առաջանում դասընթացավարների ներգրավման առումով:

  Որոշման հավելվածի 5-րդ կետից բխում է, որ ուսումնական գործընթացը բաղկացած է միայն գործնական պարապմունքներից, որոնք անցկացվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունում կամ նոտարական գրասենյակներում կամ նոտարական պալատում: Մինչդեռ, գործնականում, ուսումնական գործընթացն անցկացվում է տեսական և գործնական պարապմունքների համադրությամբ, ընդ որում, գործնական պարապմունքների՝ իրենց նպատակին ծառայեցնելու տեսանկյունից դրանք արդյունավետ չէ կազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

    Որոշման հավելվածով սահմանված չէ նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացի մեկ ակադեմիական ժամի տևողությունը:

  Որոշմամբ կարգավորված չէ նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները հեռավար կամ հիբրիդային եղանակով անցկացնելու ընթացակարգը, Մինչդեռ, վերջին իրողություններով և մարտահրավերներով պայմանավորված՝     նշվածը խնդիր էր ստեղծել 2020 թվականի համավարակի (որը մինչ օրս շարունակվում է և կարող է համավարակի մեծ ալիքի բռնկման դեպքում կրկին արդիական լինել) և պատերազմի ժամանակ այդ դասընթացները կազմակերպելու առումով:

    Որոշման դրույթներում առկա է նաև այլ խնդիր: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1253-Ն որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սակայն տվյալ փոփոխությունն իր արտացոլումը չի գտել Որոշման մեջ և վերջինիս դրույթներում շարունակվում է հիշատակվել վերոնշյալ պետական ոչ առևտրային կազմակերպության հին անվանումը:

    2.Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

   Գործնականում առկա են դեպքեր, երբ մեկ կամ երկու նոտարի թեկնածուի համար կազմակերպվում են ուսուցման դասընթացներ և դրանց արժեքը պետք է չգերազանցի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման մեկ ժամվա համար նախատեսված նախահաշվային արժեքի կրկնապատիկը, ինչը խնդիրներ է ստեղծում ուսուցման դասընթացներին դասընթացավարներ հրավիրելու առումով, քանի որ վերոնշյալ ֆինանսական սահմանափակման արդյունքում այդ դասընթացավարներն անհամեմատ ցածր են վարձատրվում այլ ոչ ֆորմալ կրթության մեջ ներառված դասընթացավարներից: Նշվածով պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1394-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է վերոնշյալ ֆինանսական սահմանափակում նախատեսող դրույթների փոխարեն նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացի մեկ ակադեմիական ժամի արժեքը սահմանել՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ, իսկ հիշյալ արժեքի հաշվարկումն  իրականացնելիս հաշվի առնել ուսուցման դասընթացի արժեքի վրա ազդեցություն ունեցող այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են՝ ուսուցման ծրագրի բովանդակությունը, դասընթացների քանակը, համապատասխան դասընթացավարներ ներգրավելու անհրաժեշտությունը և նրանց թիվը:

  Բացի այդ, Որոշման կարգավորումներում առկա է նաև այլ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, որոնք ապահովելու են Որոշման դրույթների առավել հստակությունն ու որոշակիությունը, ինչը հնարավորություն է տալու Որոշմամբ կարգավորվող հարաբերությունները սահմանել առավել հստակ: Մասնավորապես, Որոշման գործող տարբերակում անդրադարձ չկա նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացի մեկ ակադեմիական ժամի տևողությանը, ուսուցման գործընթացին մասնակցող նոտարի թեկնածուների նվազագույն և առավելագույն թույլատրելի թվին, ուսուցման գործընթացի հեռավար անցկացման կարգավորումներին, անդրադարձ կա միայն գործնական պարապմունքների և դրանց անցկացման վայրի վերաբերյալ որոշակի դրույթերի, տեսական պարապմունքների և դրանց անցկացման վայրի մասին ևս կարգավորումներ առկա չեն, որոնք Նախագծով լրացվում են՝ սահմանելով, որ մեկ ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է, առկա ձևով դասընթացի տեսական ակադեմիական ժամերն անցկացվում են ուսուցման դասընթացների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան պայմաններով ապահովված տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում)՝ նոտարի թեկնածուների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ, իսկ գործնական պարապմունքները՝ նոտարական գրասենյակներում կամ նոտարական պալատում: Ուսուցման դասընթացները իրականացվում են առկա ուսուցման ձևով` նվազագույնը մեկ, իսկ առավելագույնը 25 նոտարի թեկնածուներից կազմված խմբից, բացառությամբ հեռավար ուսուցման: Լրացվել են դրույթներ նոտարի թեկնածուների ուսուցման գործընթացի հեռավար իրականացման վերաբերյալ:

  3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

      Սույն նախագծի նպատակը նոտարի թեկնածուների ուսուցման գործընթացի կազմակերպումը արդի պահանջներին համապատասխանող չափանիշներով կազմակերպելն  է, ժամանակի մարտահրավերներից բխող խնդիրների կարգավորման համար համապատասխան իրավակարգավորումներ ապահովելը, իրավական ակտերում ամրագրված դրույթները միմյանց համապատասխանեցնելը և ուսուցման գործընթացին այլ մասնագետների ներգրավման հնարավորություն ստեղծելը:

  4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

      Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

  5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

       Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

   6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

      Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի «Արդարադատության նախարարության» բաժնի 18-րդ կետից, համաձայն որի՝ Արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի ընթացքում իրականացման ենթակա միջոցառումներից է նաև նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը:

  • Քննարկվել է

    18.10.2022 - 02.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2847

Տպել