Հիշել նախագիծը

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վահե Բաբայան 24.10.2022 09:51:47 1) Հոդված 3-ում «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ»-ի 23-րդ կետից հետո առաջարկում եմ ավելացնել ՄՈՒՀ-երի համար շատ կարևոր նոր կետ՝ «մեթոդական համադրությամբ ուսուցում՝ հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման ձև, որի ընթացքում տեսական ուսումնառությունը իրականացվում է հեռավար, իսկ գործնական ուսումնառությունը իրականացվում է առկա ձևաչափով»։ 2) Հոդված 8-ում «Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները և ձևեր»-ի 7-րդ կետում «Միաժամանակ մեկից ավելի կրթություն ստանալու զուգակցումը չի արգելվում, եթե դրա կազմակերպման ձևերը չեն համընկնում» փոխարեն առաջարկում եմ՝ «․․․եթե դրա կազմակերպման ձևերից միայն մեկն է առկա ձևաչափով։» Հակառակ դեպքում, սույն օրենքը արգելում է ուսանողին միաժամանակ երկու ծրագրով հեռակա կամ դրսեկությամբ սովորել։ 3) Օրենքի նախագիծը բացարձակապես չի նպաստում մասնավոր /ոչ պետական/ ՄՈՒՀ-երի հետագա կայացմանն ու զարգացմանը, մասնավոր հատվածում ներդրումների ներգրավմանը, պետական և ոչ պետական ՄՈՒՀ-երի միջև առողջ մրցակցության ձևավորմանը և հետևաբար, որպես արդյունք, ոլորտի զարգացմանը։ Կարծում եմ պատահական չէ, որ 9-րդ հոդվածում, որպես «ՄՈՒՀ-երը և դրանց տեսակները» նշված է՝ «ՄՈՒՀ-երը ոչ առևտրային կազմակերպություններ են»։ Հիշեցման կարգով նշեմ, որ բոլոր մասնավոր ՄՈՒՀ-երը առևտրային, շահույթ հետապնդող կազմակերպություններ են։ Վերջիններիս դուրսմղումը ոլորտից կբերի անդառնալի հետևանքների՝ մրցակցության բացակայության, որակի անկման, ներդրումների փոշիացման և կոռուպցիոն ռիսկերի զարգացմանը կրթական ոլորտում։ Ուստի, առաջարկում եմ՝ 9-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ «ՄՈՒՀ-երը կազմակերպություններ են․․․» ։ 4) Հոդված 11-ում «Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունք և որակավորումների լիցենզավորում»-ի 5-րդ կետը առաջարկում եմ հանել՝ մասնավոր ՄՈՒՀ-երի կողմից ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը հավասար մրցակցություն չի ապահովի պետական ՄՈՒՀ-երի հետ, քանի որ «ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը» մասնավոր ՄՈՒՀ-երում կբերի ուսման վարձերի կտրուկ թանկացմանը։ Օրինակ՝ 10 հոգիանոց խմբում 2 հոգու աջակցության վճարը ընկնում է մնացած 8 ուսանողի վրա, անհիմն բարձացնելով վերջիններիս ուսման վարձերը։ 5) Կարծում եմ, պետք է ուսանողական նպաստ հատկացվի, ուսման վարձը փոխհատուցվի և կրթաթոշակ սահմանվի ոչ միայն պետական, այլ նաև հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսանողների համար, ինչը իր հերթին առաջադիմության մրցակցության հաշվին կնպաստի կրթական որակի բարձրացմանը նաև մասնավոր հատվածում: Ուստի, առաջարկում եմ վերանայել 18-րդ հոդվածի «Մասնագիտական կրթության բնագավառում Կառավարության իրավասությունները» 16 և 19 կետերը։ 6) Հոդված 14-ում «ՄՈՒՀ ընդունելություն»-ի 18-րդ կետը «Ուսանողի տեղափոխությունը պետական ՄՈՒՀ կարող է իրականացվել միայն մեկ այլ պետական ՄՈՒՀ-ից» առաջարկում եմ փոփոխել՝ «Ուսանողի տեղափոխությունը պետական կամ հավատարմագրված ոչ պետական ՄՈՒՀ կարող է իրականացվել միայն մեկ այլ պետական կամ հավատարմագրված ոչ պետական ՄՈՒՀ-ից:» Իհարկե, եթե ընդունելի է օրենքի այն կանոնը, որ և՛ պետական, և՛ ոչ պետական ուսումնական հաստատությունները պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ: 7) Հոդված 15-ում «Մասնագիտական կրթության կազմակերպումը և աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն»-ի 9-րդ կետի 2-րդ ենթակետի վերջին նախադասությունը «Այն կարող է ընդգրկել կամ չընդգրկել պայմանագիր․․․» առաջարկում եմ փոփոխել՝ Պայմանագիրը պարտադիր պետք է կնքվի, իր հավելվածներով։ 8) Նույն հոդվածի 12-րդ կետը՝ «․․․ուսանողին գործատուի կողմից տրվում է վարձատրություն» առաջարկում եմ փոփոխել՝ «ուսանողին գործատուի կողմից կարող է տրվել վարձատրություն»։ Համաձայն «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգ և 2019-2025թթ. գործողությունների ցանկ»-ի «այն երկրներում, որտեղ ԱՀՈՒ ներդրումը սկզբնական փուլում է, անհրաժեշտ է հստակ սահմանել և կիրառել մասնավոր սեկտորի ներգրավմանն ուղղված ֆինանսական, ոչ ֆինանսական և հարկային խրախուսման միջոցներ»: Քանի դեռ այն սահմանված չէ, առաջարկում եմ գործատուին չպարտադրել, այլ տալ հնարավորություն ուսանողին վճարել աշխատավարձ։ 9) Նույն հոդվածի 13-րդ կետը՝ «ՄՈՒՀ-ը կրում է ուսանողի՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրության պարտականություն» առաջարկում եմ հանել։ 10) Հոդված 35-ում «ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները, վերապատրաստումը, ատեստավորումը, տարակարգի շնորհում»-ի 28-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված «…տարակարգի շնորհման գործընթացին՝ ՄՈՒՀ-ի ֆինանսական միջոցների հաշվին» առաջարկում եմ չսահմանափակել «ՄՈՒՀ-ի ֆինանսական միջոցներ»-ով, հնարավորություն տալով մանկավարժին կամ վարպետին օգտվել «նաև սեփական, ինչպես նաև այլ ֆինանսական միջոցներից»:
2 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 29.10.2022 20:27:33 1. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 13-րդ գլուխը լրացնել նոր՝ 100.1-րդ հոդվածով, որի 5-րդ մասը սահմանում է հետևյալը՝ «Պայմանագրի կողմերը իրավունք ունեն լուծելու կրթական ծրագրի շրջանակում կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 10 աշխատանքային օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց»։ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ նաև՝ Խարտիա) 24-րդ հոդվածը երաշխավորում է աշխատող անձանց պաշտպանվածության իրավունքը աշխատանքից ազատելու դեպքերում: Համաձայն նշված հոդվածի՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝ ա) բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա, բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի: Այս նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ աշխատողը, որը պնդում է իրեն աշխատանքից ազատելու անհիմն լինելը, իրավունք կունենա բողոքարկելու որևէ անկողմնակալ մարմնի: Ըստ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ նաև՝ Կոմիտե) մեկնաբանությունների՝ Խարտիայի 24-րդ հոդվածը հնարավորություն է ընձեռնում աշխատանքային հարաբերությունը դադարեցնելու միայն երկու խումբ պատճառների դեպքում՝ առնչվող աշխատողի վարքին և ընդունակություններին ու ձեռնարկության գործնական պահանջներին (տնտեսական պատճառներ), մինչդեռ Նախագծով առաջարկվող կարգավորման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքային հարաբերության դադարեցումը պայմանավորված չէ վերոգրյալ պատճառներով: Կոմիտեն գտել է, որ քանի դեռ պայմանագրի լուծումը չի պատճառաբանվել Խարտիայի 24-րդ հոդվածով վկայակոչված հիմնավոր պատճառներից որևէ մեկով, ապա նման իրավիճակը հակասում է Խարտիայի պահանջներին և չի ապահովում պաշտպանվածության իրավունքը աշխատանքից ազատվելու դեպքերում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման ինքնուրույն հիմք է, որը հնարավորություն է տալիս առանց որևէ այլ պատճառաբանության լուծել պայմանագիրը և չի փոխկապակցվում աշխատողի վարքագծի կամ կարողությունների գնահատման հետ, ակնհայտ է, որ նման կարգավորումը Կոմիտեի կողմից գնահատվելու է որպես Խարտիայի պահանջներին հակասող սահմանափակում: Հատկանշական է, որ 2020 թ. ՀՀ-ի վերաբերյալ ընդունված հետևություններով Կոմիտեն պետությանը հիշեցրել է, որ Խարտիայի 24-րդ հոդվածը սպառիչ կերպով սահմանում է այն հիմնավոր պատճառները, որոնք որոնց հիման վրա գործատուն կարող է դադարեցնել աշխատանքային հարաբերությունները։ Հիմնավոր են համարվում միայն երկու տեսակի հիմքեր՝ մի կողմից՝ կապված աշխատողի կարողությունների կամ վարքագծի հետ, մյուս կողմից՝ հիմնված ձեռնարկության գործառնական պահանջների վրա (տնտեսական պատճառներ)։ Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ այն իր մեջ չի պարունակում կրթական ծրագրի շրջանակում կնքված աշխատանքային պայմանագրի լուծման հստակ և որոշակի չափանիշներ, հետևաբար պրակտիկայում կարող է կիրառվել կամայական ձևով։ Բացի վերը նշվածը, արձանագրում ենք, որ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերն Օրենսգրքով արդեն սահմանված են և բացակայում է առաջարկվող լրացումը կատարելու անհրաժեշտությունը։ Հետևաբար, առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածից հանել 100.1-րդ հոդվածի 5-րդ մասը։
3 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 29.10.2022 20:27:33 2. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 201.1-րդ հոդվածում և գործատուի կողմից մասնագիտական ուսուցումը վեց ամիս ժամկետի փոխարեն կազմակերպել հինգ ամիս ժամկետով։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն որևէ հիմնավորում չի պարունակում նման փոփոխություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, նշված չէ, թե ի՞նչ չափանիշներով է պայմանավորված մասնագիտական ուսուցման գործող ժամկետը կրճատելու անհրաժեշտությունը։ Հիմք ընդունելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածից հանել ««վեց» բառը «հինգ» բառով» փոխարինելու հատվածը։
4 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 29.10.2022 20:27:33 3. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքի արգելքը» վերտառությամբ 257-րդ հոդվածում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելու արգելքից բացառություն սահմանել մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնող և սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների համար։ Համաձայն Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 7-րդ հոդվածի՝ երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ 2. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 18 տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են վտանգավոր կամ վնասակար են առողջությանը։ Համաձայն Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի մեկնաբանությունների՝ Խարտիայի այս դրույթի կիրառման համար ներպետական օրենսդրությամբ պետք է սահմանված լինեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, որոնք բացահայտում են «վտանգավոր աշխատանք» եզրույթը՝ կամ թվարկելով նման աշխատանքի ձևերը, կամ սահմանելով այն ռիսկերի տեսակները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական), որոնք առաջանում են այդ աշխատանքի ընթացքում։ Ըստ Կոմիտեի՝ մինչև տասնութ տարեկան անձինք կարող են ծանր և վնասակար աշխատանքներ կատարել օրական չորս ժամից ոչ ավելի, սակայն պայմանով, որ խստորեն պահպանվեն սանիտարական և առողջապահական նորմերը։ Հետևաբար Նախագծով առաջարկվող կարգավորումը թերի է և հակասում է Խարտիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին և դրա վերաբերյալ Կոմիտեի կողմից տրված մեկնաբանություններին, ուստի կարգավորումն ընդունելու դեպքում այն գնահատվելու է Խարտիայի պահանջներին հակասող, քանի որ չի սահմանում մինչև տասնութ տարեկան անձանց կողմից իրենց առողջության համար ծանր և վնասակար աշխատանք կատարելու տևողությունը, բացի այդ, նման կարգավորում սահմանված չէ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատաժամանակի կրճատ տևողությունը» վերտառությամբ 140-րդ հոդվածում։ Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք լրացնել Նախագծի 15-րդ հոդվածը՝ սահմանելով, որ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնող և սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում կարող են ներգրավել օրական չորս ժամից ոչ ավելի տևողությամբ։
5 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 29.10.2022 20:27:33 4. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ առաջարկվող փոփոխության ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ արդեն իսկ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 20-րդ հոդվածում կատարվող լրացումների ընդունման դեպքում որպես մասնագիտական աշխատանքայի ստաժ հաշվարկվելու է նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը, ուստի առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածից հանել 1-ին պարբերությունը։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:24:25 1. «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և դրա համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնական պահանջներին» բառերով։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:26:43 2. Նախագծի 3-րդ հոդվածի «արհեստագործական կրթություն» հասկացությունից հանել «առնվազն հիմնական կրթության հիմքով» բառերը։ Փոփոխությունը հնարավորություն կտա արհեստագործական կրթություն ստանալ նաև հիմնական կրթությունից դուրս մնացած անձանց։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:26:57 3. Նախագծի 3-րդ հոդվածի «կրթության առանձնահատուկ պայմաններ» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «39) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված մոդուլների և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, մատչելի միջավայրի և խելամիտ հարմարեցումների, ինչպես նաև անձի մասնակցությանը նպատակաուղղված մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.»։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:27:14 4. Նախագծի 3-րդ հոդվածի «ներառական կրթություն» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «41) ներառական կրթություն` կրթության իրավունքին խոչընդոտող արգելքները վերացնելու շարունակական և ակտիվ հանձնառության գործընթացի արդյունք և սկզբունք, որը արժևորում է բոլոր ուսանողների բարեկեցությունը, հարգում է իրենց բնորոշ արժանապատվությունը և ինքնուրույնությունը, ընդունում է անհատների պահանջմունքները և նրանց կարողությունները՝ արդյունավետորեն ներառվելու հասարակությունում.»։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:27:35 5. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետից հանել «ողջամիտ» բառը։
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:27:49 6. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «9) մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունները և ներառականությունը՝ համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան․»։
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:28:01 7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ «3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան ծառայությունների ամբողջության միջոցով կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ապահովումը և մատչելիությունը․»։
13 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:28:14 8. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը «ՄՈՒՀ-ում դասավանդման լեզուն գրական հայերենն է» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում՝ նաև հայերեն ժեստերի լեզուն։» բառերով։
14 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:28:26 9. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց» բառերից հետո լրացնել «անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝» բառերով։
15 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:28:38 10. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «և ուսումնական տարածքի առկայությունը» բառերից հետո լրացնել «և դրա համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնական պահանջներին» բառերով։
16 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:28:51 11. Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասը «տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների» բառերից հետո լրացնել «(օրինական ներկայացուցիչների)» բառերով։
17 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:29:03 12. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝ հիմք ընդունելով Կառավարության սահմանած մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը և անհատական ուսուցման պլանի ձևաչափը» բառերը։
18 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:29:20 13. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «31) մշակում է մասնագիտական կրթության և ուսուցման արդյունավետության և ներառականության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, կրթության մատչելիության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ և աշխատանքային նյութեր, տրամադրում է մեթոդական աջակցություն.»։
19 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:29:34 14. Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «տառապում է այնպիսի հիվանդությամբ» բառերը փոխել «ունի այնպիսի հիվանդություն» բառերով։
20 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:29:48 15. Նախագծիի 30-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում» բառերից հետո լրացնել «կրթությունը ստանալ ընդհանուր հիմունքներով, պահանջել և» բառերը և պարբերությունից հեռացնել «սահմանված» բառը։
21 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:30:01 16. Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու» բառերը փոխել «բարելավման» բառով։
22 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.10.2022 22:30:16 17. Առաջարկում ենք փոփոխություններ և լրացումներ կատարել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում՝ սահմանելով, որ ֆունկցիոնալության միջին, ծանր և խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ։