«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության մի համակարգ է, որն ուղղված է հողի, ամբողջ էկոհամակարգի և մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը։ Այն հատկապես կարևորվում է ներկայումս կլիմայի փոփոխության մեղղման և հարմարվողականության միջոցառումների իրականացման շրջանակում։ ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսությունը սկսեց զարգանալ 2000-ական թվականներից, սակայն վերջին տարիներին կտրուկ նվազել է օրգանական գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված հողատարածքների մակերեսը և արտադրանքի ծավալները։ Այն հիմնականում պայմանավորված է իրացման խնդիրներով, արտադրության իրականացման առանձնահատուկ պահանջներով, տեղական շուկայում ոչ բավարար պահանջարկով, սերտիֆիկացման գործընթացի հասանելիության հետ կապված դժվարություններով, պետական աջակցության թիրախավորված ծրագրերի բացակայությամբ և այլն։
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ-ում սերտիֆիկացում կարող են իրականացնել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպությունները, որը սահմանափակում է այլ կազմակերպությունների կողմից հավատարմագրած կազմակերպությունների գործունեության իրականացումը։
Միևնույն ժամանակ այն չի համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի նախագծին, համաձայն որի անդամ երկրներում օրգանական սերտիֆիկացում իրականացնող կազմակերպությունը պետք է լինի համապատասխան երկրի պետական հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ՝ ՀԱՄ) կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմին (այսուհետ՝ ՀԳՄ)։
Բացի այդ, ներկայումս ընթացքի մեջ է «Հավաստագրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործող սերտիֆիկացման կազմակերպությունների ՀԱՄ-ի կողմից պարտադիր հավատարմագրումը, որի կողմից ՀԳՄ-ի հավատարմագրման գործընթացն իրականացվելու է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտով։
Չնայած «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին վերապահված է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան վարելու լիազորություն, որն իրականացվում է հանրապետությունում գործող սերտիֆիկացնող ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, սակայն այդ տեղեկատվությունը լիարժեք չէ, քանի որ ՀՀ-ից դուրս գրանցված սերտիֆիկացնող ընկերությունների կողմից սերտիֆիկացված օրգանական արտադրողի գրանցում չի իրականացվում։ Արդյունքում օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների, արտադրատեսակների, արտադրողների և հողատարածքների մակերեսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը բացակայում է։
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառման, մասնավորապես պահպանման, փաթեթավորման, վերամշակման և իրացման պայմանների խախտման, ինչպես նաև ներմուծման և մակնշման հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում լիազորող նորմի սահմանումը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումը, որը կնպաստի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի բոլոր փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրմանը և կանխարգելմանը։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը
Սույն օրենքի և ՀՀ կառավարության որոշումների ընդունման արդյունքում ոլորտի իրավական կարգավորումները կհամապատասխանեցվեն, ինչպես նաև կմոտարկվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, հնարավորություն կստեղծվի տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության (EU-GAIA) նախաձեռնությունը Հայաստանում ծրագիր։
4․ Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի ՀԱՄ-ի կողմից (համապատասխան իրավական կարգավորումներից հետո) համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով։
Արդյունքում ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում և բարելավում, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնում և արտադրության ծավալների աճ, անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և քաղաքականության մշակման համար ամբողջական տվյալների առկայություն և դրանց հրապարակում։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Օրենքի նախագծի և ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված գերակայությունների 4-րդ կետով նախատեսված է զարգացնել տեղական շուկաները և բարձրացնել արտահանման հնարավորությունները, որի շրջանականերում էլ նախատեսվում է մշակել և իրականացնել միջոցառումներ օրգանական արտադրության զարգացման նպատակով։
-
Քննարկվել է
04.10.2022 - 20.10.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3092
Տպել