ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
24.03.2021 թվականին ընդունված և 23.10.2021 թվականին ուժի մեջ մտած՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած է ճանաչվել, որի արդյունքում դադարեցված է համարվել Հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) գործունեությունը:
Նշված օրենքի 2-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանվել է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո՝
- Ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:
- Ծառայությունում գտնվող այլ քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը) փոխանցվում են այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության։
Վերը նշված քրեական գործերի (նյութերի), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերի (նյութերի)՝ Հակակոռուպցիոն կոմիտե և այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության փոխանցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է լուծել նաև Ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների տնօրինման հարցը:
Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի ուժով Ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը) փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե և այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության։
Վերը նշված քրեական գործերի (նյութերի), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերի (նյութերի)՝ Հակակոռուպցիոն կոմիտե և այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության փոխանցմամբ պայմանավորված՝ պետք է ապահովել Ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումը Հակակոռուպցիոն կոմիտեի և այն քննչական մարմինների միջև, որոնց, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի ուժով, փոխանցվել են Ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը):
Նշված օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով քննչական ենթակայությունը, այսինքն՝ Ծառայության գործունեության ընթացքում վերջինիս ենթակա գործի բնույթը պարզելու տեսանկյունից հարկ է անդրադառնալ 01.07.2022 թվականին ուժը կորցրած Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմանը: Նշված հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 150-րդ (ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը), 154․1-ին (կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը), 154․2-րդ (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), 154․9-րդ (ընտրակաշառքի միջնորդությունը), 310.1-ին (ապօրինի հարստանալը), 314.2-րդ (Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը), 314.3-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով կատարում են Ծառայության քննիչները:
Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և Ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով սույն մասի առաջին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:
01.07.2022 թվականին ուժը կորցրած Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված դրույթի հաշվառմամբ՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված քրեական գործերը կարող են լինել բազմաբնույթ:
Միևնույն ժամանակ, 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքի՝ քննչական ենթակայությունը սահմանվում է 181-րդ հոդվածով, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից: Իսկ մինչ այդ գործելու են նույն օրենսգրքի անցումային դրույթներ սահմանող 483-րդ հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված՝ քննչական ենթակայության կանոնները՝ համապատասխանաբար մինչև 2023 թվականի հունվարի 1-ը և 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի մեկը կիրառելու համար:
Նշված մասերով նախատեսված քննչական ենթակայության մարմիններ են հանդիսանում (բացի Հակակոռուպցիոն կոմիտեից) Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն:
Արդարադատության նախարարության 14.07.2022 թվականի թիվ /10.0.1/30901-2022 գրությամբ կատարված հարցման արդյունքում Քննչական կոմիտեից, Ազգային անվտանգության ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից համապատասխանաբար 28.07.2022 թվականին, 27.07.2022 թվականին և 26.07.2022 թվականին ստացված տեղեկատվության համաձայն՝
- Ծառայությունից ըստ ենթակայության Քննչական կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է փոխանցվել թվով 86 քրեական գործ և 2 նյութ, որոնցով Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված դրամական միջոցներ առկա չեն եղել: Միևնույն ժամանակ, Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող մեկ քրեական գործի նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունից ստացվել և քրեական գործին է միացվել Ծառայությունում քննված և նախաքննության հետագա կատարումը Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացնելու համար Ազգային անվտանգության ծառայություն ուղարկված մեկ քրեական գործ, որի կապակցությամբ Ծառայության դեպոզիտային հաշվին ընդհանուր փոխանցվել է 453.949.600 ՀՀ դրամ գումար:
- առկա է Ծառայությունից ըստ ենթակայության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ փոխանցված մեկ քրեական գործ, որի կապակցությամբ Ծառայության դեպոզիտ հաշվում առկա է 29.888.000 ՀՀ դրամ գումար: Այնուամենայնիվ, Ազգային անվտանգության ծառայության 27.09.2022 թվականի գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վերջինս չունի համապատասխան դեպոզիտ հաշիվ, ինչով պայմանավորված՝ առաջարկվել է փոխանցված քրեական գործի առնչությամբ Ծառայության դեպոզիտ հաշվում առկա 29.888.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել Դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:
- Ծառայությունից ըստ ենթակայության Պետական եկամուտների կոմիտե փոխանցված՝ քրեական գործեր (նյութեր), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործեր (նյութեր) և դրանց կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցման ենթակա միջոցներ առկա չեն:
Ինչ վերաբերում է Ծառայությունից ըստ ենթակայության Հակակոռուպցիոն կոմիտե փոխանցված քրեական գործերի կապակցությամբ Ծառայության դեպոզիտ հաշվում առկա միջոցների փոխանցմանը՝ հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 23-ին, ինչով պայմանավորված՝ քրեական գործերով անհրաժեշտություն է առաջացել լուծել Հակակոռուպցիոն կոմիտեի դեպոզիտային հաշվի բացման հարցը` ապահովելու համար հանցագործության հետևանքով պետությանը և հասարակությանը պատճառված վնասների վերականգման գործընթացը, այդ թվում նաև՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննչական գործողության պատշաճ կատարումը: Նշվածի հաշվառմամբ՝ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, ի թիվ այլ լրացումների և փոփոխությունների, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի 8-րդ հոդվածում լրացնել 6-րդ մաս՝ սահմանելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ (…):
Կառավարության 23.06.2022 թվականի թիվ 926-Ա որոշմամբ հավանություն է տրվել նշված նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշվել է այն ներկայացնել Ազգային ժողով: Ազգային ժողովում նշված նախագիծն արդեն քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեի 27.09.2022 թվականի գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Ծառայությունից Հակակոռուպցիոն կոմիտե փոխանցված՝ թվով քրեական գործերով Ծառայության դեպոզիտ հաշվին առկա է 167.004. 672,5 ՀՀ դրամ:
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 24.03.2021 թվականին ընդունված և 23.10.2021 թվականին ուժի մեջ մտած՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում անդրադարձ չկա վերը նշված քրեական գործերի փոխանցմամբ պայմանավորված՝ Ծառայության դեպոզիտ հաշվի և դրանում առկա միջոցների տնօրինման վերաբերյալ, Նախագծով առաջարկվում է առաջացած խնդիրը լուծել նշված օրենքում լրացում կատարելու միջոցով: Մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված գործերի՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե և ըստ ենթակայության՝ այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված՝ հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտային հաշիվներ, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, որի՝ համապատասխան դեպոզիտ հաշիվ չունենալու հանգամանքով պայմանավորված՝ ըստ ենթակայության վերջինիս քննչական դեպարտամենտ փոխանցված քրեական գործերի կապակցությամբ նշված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման Հայաստանի Հանրապետության դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին::
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և ապահովել Ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումն այն մարմինների միջև, որոնց, ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի ուժով, փոխանցվել են Ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը):
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ, այլ բխում է փոխվարչապետ Մ. Գրիգորյանի 28.09.2022 թվականի թիվ /02.6/32009-2022 հանձնարարականից, 29.07.2022 թվականին կայացած՝ Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի թիվ ԿԱ/181-2022 արձանագրության 1-ին կետի կատարումից:
-
Քննարկվել է
03.10.2022 - 18.10.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3080
Տպել