Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄՍԱԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծերի մշակումը բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննության ապահովման անհրաժեշտությունից:

 

2.Առկա իրավիճակը

2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքը, որով որպես նոր մասնագիտացված դատարան նախատեսվեց հակակոռուպցիոն դատարանը:

Բարձրագույն դատական ատյանում մասնագիտացված դատավորների կողմից հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքը, որով ստեղծվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը: Ընդ որում, հենց հակակոռուպցիոն պալատի ներսում ևս մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով կոռուպցիոն հանցագործություններով և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվեց առանձին մասնագիտացված կազմերի: Նախատեսվեց, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմերը՝ 5–ական դատավորների թվակազմով։

Ներկայացված իրավակարգավորումների համատեքստում ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննությունն իրականացվում է մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, իսկ այդ գործերով կայաված ակտերի վճռաբեկության կարգով վերանայումն իրակակցվում է Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացված՝ հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունը իրականացնում են վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանները:

          Մասնագիտացված արդարադատությանը իր մի շարք որոշումներում անդրադարձ է կատարել առաջին հերթին հենց Սահմանադրական դատարանը: Մասնավորապես 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780, 13.04.2010 թվականի թիվ ՍԴՈ-873 և 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումներում Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումները, որ մասնագիտացված արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլոց, նպատակ է հետապնդում ապահովել առաջին հերթին դատավորների մասնագիտացման միջոցով տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է: Հետևաբար, այդ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում:

          Մասնագիտացված դատարանների ստեղծման կարևորությանն անդրադարձել են նաև հեղինակավոր միրջազգային կառույցներն իրենց փաստաթղթերում: Մասնավորապես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը իր (CCJE-GT) 15-րդ կարծիքի 44-րդ կետով նշել է, որ դատարանի ավելի բարձր ատյաններում դատավորների մասնագիտացումը դատավորների մեջ պետք է որոշակի բազմակողմանիության հնարավորություն տա, որպեսզի տարբեր տեսակի գործեր քննելիս հնարավոր լինի ճկունություն ցուցաբերել, ընդ որում` ճկունությունն անհրաժեշտ է, որպեսզի ավելի բարձր ատյանի դատարանները պատշաճ կատարեն իրենց օրինական և սահմանադրական պարտականությունները, այսինքն՝ երաշխավորեն օրենսդրության և կոնկրետ քննվող գործերի նկատմամբ հետևողականությունը[1]:

«Դատավորների մասնագիտացման մասին» Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ, ԱԱԵՀ) կարծիքում կարևորվում է, որ մասնագիտացումը որոշակի իրավական ոլորտում գիտելիքների ընդլայնման միջոցով կարող է օգնել բարելավել դատարանի աշխատանքի արդյունավետությունը և գործերի կառավարումը՝ հաշվի առնելով գործերի անընդհատ աճող թիվը: ԱԱԵՀ-ն նշում է, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելիս պետք է հաշվի առնել դատավորի աշխատանքը որոշող չափանիշները՝ դատարանի չափը, սպասարկման պահանջները, այն փաստը, որ դատավորների համար ավելի ու ավելի դժվար է դառնում է յուրացնել բոլոր իրավական ոլորտները:

          Այսպիսով, ընդհանուր առմամբ մասնագիտացված դատարանների կողմից միայն իրենց վերապահված առանձին ոլորտներում գործերի քննությունը, ապա նրանց կողմից կայացրած դատական ակտերի վերանայումը համապատասխան մասնագիտացում ունեցող բարձր ատյանի կողմից, բարձրացնում են գործերի քննության արդյունավետությունը, ինչպես նաև նպաստում են առավել բարձրորակ և հաստատուն դատական պրակտիկայի ձևավորմանը իրավունքի առանձին ոլորտներում։

          Ինչ վերաբերում է հենց հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված դատարաններ ստեղծելուն, ապա կարելի է առանձնացնել  հետևյալ հիմնական փաստարկները՝ արդյունավետությունը և մասնագիտացվածությունը, որոնք հավասարապես վերաբերելի կլինեն նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը:

          Արդյունավետությունը մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու անհրաժեշտության առաջնային գործոն հանդիսացել է նման դատարանների միջոցով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդարադատության բարձրացումը։ Մասնավորապես, զարգացող կամ անցումային փուլերում գտնվող պետությունների արդարադատության համակարգերում շատ հաճախ գործերի քննությունը ձգձգվում է տարբեր պատճառներով։ Ընդ որում, նման իրավիճակը, նվազեցնելով հանրային վստահությունը դատական  համակարգի նկատմամբ, առավել անցանկալի իրավիճակ կարող է ստեղծել հատկապես կոռուպցիոն գործերով։ Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում պետության իրավապահ համակարգի հետևողականությունը նշանակում է, որ արդարադատության իրականացման գործընթացում անընդհատ ձգձգումները կարող են կասկածի տակ դնել կոռուպցիայի դեմ պայքարում պետության կարողություններն ու հանձնառությունները։ Բացի այդ, կոռուպցիոն բնույթի գործերի դատական քննության էական ձգձգումները կարող են հանգեցնել մեղադրյալների կամ նրանց օժանդակող անձանց կողմից վկաների նկատմամբ անիրավաչափ ազդեցություն գործելու, ապացույցները թաքցնելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը այլ կերպ խոչընդոտելու վտանգի։ Հետևաբար, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը հնարավորություն տվեց կենտրոնանալ միայն կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների վրա: Այս համատեքստում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը հնարավորություն կտա առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտերը վերանայել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ ապահովելով գործի ողջամիտ ժամկետներում և արդյունավետ քննությունը:

          Մասնագիտացվածությունը. մասնագիտացված կոռուպցիոն դատարանի ստեղծումը սերտորեն փոխկապակցված էր կոռուպցիոն գործերով արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացման փաստարկների հետ և հանգում էր ոլորտային մասնագիտացվածություն ունեցող դատական կազմ ունեցող դատարան ունենալուն։ Բազմաթիվ կոռուպցիոն գործեր, մասնավորապես այնպիսիները, որոնք ներառում են բազմաթիվ ֆինանսական գործարքներ և տարաբնույթ սխեմաներ, շատ ավելի բարդ են դատավորների համար, քան սովորական քրեական գործերը։ Ներկայումս, թեև կոռուպցիոն հանցագործությունների և քաղաքացիական հակակոռուպցիոն գործերով կայացված դատական ակտերի վերաքննությունն իրականացվոում է վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների մասնագիտացված կազմերի կողմից, այնուամենայնիվ գործերի բարդությունը և քննության արդյունավետ կազմակերպման պահանջը անհրաժեշտություն են դարձնում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը: Հետևաբար, նման գործերով մասնագիտացված դատարանի ստեղծումը կոչված է ոչ միայն բարելավել արդարադատության արդյունավետությունը, այլ նաև արդարադատության որակը։

          Ամբողջ վերոշարադրվածը պայմանավորում են նոր՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես հակակոռուպցիոն ոլորոտւմ մասնագիտացված դատարանների ստեղծման գործընթացի տրամաբանական շարունակություն:

2.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-197-Ն օրենքով Դատական օրենսգրքում նախատեսվեց դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց բարեվարքության գնահատման համակարգը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն օրենքով այս համակարգը նախատեսվեց նաև Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար:

Մինչդեռ, Դատական օրենսգրքում դեռևս նախատեսված չեն կարգավորումներ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց բարեվարքության ուսումնասիրության գործընթացի վերաբերյալ, այն դեպքում, երբ ինչպես արդեն նշվեց բարեվարքության ուսումնասիրության գործընթացը պարտադիր է ինչպես դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող, այնպես էլ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար: Ուստի անհրաժեշտության է առաջացել բարեվարքության գնահատման համակարգը հստակորեն կարգավորել նաև վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար:

 

3. Նախագծերի նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարանը, որն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը ավելացնել հակակոռուպցիոն բաժնով՝ նախատեսելով, որ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

  • Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար բարեվարքության գնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը:

 

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից: 

 

5. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխութուններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխութուններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունման կապակ­ցու­թ­յամբ ակնկալվելու է պետական բյուջեի ծախսերի ավելացում՝ նոր մասնագիտացված դատարանի նախագահի, նախագահի օգնականների և դատարանի գրասենյակի այլ աշխատակիցների հաստքիների ավելացմամբ պայմանավորված (հաստիքների թիվը կհստակեցվի նախագծի լրամշակման փուլում)։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշումից, որի 5.3-րդ կետը նախատեսում է, որ որ Դատաիրավական բարեփոխումները նպատակ են ունենալու՝ հստակեցնելու և համապարփակ կարգավորելու դատավորների բարեվարքության ստուգման իրավական հիմքերը՝ ներդնելով դատավորների գործունեության, բարեվարքության և գույքային դրության համընդհանուր գնահատման և ստուգման մեխանիզմներ: Դատաիրավական բարեփոխումների օրակարգը նախևառաջ պետք է շարունակի միտված լինել դատավորների բարեվարքության ամրապնդմանը՝  նպատակ ունենալով շարունակաբար դատական համակարգ ներգրավել նոր արհեստավարժ կադրերի՝ միաժամանակ ներդնելով դատավորի պաշտոնի գրավչության բարձրացմանը և դատական համակարգ ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետների մուտքը խթանելուն ուղղված գործիքակազմեր։ Նշվածի անհրաժեշտությունը հատկապես կարևոր կարող է դառնալ դատավորների բարեվարքության գնահատման արդյունքում դատական համակարգում համալրում կատարելու անհրաժեշտության դեպքում: Բարեվարքության ամրապնդմանն ուղղված գործողությունները պետք է կրեն ինստիտուցիոնալ բնույթ՝ որպես վերջնարդյունք իրենց առջև ունենալով դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման ու ամրապնդման, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգի կայացման թիրախը:

Նախագիծը բխում է նաև Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից, որում նախատեսված է, որ ռազմավարության բացարձակ առաջնահերթություններից է դատավորների բարեվարքության գնահատման արդյունավետ համակարգի ներդնումը՝ այդ թվում դատավորի գույքային դրության, գույքի օրինականության ստուգման մասով:

Նախագծերի մշակումը բխում է նաև Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը, որպես ռազմավարական ուղղություն՝ հայեցակարգի հիման վրա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակումը՝ նոր մասնագիտացված դատարանների կամ դատավորների ենթամասնագիտացումների նախատեսման համար իրավական հիմքեր ստեղծելու նպատակով: Որպես արդյունք նախատեսվել է դատավորների ենթամասնագիտացումների կամ մասնագիտացված դատարանների թիվն ավելացել է առնվազն 1-ով:

 

 

 

[1] Հասանելի է https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168046a4b7 հղումով

  • Քննարկվել է

    23.09.2022 - 08.10.2022

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4554

Տպել