ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 25-րդ հոդվածը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-րդ հոդվածի 3-րդ մասը, «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին N 702-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) Որոշման N 3 hավելվածը լրացնել նոր 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«19. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը) թույլատրելիս սահմանապահ զորքերը օրենքով նախատեսված դեպքերում տալիս են այցելության մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա կամ անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված գործառույթներ։
- ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը), բացառությամբ օդանավակայաններում գտնվող անցման կետերի, թույլատրելիս սահմանապահ զորքերը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով հանձնում են իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը։
- Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգի խախտման դեպքեր հայտնաբերելիս սահմանապահ զորքերը քննում և իրականացնում են վարչական վարույթ::
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի նոյեմբերի 1-ից։