Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտին առնչվող, ինչպես նաև քաղաքացիների հանգստի և ճանապարհորդության իրավունքների իրացման և այդ իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, սահմանում է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները և դրանց իրականացման մեխանիզմները:

Հոդված 2. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտում ծագած հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • Այցելու` ֆիզիկական անձ, ով ճանապարհորդում է իր մշտական կեցության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, կրթական, հանգստի, հարազատներին այցելության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրի ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը․
  • Զբոսաշրջիկ` այցելու, որը ճանապարհորդելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց:
  • Զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, կրոնական, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, առողջարարական, վերականգնողական, գործնական, կրթական, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, բնապահպանական և այլ բնույթի միջոցառումների մասնակցության և այլ նպատակներով զբոսաշրջիկների ճանապարհորդություն` մշտական կացության վայրից (երկրից) այլ վայր (երկիր), առավելագույնը մինչև մեկ տարի ժամանակահատվածով:
  • Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ` ֆիզիկական անձ, որի մշտական կացության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:
  • Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ` ֆիզիկական անձ, որի մշտական կացության վայրը Հայաստանի Հանրապետությունը չէ:
  • Ներգնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:
  • Արտագնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
  • Ներքին զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:
  • Զբոսաշրջային ծառայություններ` զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, ավտովարձույթի, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, մարզական, գործնական, կրթական, բնապահպանական և այլ բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման կամ այլ ծառայություններ:
  • Զբոսաշրջային փաթեթ` առնվազն երկու տարբեր զբոսաշրջային ծառայությունների համալիր, որը պարունակում է առնվազն մեկ գիշերակաց կամ մատուցվում է առնվազն 24 ժամվա ընթացքում և առաջարկվում կամ իրացվում է մեկ կետից, մեկ ընդհանուր գնով կամ «փաթեթ» եզրույթի ներքո:
  • Զբոսաշրջային փաթեթի պայմանագիր` ամբողջական զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը կամ տարբեր պայմանագրերով զբոսաշրջային փաթեթի տրամադրման դեպքում՝ փաթեթում ներառված ծառայությունների մատուցման կամ տրամադրման բոլոր պայմանագրերը։
  • Զբոսաշրջային փաթեթի մեկնարկ` զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների մատուցումը սկսելու ժամկետ:
  • Տուր` առնվազն երկու տարբեր զբոսաշրջային ծառայությունների համալիր, որը առաջարկվում կամ իրացվում է մեկ կետից, մեկ ընդհանուր գնով, սակայն չի պարունակում գիշերակաց և իրականացվում է մինչև 24 ժամվա ընթացում:
  • Զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային և այլ ռեսուրսներ։ որոնք կարող են հանդիսանալ զբոսաշրջային արդյունք կամ գրավչության օբյեկտ կամ ներառվել զբոսաշրջային փաթեթում:
  • Զբոսաշրջային արդյունք` մեկ կամ մի քանի զբոսաշրջային ռեսուրս կամ ծառայություն կամ դրանց համալիր, որը անհրաժեշտ է զբոսաշրջային ուղևորություն իրականացնելու ժամանակահատվածում և ուղղված է զբոսաշրջիկի պահանջմունքների բավարարմանը։
  • Զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է տուրի կամ զբոսաշրջային փաթեթի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն և ապահովում է փաթեթի կամ տուրի մեջ ընդգրկված ծառայությունների մատուցումը:
  • Զբոսաշրջային գործակալ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն առանց զբոսաշրջային փաթեթ կամ տուր ձևավորելու հանդիսանում է միջնորդ հետևյալ ծառայությունների մատուցման դեպքում՝

ա) զբոսաշրջային փաթեթների խթանում և վաճառք․

բ) ճանապարհորդության հետ կապված փաստաթղթերի ձևակերպում․

գ) տրանսպորտային ծառայությունների տրամադրում․

դ) հյուրանոցային ծառայությունների տրամադրում․

ե) ճամփորդական ապահովագրության տրամադրում․

զ) զբոսաշրջային այլ ծառայությունների տրամադրում:

  • Զբոսավար` մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձ, որը զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, բնության, աշխարհագրության, պետական համակարգի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և նվաճումների մասին և զբոսաշրջային երթուղու շրջանակներում մատուցում է կազմակերպչական ծառայություններ:
  • Ուղեկցորդ` մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձ, որը զբոսաշրջային երթուղու շրջանակներում զբոսաշրջիկներին մատուցում է ուղեկցման, կազմակերպչական ծառայություններ և ապահովում զբոսաշրջիկների անվտանգությունը:
  • Զբոսաշրջային ավտոբուս՝ առնվազն 9 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող ավտոմոբիլ, որի միջոցով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում:
  • Զբոսաշրջային երթուղի` երթուղի, որը միմյանց է կապում զբոսաշրջային տարբեր գրավչության օբյեկտներ և վայրեր:
  • Զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը զբոսաշրջային ավտոմոբիլով իրականացնում է ցամաքային զբոսաշրջային ուղևորափոխադրումներ։
  • Զբոսաշրջային կլաստեր` առաջնահերթ զարգացման ենթակա և զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող, նշանակալի զբոսաշրջային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածք, որի սահմանները և կարգավիճակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  • զբոսաշրջային փորձառություն – զբոսաշրջային գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների՝ հմտությունների ամբողջություն:
  • Զբոսաշրջային գյուղ` առաջնահերթ զարգացման ենթակա և զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող, նշանակալի զբոսաշրջային ռեսուրսների կենտրոնացմամբ գյուղական բնակավայր, որի կարգավիճակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  • Հյուրանոցային տնտեսության օբյեկտ` սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված օբյեկտներից յուրաքանչյուրը:
  • Հյուրանոցային ծառայություն մատուցող անձ` սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
  • Հյուրանոցային համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտի բնակելի միավոր, որն ունի առանձին մուտք, տրամադրվում է հյուրին գիշերակացի համար և ապահովված է կացության համար անհրաժեշտ կահավորանքով:

ԳԼՈՒԽ 2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ 

Հոդված 4. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները և նպատակը

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է:
  2. Զբոսաշրջության ոլորտում պետական կարգավորման հիմնական սկզբունքներն են.
  • ներառական և կայուն տնտեսական աճի, զբաղվածության և պատշաճ աշխատանքի խթանումը,
  • պատասխանատու սպառումը` զբոսաշրջային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման ապահովումը,
  • Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ապակենտրոն զարգացման խթանումը,
  • զբոսաշրջային տեղեկատվության թափանցիկության ապահովումը,
  • զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ իրավական և տնտեսական պայմանների ստեղծումը,
  • զբոսաշրջիկների համար անվտանգ և ապահով զբոսաշրջային միջավայրի ապահովումը,
  • զբոսաշրջային ծառայությունների որակի շարունակական բարելավումը,
  • սոցիալական և մշակութային բազմազանության խթանումը,
  • միջազգային արդյունավետ համագործակցության զարգացման ապահովումը։

 

  1. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.
  • Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը` պայմանավորված.

ա) զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացմամբ,

բ) զբոսաշրջությունից ստացվող եկամտի ավելացմամբ,

գ) աշխատատեղերի ստեղծմամբ,

  • շահագրգիռ կողմերի համար սոցիալ-տնտեսական օգուտների ստացմանը, ինչպես նաև հյուրընկալող համայնքում կայուն զբաղվածության, եկամուտ ստանալու հնարավորությունների ու սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովմանը,
  • պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
  • մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
  • շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանը,
  • Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության ու հարգանքի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը,
  • Հայաստանի հասանելության բարձրացմանը և զբոսաշրջության խթանման միջոցով արտաքին կապերի ամրապնդմանը,
  • Հայաստան-Սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
  • Հայաստանի՝ որպես աշխարհում ամենացանկալի զբոսաշրջային երկրներից մեկի նկարագրի ձևավորմանը,
  • համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացմանը:

 

Հոդված 5. Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

  1. Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
  • հաստատում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունը վերաբերող զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերը,
  • հայտարարում է զբոսաշրջային կենտրոններ, զբոսաշրջային գյուղեր, հաստատում է դրանց տարածքներում քաղաքաշինական և բնապահպանական հատուկ նորմեր, զարգացման նպատակներ, խնդիրներ, միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում հաստատում է զբոսաշրջային երթուղիներ,
  • հաստատում է զբոսաշրջության ոլորտում գործունեության ծանուցման կարգն ու չափանիշները, ներառյալ՝ ծանուցմանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ծանուցման ենթակա գործունեության նկատմամբ պահանջներն ու պայմանները, զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի վարման կարգը (ներառյալ տվյալների բազայի բովանդակությունը),
  • հաստատում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների որակավորման չափանիշները, կարգերն ու ընթացակարգերը, վկայականների ու նշանների ձևերը,
  • հաստատում է զբոսաշրջային փորձառությունների որակավորման չափանիշները, ընթացակարգերը, վկայականների ու տարբերանշանների ձևերը,
  • իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ՝ ուղղված այցելուների անվտանգության ու Հայաստանի Հանրապետության դրական նկարագրի ապահովմանը, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական չափանիշների սահմանմանը,
  • քննարկում և իր իրավասության սահմաններում հաստատում է զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր,
  • հաստատում է պաշտոնական զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների տարբերանշանը, հավատարմագրման կարգն ու չափանիշները,
  • իր իրավասության սահմաններում զբոսաշրջության ոլորտում կնքում է միջազգային պայմանագրեր,
  • իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 6. Զբոսաշրջության կոմիտեի լիազորությունները

 

  1. Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հանդիսանում է զբոսաշրջության ոլորտի Լիազոր մարմինը։
  2. Կոմիտեն՝
  • մշակում և իրավասու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության  զարգացման հետ կապված նրանց իրավասությունների վերաբերյալ.
  • մշակում առաջարկություններզբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ.
  • մասնակցում է զբոսաշրջությանոլորտի ռազմավարության, զարգացման պետական ծրագրերի մշակմանը, ապահովում դրանց իրականացումը և մշտադիտարկումը.
  • իրականացնում է զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցություն, մշակում և քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ՝ զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության և միջգերատեսչական պայմանագրերի վերաբերյալ, միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի Հանրապետության շահերը․
  • մշակում է զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման կարգը (ներառյալ տվյալների բազայի բովանդակությունը), շահառուներին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն․
  • մշակում զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի վարման և զբոսաշրջության ոլորտում գործունեության ծանուցման կարգն ու չափանիշները, ներառյալ՝ ծանուցմանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ծանուցման ենթակա գործունեության նկատմամբ պահանջներն ու պայմանները․
  • մշակում է առաջարկություններ զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ (կլաստերներ), երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ.
  • կազմակերպում և իրականացնում է զբոսաշրջությանն ուղղված  տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեություն.
  • աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը․ 
  • մշակում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման չափանիշները, կարգերն ու ընթացակարգերը, վկայականների և նշանների ձևերը․
  • մշակում է զբոսաշրջային փորձառություններ մատուցողների նկատմամբ պահանջները, զբոսաշրջային փորձառությունների որակավորման ընթացակարգը, փորձառության մակարդակների որոշման, որակավորման համապատասխան տարբերանշանի տրամադրման, զբոսաշրջային փորձառություններ մատուցողների որակավորման վկայականի ձևի և որակավորված զբոսաշրջային փորձառությունների տարբերանշանի ձևերի հաստատման կարգը․
  • մշակում է պաշտոնական զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների տարբերանշանը, հավատարմագրման կարգն ու չափանիշները․
  • մշակում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը․
  • մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով ուղեցույցների մշակմանը, աջակցում է այդ ուղղությամբ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների անձնակազմի վերապատրաստմանը․
  • իրականացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային փորձառությունների որակավորում․
  • վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստր և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան․
  • ապահովում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորումն ու ամրապնդումը.
  • իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ և շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.
  • իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաև գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումը` խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի և հասարակության հետ կապերի այլ միջոցներով.
  • մասնակցում է զբոսաշրջային կենտրոններում (կլաստերներում), զբոսաշրջային գյուղերում և զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող այլ վայրերում տնտեսական և քաղաքաշինական գործունեության չափորոշիչների մշակմանը.
  • մասնակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
  • մշակում և իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.
  • ուսումնասիրում և վերլուծում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը և այն տրամադրում է շահառուներին.
  • աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության ոլորտում կնքված պայմանագրերի և համաձայնագրերի իրականացմանը․
  • համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ, սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացման շրջանակներում․
  • համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող զբոսաշրջության աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ․
  • իրականացնում է զբոսաշրջության ոլորտի վիճակագրության բարելավմանն ուղղված, այցելուների և զբոսաշրջիկների վերաբերյալ տեղեկատվության մշակման և վերլուծության աշխատանքներ․
  • իրականացնում է ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվող անձանց հաշվառում, վարում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան․
  • մասնակցում է ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվող անձանց կողմից ծանուցման ենթակա գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ գնահատման աշխատանքներին․
  • իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

     ԳԼՈՒԽ 3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

Հոդված 7.  Զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրը

  1. Զբոսաշրջության կոմիտեն վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստր` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բովանդակությամբ տվյալների բազա Հայաստանի Հանրապետությունում գտնվող և գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայություն մատուցողների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսավարների, ուղեկցորդների, պաշտոնական զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և սույն օրենքին համապատասխան որակավորված զբոսաշրջային փորձառությունների վերաբերյալ:
  3. Զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրը վարում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր սկզբունքով։
  4. Վարչական ռեգիստրում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.  Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը

  1. Զբոսաշրջության կոմիտեն վարում է զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  2. Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բովանդակությամբ տվյալների բազա հետևյալ զբոսաշրջային ռեսուրսների մասին՝
  • զբոսաշրջային մարդածին ռեսուրսներ, որոնք բաժանվում են հետևյալ խմբերի.

ա) զբոսաշրջային նյութական մարդածին ռեսուրսներ, այդ թվում` պատմության և  մշակույթի հուշարձաններ, պատմական շինություններ, կառույցներ, առարկաներ, մարդու կողմից ստեղծված զբոսաշրջության գրավչության այլ օբյեկտներ.

բ) զբոսաշրջային ոչ նյութական մարդածին ռեսուրսներ, այդ թվում` մշակութային, գիտական, բուժական, առողջարանային, զվարճանքի գործունեության արդյունք հանդիսացող ոչ նյութական արժեքներ:

  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրնեց իրավասության շրջանակներում աջակցում են Զբոսաշրջության կոմիտեին՝ զբոսաշրջային ռեսուրսների գույքագրման և գրանցամատյանի վարման գործընթացում, այդ թվում նաև՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն:

ԳԼՈՒԽ  4.  ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ

Հոդված 9. Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների դասակարգումը

  1. Սույն հոդվածով սահմանված ցանկը ներառում, սակայն չի սահմանափակվում  հետևյալ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներով՝

1) հյուրանոցային ծառայություն մատուցող անձ,

2) զբոսաշրջային օպերատոր,

3) զբոսաշրջային գործակալ,

4) զբոսավար,

5) ուղեկցորդ

6) զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրող։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-6 կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների գործունեությունները ենթակա են ծանուցման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով, սույն օրենքով և «Զբոսաշրջության ոլորտում գործունեության ծանուցման կարգն ու չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, կայուն զբոսաշրջության լրացուցիչ խթանման, այցելուների անվտանգության ապահովման նպատակով կարող են սահմանվել զբոսաշրջային ծառայությունների որակավորման համակարգեր, որոնց չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Զբոսաշրջային ծառայություններ մատուցողները և նրանց գործունեությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
  4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում հյուրանոցային ծառայությունների մատուցման, զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներն ազատ են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հյուրանոցային ծառայությունների մատուցման, զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ծանուցելուց և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառվելուց հետո։

Հոդված 10. Հյուրանոցային ծառայությունները

  1. Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կացության հետ կապված այլ ծառայությունները:
  2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են`

1) կացարանի և սանհանգույցի տրամադրումը,

2)  ամեն օր կացարանի ու սանհանգույցի մաքրումը և անկողնու հարդարումը։

  1. Հյուրանոցային ծառայությունները մատուցվում են ծանուցման մեջ նշված վայրերում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։

Հոդված 11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակները

  1. Հյուրանոցը կարճաժամկետ կեցության համար նախատեսված հարմարություններով, հյուրանոցային ծառայություններ մատուցող և ամենօրյա սպասարկում իրականացնող օբյեկտ է, որն ունի նախասրահ, ընդունարան, խոհանոց և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց:
  2. Մոթելը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որը գտնվում է ճանապարհների հարևանությամբ, բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, որն ունի առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ երկտեղանոց) և որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ: Մոթելում մատուցվում է նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:
  3. Առողջարանը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի ծառայություններ` օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում մատուցում է նաև բժշկական օգնություն և սպասարկում:
  4. Հոսթելը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ։ Հոսթելն ունի գիշերելու համար առնվազն 12 ննջատեղ:
  5. Մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ՝ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) իրականացնող անձանց:
  6. Հանգստյան տունը (պանսիոնը) օբյեկտ է, որտեղ մարդիկ այցելում են հիմնականում ժամանցի, արձակուրդի և հանգստի այլ ձևերի նպատակով և որտեղ բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվումեն սննդի ծառայություններ։
  7. Ճամբարային բնակատեղին (քեմփինգ) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում կամ անշարժ գույք չհանդիսացող այլ շինություններում:
  8. Զբոսաշրջային տունը (Բի ընդ Բի` B&B) այն բնակելի տունը կամ բնակարանն է, որտեղ բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում է առնվազն նախաճաշ:Ունի 4-11 սենյակ և հյուրընկալը ապրում է այդ տանը:
  9. Հյուրատունը՝ վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող բնակելի տուն, առանձին շինություն կամ օբյեկտ, որն ունի առնվազն 6 հյուրանոցային համար։

Հոդված 12. Հյուրանոցային ծառայությունների մատուցման վայրը և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը

  1. Հյուրանոցային ծառայությունների մատուցման վայրը հյուրանոցային տնտեսության օբյեկտն է, որը հյուրանոցային ծառայություն մատուցող անձի գործունեության ծանուցման մեջ նշվում և հաշվառվում է իր տեսակով, անվանումով և հասցեով։
  2. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի գործունեության ծանուցման մեջ նշված և հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կամավոր որակավորում:
  3. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի և սույն օրենքով սահմանված նվազագույն պահանջները։
  4. Զբոսաշրջության կոմիտեն որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ տեղեկությունը հրապարակում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող և իր պաշտոնական ինտերնետային կայքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով։
  5. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևի վկայական:
  6. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման հիմքով հյուրանոցային ծառայություններ մատուցելու գործունեության իրավունքը Լիազոր մարմնի որոշմամբ դադարեցվում է այն հյուրանոցային տնտեսության օբյեկտում, որտեղ կատարվել է խախտումը։
  7. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման պատճառով հյուրանոցային ծառայություններ մատուցելու գործունեության իրավունքը դադարեցվելու դեպքում, դադարում է այն հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման վկայականի գործողությունը, որտեղ կատարվել է խախտումը։
  8. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով պետք է օգտագործի իր գործունեության ծանուցման մեջ նշված հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը և անվանումը, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում` նաև համապատասխան որակավորման կարգի նշանը: 
  9. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով սույն հոդվածով նախատեսված տեսակ օգտագործելը, եթե օգտագործվող տեսակը չի համապատասխանում սույն հոդվածով այդ տեսակի համար սահմանված պահանջներին:
  10. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
  11. Արգելվում է սույն օրենքով նախատեսված որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:

 

Հոդված 13. Հյուրանոցային ծառայություններին ներկայացվող պահանջները

  1. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պարտավոր է հյուրանոցային տնտեսության օբյեկտում, հյուրերի համար տեսանելի տեղում տեղադրել հետևյալ տեղեկատվությունը`
  • հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումն ու որակավորման կարգը (եթե առկա է),
  • մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը (գիշերակացը և, եթե առկա է, սննդի համալիր ապահովումը),
  • հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն:
  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 6-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը պետք է տեսանելի լինի նաև դրսից:
  2. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը վարում է հյուրերի և հյուրերի համար ամրագրում կատարող անձանց վերաբերյալ տվյալների (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:
  3. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը հյուրի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:
  4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակին և որակավորման կարգին վերաբերող պահանջները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է հասանելի լինեն հյուրին և տրամադրվեն առաջին իսկ պահանջով:
  5. Հյուրանոցներում և առողջարաններում պետք է ապահովված լինի հաշմանդամություն (հենաշարժողական, տեսողական, լսողական) ունեցող անձանց համար նվազագույն հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն, որի մասին տեղեկատվությունը պետք է տեղադրված լինի հյուրերի համար տեսանելի տեղում։

Հոդված 14. Պայմանագիր կնքելու և կատարելու հյուրանոցային ծառայություն մատուցող անձի պարտականությունը

  1. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պարտավոր է.
  • իր կողմից նախապես հրապարակված պայմաններին (այդ թվում` ելնելով նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտի առանձնահատկություններից) համապատասխան, առանց խտրականության հյուրանոցային ծառայություններ մատուցել յուրաքանչյուր անձի, ով ներկայանում է անձը հաստատող փաստաթղթերով ու դիմում հյուրանոցային ծառայությունների խնդրանքով և պատրաստ է վճարել ծառայությունների դիմաց, եթե պահանջվող հյուրանոցային ծառայություններն այլ անձի կողմից զբաղեցված կամ ամրագրված չեն,
  • ընդունել և տեղավորել հյուրի իրերը,
  • ապահովել հյուրերի անվտանգությունը և նրանց մատուցվող սննդամթերքի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին:
  1. Հյուրանոցային համարը նախապես ամրագրված և հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից հաստատված լինելու պարագայում ազատ համար չլինելու հիմքով հյուրանոցային ծառայության մատուցումը մերժելու դեպքում հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պարտավոր է ամրագրում պատվիրած անձին վերջինիս հայեցողությամբ.
  • այլ հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովել ամրագրված հյուրանոցային համարին համարժեք հյուրանոցային համարով, կամ
  • փոխհատուցել ամրագրման պահին հյուրանոցային համարի պայմանավորված գնի առնվազն կրկնապատիկի չափով ամրագրման ողջ ժամանակահատվածի համար:

Հոդված 15. Պատասխանատվությունը հյուրի անձնական իրերի պահպանության համար

  1. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հյուրի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
  2. Հյուրանոցում և մոթելում հյուրանոցային ծառայություն մատուցող անձը ապահովում է հյուրերի թանկարժեք իրերը չհրկիզվող պահարանում պահելու հնարավորություն և այդպիսի հնարավորության մասին տեղեկատվություն է զետեղում հյուրանոցի ընդունարանի, ինչպես նաև բոլոր համարների տեսանելի մասում:
  3. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պատասխանատվություն չի կրում հյուրի այն դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստիհամար, որոնք հյուրը պահել է իր վերահսկողության տակ:

Հոդված 16. Զբոսաշրջային օպերատորները և զբոսաշրջային գործակալները

  1. Զբոսաշրջային օպերատորը և իր անունից ծառայություններ իրացնող զբոսաշրջային գործակալը գործունեության ողջ ընթացքում զբոսաշրջային փաթեթի ձևավորման և իրացման հետ կապված զբոսաշրջիկի նկատմամբ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ֆինանսական երաշխիքներ:
  2. Զբոսաշրջային օպերատորին և զբոսաշրջային գործակալին արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնել, առաջարկել կամ զբոսաշրջային փաթեթում ներառել՝
    • ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունք չունեցող հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի հյուրանոցային ծառայություններ․
    • այն հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով մատուցվող հյուրանոցային ծառայություններ, որը հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ծանուցման մեջ նշված չէ որպես ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայր․
    • ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունք չունեցող զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայություններ, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի․
    • ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունք չունեցող ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների միջոցով տրանսպորտային ծառայություններ:

Հոդված 17. Զբոսաշրջային ծառայությունների իրացումն ու խթանումը

  1. Զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին (զբոսաշրջիկին) ուղղակիորեն վաճառելու դեպքում կնքում են սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր։
  2. Զբոսաշրջային օպերատորը պատասխանատվություն է կրում պայմանագրում ներառված ծառայությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` անկախ նրանից, ծառայությունները մատուցվում են իր, թե իր հետ պայմանագիր կնքած այլ անձանց կողմից:
  3. Զբոսաշրջային գործակալը իր անունից կնքած պայմանագրի (այդ թվում` փաստաթղթերի ձևակերպման և ճանապարհորդության կազմակերպման հետ կապված այլ ծառայությունների մատուցման) մասով սպառողի առջև պատասխանատվություն է կրում պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
  4. Արգելվում է հրապարակել կեղծ գովազդ զբոսաշրջային ծառայություններ մատոցողի կողմից առաջարկվող և վաճառվող ծառայությունների վերաբերյալ:

Հոդված 18. Սպառողին տրամադրվող տեղեկատվությունը

  1. Նախքան սպառողի հետ պայմանագիր կնքելը զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը պարտավոր են սպառողին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների հետ կապված գրավոր (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով) տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ`
  • անձնագրերի, ժամանման կամ տարանցիկ երկրների մուտքի և ելքի հետ կապված պահանջների ու ձևակերպումների (արտոնագրեր, սահմանային անցման, մաքսային և այլ ձևակերպումներ),
  • կյանքի, առողջության ապահովագրության և այլ ապահովագրական ծառայությունների,
  • ժամանման կամ տարանցիկ վայրերում կամ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների,
  • ամրագրման պայմանների, այդ թվում` պայմանագիրը լուծելու պայմանների,
  • վճարման չափի, կարգի, ժամկետի և նպատակի,
  • տրանսպորտային, քաղաքային տուրքերի և այլ հատուկ գանձումների,
  • փոխադրումների և փոխադրամիջոցների, այդ թվում՝ մեկնման և վերադարձի ժամերի, միջանկյալ կանգառների և վայրերի,
  • կոնտակտային տվյալների, որոնց միջոցով սպառողը կարող է կապվել զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի հետ ճանապարհորդության ընթացքում:

Հոդված 19. Սպառողի հետ կնքվող պայմանագրի պարտադիր դրույթները

  1. Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պարտադիր դրույթները.
  • զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) և որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը,
  • զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը և իրականացման ժամկետները,
  • զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները և որակական նկարագրերը, այդ թվում`

ա)   տրանսպորտային միջոցների տեսակը, որակավորման կարգը (առկայության դեպքում),

բ)    ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, որակավորման կարգը (առկայության դեպքում),

գ) սննդի կազմակերպման և մատուցման հաճախականությունը, պայմանները, հանրային սննդի օբյեկտի որակավորման կարգը (առկայության դեպքում),

դ)     տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, մշակութային և այլ միջոցառումները (առկայության դեպքում),

  • զբոսաշրջային փաթեթի գինը` բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի մանրամասներով, գնի փոփոխման հանգեցնող հանգամանքների և այդ մասին սպառողին տեղեկացման ժամկետների ձևակերպմամբ,
  • վճարման կարգը, ժամկետներն ու պայմանները,
  • պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կողմերի պատասխանատվությունը,
  • զբոսաշրջային ապահովագրության վերաբերյալ տվյալները (եթե առկա է),
  • անչափահասներին մատուցվող ծառայությունների դեպքում երեխայի կամ պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները,
  • սպառողների իրավունքների, պարտականությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
  • մարդկանց ոչ բավարար քանակի պատճառով փաթեթը չեղյալ հայտարարելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետը, եթե պայմանագրով փաթեթի իրականացման համար սահմանված է անհրաժեշտ նվազագույն քանակով մարդկանց առկայություն,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված այլ տեղեկատվություն:
  1. Զբոսաշրջային փաթեթի գինը կարող է փոխվել բացառապես այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված են դրա հիմքերը և պայմանները, որոնք բացառապես պայմանավորված են հետևյալ փոփոխություններով.
  • տրանսպորտային ծառայությունների գների` կապված վառելիքի կամ այլ էներգակիրների գների փոփոխության հետ,
  • հարկերի, տուրքերի, այլ պարտադիր վճարների,
  • տարադրամի փոխարժեքի:
  1. Զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող բարձրացվել առանց սպառողին զբոսաշրջային փաթեթի մեկնարկից առնվազն 20 օր առաջ համապատասխան հաշվարկներով հիմնավորված ծանուցման:
  2. Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացումը պայմանագրի գնի 8% և ավելի կազմելու դեպքում սպառողն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և հրաժարվել փաթեթից առանց տուգանք վճարելու:

Հոդված 20.  Պայմանագիրը կատարելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի պարտականությունը

  1. Զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը պարտավոր են պատշաճ ձևով կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները:
  2. Սպառողի (զբոսաշրջիկի) հետ կնքված պայմանագրով ոչ սպառողի մեղքով առաջացած ծառայությունների մատուցման անհնարինության դեպքում զբոսաշրջային օպերատորը և իր անունից պայմանագիր կնքած զբոսաշրջային գործակալը միջոցներ են ձեռնարկում, առանց սպառողից հավելյալ գումարներ գանձելու, սպառողի հետ համաձայնեցված համարժեք այլընտրանքային ծառայություններ մատուցելու ուղղությամբ և հատուցում են տրամադրված ու պայմանագրով նախատեսված ծառայությունների միջև առաջացած գումարային տարբերությունը:
  3. Սպառողի հետ այլընտրանքային ծառայություններ մատուցելու համաձայնություն ձեռք չբերելու դեպքում զբոսաշրջային օպերատորն ու իր անունից պայմանագիր կնքած զբոսաշրջային գործակալն ապահովում են սպառողի վերադարձը կամ մեկնումը սպառողի հետ համաձայնեցված որևէ այլ վայր և չմատուցված ծառայությունների համար վճարված գումարի վերադարձը:
  4. Անհաղթահարելի ուժի ազդեցությամբ սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և պայմանագրով:

Հոդված 21. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է զբոսաշրջային ավտոբուսների կամավոր որակավորում:
  2. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումն իրականացնում է Զբոսաշրջության կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:
  3. Որակավորում ստացած զբոսաշրջային ավտոբուսներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևի վկայական:
  4. Որակավորում կարող են ստանալ այն զբոսաշրջային ավտոբուսները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պահանջներին։
  5. Զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձը գործունեության ծանուցման փաստաթղթերի հետ Զբոսաշրջության կոմիտեին է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տվյալներ այն զբոսաշրջային ավտոբուսների վերաբերյալ, որոնց միջոցով իրականացնելու է ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը։
  6. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն զբոսաշրջային ավտոբուսը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
  7. Արգելվում է սույն օրենքով նախատեսված որակավորման կարգի նշանին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը՝ զբոսաշրջային ավտոբուսը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:

Հոդված 22. Զբոսաշրջային ավտոբուսի կայանումը և կանգառը

  1. Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները հաշվառված զբոսաշրջային ավտոբուսների համար սահմանում և տրամադրում են հատուկ անվճար կայանման և կանգառի վայրեր` սեփական նախաձեռնությամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի համաձայնությամբ:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայանման և կանգառի վայրերը նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սպասարկման նշաններով:

Հոդված 23. Զբոսավարների և ուղեկցորդների կողմից ծառայությունների մատուցումը

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը ենթակա է ծանուցման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այն անձանց գործունեության, ովքեր զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային գրավչության օբյեկտի սահմաններում, որտեղ աշխատում են համապատասխան պայմանագրով:
  2. Զբոսավարը և ուղեկցորդը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ կարող են համարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորում ունենալու դեպքում։
  3. Ծանուցված զբոսավարները և ուղեկցորդները պետք է անցնեն ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպությունների կողմից իրականացնվող զբոսավարների, ուղեկցորդների մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացները։
  4. Զբոսավարը և ուղեկցորդը գործունեության ընթացքում պարտավոր են՝
  • իրականացնել զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայությունների մատուցումը գրավոր պայմանագրի կնքմամբ,
  • կատարել զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և պարտավորությունները,
  • հարգել զբոսաշրջիկների ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները,
  • տիրապետել զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի և ծառայությունները մատուցել պայմանագրով նախատեսված օտար լեզվով,
  • համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել զբոսաշրջիկի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կրել անվանաքարտ,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով և պարբերականությամբ անցնել որակավորման ստուգում և ունենալ դրական արդյունք։
  1. Բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմաններից, ուղեկցորդի համար պարտադիր պայմաններ են հանդիսանում նաև`
  • դժվարանցանելի երթուղիների իրականացման ընթացքում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովող գործողություններին և հմտություններին տիրապետելը և դրանք կիրառելը,
  • անհրաժեշտ կապի միջոցներին տիրապետելը և դրանք կիրառելը,
  • արտակարգ իրավիճակների, վնասվածքների և դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելը:
  1. Զբոսավարին և ուղեկցորդին արգելվում է
  • տրամադրել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի պատմության, հայկական զբոսաշրջային արդյունքի կամ պատմամշակութային ժառանգության վերաբերյալ կեղծ, ոչ հավաստի կամ խեղաթյուրված տեղեկություն,
  • մատուցել զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայություններ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չծանուցված զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի միջոցով։

Հոդված 24. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները հավատարմագրվում են Զբոսաշրջության կոմիտեի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  2. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններն ընդգրկվում են ՀՀ կառավարության հաստատած միասնական չափանիշների հիման վրա գործող ազգային ցանցում (network)։
  3. Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավատարմագրված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին շնորհվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշան:
  4. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների չափանիշները, հավատարմագրման ընթացակարգը և տարբերանշանը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  5. Արգելվում է սույն հոդվածով նախատեսված տարբերանշան կամ դրան մոլորեցնելու աստիճանի նման այլ նշան օգտագործելը այն տեղեկատվական կենտրոնները ներկայացնելիս, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով չեն հավատարմագրվել:
  6. Ազգային ցանցում ընդգրկված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների մասին տեղեկատվությունը հրապարակվում է Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում։

ԳԼՈՒԽ 5. ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 25. Զբոսաշրջիկի իրավունքները

Զբոսաշրջիկն իրավունք ունի՝

  1. անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության,
  1. ստանալ պայմանագրով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ,
  2. պայմանագրով նախատեսված լեզվով զբոսաշրջային օպերատորից կամ զբոսաշրջային գործակալից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների մասին,
  3. օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներից,
  4. ստանալ տեղեկատվություն ժամանման կամ տարանցիկ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների մասին:

Հոդված 26. Զբոսաշրջիկի պարտականությունները և պատասխանատվությունը

  1. Զբոսաշրջիկը պարտավոր է՝
  • պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և կանոնները,
  • հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները,
  • չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի պահանջները,
  • առողջական խնդիրներ ունենալու դեպքում անհապաղ տեղեկացնել զբոսավարին, զբոսաշրջային օպերատորին, զբոսաշրջային գործակալին կամ բժշկական օգնության հաստատություն:
  1. Զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով իր ապօրինի գործողությունների համար:

Հոդված 27. Պետության պարտավորությունները զբոսաշրջիկների նկատմամբ

  1. Պետությունն ապահովում է զբոսաշրջիկների իրավունքները և օրինական շահերը՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
  2. Պետությունը պարտավոր է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել արտագնա զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու համար:

ԳԼՈՒԽ 6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Պետական հսկողության խնդիրները

  1. Պետական հսկողության հիմնական խնդիրներն են`
  • զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելումը, հայտնաբերումը և վերացումը,
  • սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների համապատասխանության ապահովումը:
  1. Պետական հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 29. Պետական հսկողություն իրականացնող մարմինը

  1. Զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները։
  2. Սույն օրենքի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակները ճանաչվում են ծանուցման ենթակա՝ զբոսաշրջության ոլորտում գործունեության ծանուցման կարգն ու չափանիշները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց տասն օր հետո:
  2. Սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով առանց ծանուցման թուլատրվում է զբաղվել գործունեության տեսակները ծանուցման ենթակա ճանաչվելուց հետո մեկ տարվա ընթացքում։
  3. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
  4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը զբոսաշրջության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից զբոսավարներին և ուղեկցորդներին շնորհված որակավորման վկայականները հիմք են հանդիսանում սույն օրենքին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զբոսավարների և ուղեկցորդների ծանուցման համար։

Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ 11-Ն օրենքը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել 12.2 գլխով` հետևյալ բովանդակությամբ.

 

«ԳԼՈՒԽ 12.2

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Հոդված 171.12 «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը

 

  1. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 12-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 14-րդ հոդվածով, 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներով, 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, 23-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով մասով սահմանված յուրաքանչյուր պահանջ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

  1. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված յուրաքանչյուր պահանջ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված յուրաքանչյուր արարքը վարչական տույժի կիրառման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է պատասխանատվություն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներով նախատեսված կարգով:»:      

Հոդված 2. Օրենսգրքի 244.7 հոդվածի վերնագրում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով։

Հոդված 3 Օրենսգրքի 244.7 հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ և 26-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «171.12 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։

Հոդված 5. Սույն օրենքի Հոդված 1-ով ներկայացված Հոդված 171.12-ի 2-րդ մասը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։  

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

«2․ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների ծանուցման վավերապայմանները, ներառյալ զբոսաշրջության ոլորտում գործունեության ծանուցման կարգն ու չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 2 Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը «վերացումը» բառից հետո լրացնել «,եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ» բառերով։ 

Հոդված 3 Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել 6. մասով` հետևյալ բովանդակությամբ. 

 

6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

 

 

  1.  

Հյուրանոցային ծառայություն մատուցողի գործունեություն

ԿՄ

 

Վ

  1.  

Զբոսաշրջային օպերատորի գործունեություն

ԿՄ

 

Վ

  1.  

Զբոսաշրջային գործակալի գործունեություն

ԿՄ

 

Վ

  1.  

Զբոսավարի գործունեություն

ԿՄ

 

-

  1.  

Ուղեկցորդի գործունեություն

ԿՄ

 

-

  1.  

Զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողի գործունեություն

ԿՄ

 

-

 

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։

Հոդված 4 Սույն օրենքի 2-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

         

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.2. 

Զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսավարների, ուղեկցորդների և զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների գործունեության ծանուցման, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

  1. Զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների և ուղեկցորդների և զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների գործունեության ծանուցման համար՝

ա) զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման ծանուցման համար՝

բազային տուրքի 30-ապատիկի

բ) զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման ծանուցման համար՝

բազային տուրքի 20-ապատիկի

գ) հյուրանոցային ծառայություն մատուցող անձի գործունեության իրականացման ծանուցման համար՝

դ) զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողի գործունեության իրականացման ծանուցման համար՝

բազային տուրքի 30-ապատիկի

 

 

բազային տուրքի 20-ապատիկի չափով:

ե) զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար `

բազային տուրքի 10-ապատիկի չափով:

 

զ) ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝

բազային տուրքի 10-ապատիկի չափով:

 

 

  1. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`
  • Հյուրանոցի համար՝

 

ա) մինչև երեք աստղ հյուրանոցի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 150 -ապատիկի չափով.

 

 

բ) չորս աստղ հյուրանոցի, յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով.

 

գ) հինգ աստղ հյուրանոցի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

բազային տուրքի 250-ապատիկի չափով.

 

 

դ) հինգ աստղ «Դելյուքս» հյուրանոցի համար` տարեկան

բազային տուրքի 1500-ապատիկի չափով.

 

 

 

2)    առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

 

բազային տուրքի 100-ապատիկի չափով.

 

3)    հանգստյան տան, մասնագիտացված ճամբարի, հոսթելի, համայնքային ճամբարային բնակատեղիի (քեմփինգ)

 

 

 

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բազային տուրքի 50-ապատիկի չափով.

 

  • զբոսաշրջային տան և հյուրատան համար `

 

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 15-ապատիկի չափով.

բազային տուրքի 10-ապատիկի չափով.

բազային տուրքի 5-ապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 1-ի ՀՕ- 60 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  2-րդ հոդվածի 1-ին մասում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Չափագիտական վերահսկողություն կարող է իրականացվել նաև առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման։» բառերից հետո լրացնել ««Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մոտ և գործունեության ընթացքում ստուգումն իրականացվում է առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման։» բառերոով։

Հոդված 3. Oրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը «դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով։» բառերից հետո լրացնել «Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մոտ և գործունեության ընթացքում ստուգում իրականացնող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել, եթե «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան տվյալ տարվա ընթացքում կիրառվել է վարչական պատասխանատվություն։» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

  • Քննարկվել է

    22.08.2022 - 06.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

22.08.2022 15:22

Զբոսաշրջության մասին Հայաստանի Հանրապետության օրենք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6409

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

Ուղղել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 25-րդ հոդվածի համարակալումը և 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) հաշմանդամություն ունենալու պարագայում պահանջել և ստանալ խելամիտ հարմարեցումներ.»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «օտար լեզվով» բառերից առաջ լրացնել «հայերեն ժեստերի լեզվով կամ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Զբոսավարների, ուղեկցորդների մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացները պետք է տրամադրեն նվազագույն գիտելիքներ զբոսաշրջային ծառայությունների մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության վերաբերյալ, այդ թվում՝ խթանեն զբոսավարների և ուղեկցորդների՝ հայերեն ժեստերի լեզվի նվազագույն անհրաժեշտ իմացությունը։»։

Տեսնել ավելին