Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
05.09.2022
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 18-ի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելիս հաշվի չեն առնվում ընտանիքի հետևյալ անդամների տվյալները՝ 1) կալանավորված կամ դատապարտյալ անձինք. 2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները. 3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները. 4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության, ներառյալ փոքր խմբային տան շահառուները. 5) Կառավարության որոշմամբ սահմանած այլ անձինք:»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկում ենք պահպանել գործող օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ծառայությունների դասակարգման մոտեցումները՝ անելով անհրաժեշտ փոքր փոփոխություններ և լրացումներ։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 20-ի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 21-ի 1-ին մասից հանել 11-րդ կետը՝ հաշվի առնելով, որ սոցիալ-հոգեբանական օգնությունը, համաձայն նախագծի հոդված 23-ի 2-րդ մասի, սոցիալ-վերականգնողական օգնության մաս է։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 22-ի 1-ին մասից հանել «, ինչպես նաև սոցիալապես ընդունելի վարքի մոդելներ ձևավորելու ուղղությամբ քննարկումների, բացատրական աշխատանքի իրականացումը» բառերը։ Առաջինը հակասում է մարդկային բազմազանության գաղափարին, դուրս է օրենքի կարգավորման տիրույթից, իսկ երկրորդ մասն անընդունելի է իշխանության դասակարգման և բառապաշարի տեսանկյունից։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 23-ի 1-ին մաս շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Սոցիալ-վերականգնողական օգնությունն ուղղված է՝ 1) անձի՝ առավելագույն անկախության ձեռք բերմանը և պահպանմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ումասնագիտական կարողություններն ամբողջությամբ օգտագործելուն. 2) անձի կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնմանը, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացմանը, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը. 3) անձի լիարժեք մասնակությանը և ներգրավվածությանը կյանքի բոլոր ոլորտներում։»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 3-րդ մասի 2-րդ կետի «հաստատություններում,» բառից հետո լրացնել «ներառյալ փոքր խմբային տներում,» բաերը։ Համապատասխանաբար անհրաժեշտ է նույն մասից հանել 5-րդ կետը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 4-րդ մասից հանել «չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող), իսկ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում նաև աշխատող» բառերը։ Նույն մասի «ծրագրի համաձայն» բառերից հետո «Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում» բառերը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևալ բովանդակությամբ. «ա. Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկան լրացած հաշմանդամություն ունեցող անձինք կամ հիշողության ֆունկցիայի խանգարմամբ տարեց անձանց համար.»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «բ.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. ֆունցիոնալության գնահատման խոր սահմանափակում ունեցող երեխաների համար».։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 33-ի սահմանումը թողնել նույնը, ինչ գործող օրենքում։ Առաջարկում ենք «սոցիալական պատրոնաժն» անվանել «սոցիալական օգնական» և ծառայությունները նախատեսել առավել լայն խմբի համար։ Անձնական օգնականի ծառայությունը փաստացի լրացնում է այդ ծառայությունը և ոչ հակառակը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների ցանկը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը տարածել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների վրա։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 36-ի 1-ին մասի 1-ին կետի «տեղեկատվություն» բառը փոխարինել «իրեն մատչելի եղանակով տեղեկություններ» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 40-րդ հոդվածն ամբողջությամբ կամ այն լրամշակել՝ մանրամասն ուսումնասիրեով այն երկրների փորձը, որտեղ առկա են նման դեպքերում մերժման հիմքեր։ Մասնավորապես անընդունելի է, որ անձի՝ իր սոցիալական խնդիրների լուծմանը չմասնակցելը կարող է հանգեցնել սոցիալական աջակցության ծառայության տրամադրման մերժման կամ դադարեցման։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 41-ից հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերն ամբողջությամբ, քանի որ դրանք հակասում են Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. հունվարի 30-ի ՍԴՈ-1504 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 3-րդ մասի 3-րդ կետի «ներառականությանը» բառը փոխարինել «մասնակցությանը» բառով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 6-րդ մասի 1-ին կետի «սոցիալական աշխատողներին» բառերից հետո լրացնել «անձի իրազեկ համաձայնությամբ» բառերով։