Հիշել նախագիծը

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

 «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 37-39-րդ հոդվածները սահմանում են ակտիվների այն տեսակները՝ համապատասխան սահմանաչափերով, որոնցում կարող են ներդնել կենսաթոշակային ֆոնդերը: Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաև տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն: Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով  ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը:

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 12-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի՝ մասնակիցների ռեեստրը վարողը մի շարք դեպքերում մասնակիցներին տրամադրում է տեղեկատվություն թղթային տարբերակով, եթե տվյալ մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: Այս առումով խնդիրն այն է, որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար: Արդյունքում թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջը անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը: Ուստի, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը նպատակ ունի մասնակիցների ռեեստրը վարողին ազատել թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պարտավորությունից՝ միաժամանակ հնարավորություն տալով  նվազեցնել մասնակիցների ռեեստրը վարողի ադմինիստրատիվ ծախսերը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված թույլատրելի ներդրումների սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տնտեսության ֆինանսավորմանն ուղղելուն:

Մյուս խնդիրը կապված է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին տեղեկատվության տրամադրման եղանակի հետ: Գործող կարգավորումները մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ որոշ դեպքերում սահմանում են  մասնակիցներին  թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու պահանջ, եթե տվյալ մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: Թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջն անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը, քանի որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետևյալում.

  1. մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները:
  2. Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո այդ մասին տեղեկացնում է մասնակցին բացառապես էլեկտրոնային տարբերակով:
  3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «25» թիվը փոխարինվում է «35» թվով: Արդյունքում պահպանողական կենսաթոշակային ֆոնդերը կարող են մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը:
  4. Օրենքի 38-րդ հոդվածը լրացվում է 3-րդ մասի 6-րդ կետով, որով հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով: Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որով Կենտրոնական բանկը կարող է սահմանել այդ ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելու պայմանները:
  5. 39-րդ հոդվածի 16-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի համաձայն Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը և(կամ) ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը։
  6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:    

Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 

  1. Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

        Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

     8․ Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

    «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

9 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Քննարկվել է

    16.08.2022 - 31.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5548

Տպել

Առաջարկներ`

Սուրեն Մամյան

16.08.2022

Առաջարկում եմ արտարժույթի կտրուկ տատանումներիը կարգավորող դրույթ նախատեսել նաև, օրինակ ապահովագրելու միջոցով, վերջին ամիսների բացասական փորձը

Տեսնել ավելին