«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղական տուրքերի և վճարների հասկացությունները, տեղական տուրքեր և վճարներ վճարողների իրավունքները և պարտականությունները, տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը կամ փոխհատուցման վճարները, գանձման, արտոնությունների կիրառման, ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն` (...)
2) պահանջելու տեղական տուրք և (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանցից` կատարել տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ. (...)
5) դիմելու համայնքի ղեկավարին` սույն օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը ստանալու համար:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝
«1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
- Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե`
1) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.
2) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից.
3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):
- Տեղական տուրք և (կամ) վճար վճարողի գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել գումարի չափի հիմնավորման անհրաժեշտ և բավարար հիմքերի բացակայության դեպքում:»:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 1-ին, 2-րդ և 17-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ նույն օրենքով կարգավորվում են միայն ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները, ընդ որում, ինչպես օրենքի 17-րդ հոդվածից պարզ է դառնում՝ տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե` տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը, տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է նույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 2-րդ հոդվածից պարզ է դառնում, որ տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև առանձին օրենքներով, մասնավորապես տվյալ պարագայում՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը և պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը, վարչական վարույթի առանձնահատկությունները:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճար վճարողներն իրավունք ունեն` (...)
2) պահանջելու ավտոկայանատեղի վճար գանձող մարմնից կատարելու վճարի վերահաշվարկ. (...)
5) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա ավտոկայանատեղի վճարի գումարը:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը հանձնելուն հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում ամրագրված կարգավորումներից պարզ է դառնում, որ ավտոկայանատեղի վճար վճարողներն իրավունք ունեն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա ավտոկայանատեղի վճարի գումարը, իսկ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն` (...) դիմելու համայնքի ղեկավարին` նույն օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը (ավել վճարված գումարը) ստանալու համար:
Ինչպես վերոգրյալից պարզ է դառնում՝ ոչ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում, և ոչ էլ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում նախատեսված չեն «սխալ» վճարված գումարները վերադարձնելու վերաբերյալ կարգավորումներ:
Տվյալ պարագայում խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է օրինակ՝ ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչև գումարի վերադարձման վերաբերյալ դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշների ցանկում) կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ:
Վերոգրյալի հաշվառմամբ, հարկ է նկատի ունենալ նաև, որ առկա խնդիրը միայն հիշատակված դեպքով չի սահմանափակվում և գործնականում կարող են հանդիպել նաև այլ՝ բազմաբնույթ դեպքեր:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նշված խնդիրները կարգավորելու համար, անհրաժեշտություն է առաջացել կատարելու օրենսդրական փոփոխություններ:
Մասնավորապես, տվյալ պարագայում առաջարկվում է՝
- «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ արդյունքում նախատեսելով, որ նույն օրենքով կարգավորվում են վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները: Սույն փոփոխությանը համապատասխան նախատեսվում է փոփոխություն կատարել նաև օրենքի 17-րդ հոդվածի վերնագրում և դրույթներում: Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով կարող են սահմանվել նաև տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները վերադարձնելու այլ հիմքեր: Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով տեղական տուրքերի և վճարների վճարված գումարի վերադարձման այլ հիմքեր նախատեսված լինելու դեպքում գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել նաև տվյալ օրենքներով նախատեսված դեպքերում:
- «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ նախատեսելով, որ ավտոկայանատեղի վճարի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը հանձնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում: Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման նաև այն դեպքերում, երբ նույն օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչև գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշերի ցանկում) կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ: Նույն մասում նախատեսված դեպքերում տեղական վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև, որ ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):»
Այս առումով հարկ է նշել, որ ոչ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում, և ոչ էլ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում նախատեսված չեն ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը վերադարձնելու և (կամ) հաշվանցելու վերաբերյալ կարգավորումներ, կառուցակարգեր: Հիշյալ օրենքներով որպես վճար վճարողների իրավունք նախատեսված է հետևյալը՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն` պահանջելու տեղական տուրք և (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանցից` կատարել տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ, ինչը սակայն հիշյալ դեպքերի համար կիրառելի չէ, ավելին՝ այն նախատեսում է վերահաշվարկման մեխանիզմ, սակայն վերջինիս բովանդակությունը օրենքով բացահայտված չէ: Ուստի, գործնականում առաջացող տարըմբռնումներից խուսափելու նպատակով Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):»
3․Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:
4․Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման նպատակն է նպաստել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի արդյունավետ կիրառմանը, նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան վերադարձնելու ոչ միայն ավել վճարված, այլ՝ տարբեր դեպքերում նաև «սխալ» վճարված գումարները:
Նախագծի նպատակն է հստակեցնել նաև, որ ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):
Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի, կկատարելագործվի օրենսդրական դաշտը:
5․Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծերն առնչվում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի հետ:
-
Քննարկվել է
10.08.2022 - 26.08.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2788
Տպել