ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2022 թվականի հունիսի 30-ին ժամը 15:30-ին կայացած հողային բարեփոխումների մասին խորհրդակցության N Վ/68-2022 արձանագրության 2-րդ կետի կատարման ապահովմամբ՝ ուղղված «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին համապատասխան իրավական ակտի նախագծի մշակմանը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական վիճակի ուսումնասիրման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման, բույսերի համար վնասակար օրգանիզմների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ: Նախատեսվող փոփոխությունը հնարավորություն կտա «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին իրականացնել հողային բարեփոխումների փորձնական ծրագիր՝ ուղղված հողերի միավորմանը (կոնսոլիդացիային):
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1886-Լ որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով սահմանված գյուղատնտեսության ոլորտի գերակայություններից են հողային բարեփոխումները, որոնց հիմնական նպատակն է հողերի կոնսոլիդացման միջոցով արագորեն բարձրացնել հողի արտադրողականությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինչպես հողի վարձակալության, այնպես էլ վաճառքի շուկաներին:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից նախանշված 4 բնակավայրերում իրականացնել հողային բարեփոխումների պիլոտային ծրագիր, որի ընթացքում կգույքագրվեն գյուղատնտեսական նշանակության հողերը, կգնահատվի դրանց վիճակը և մշակվելու կամ չմշակվելու հանգամանքը, աջակցություն կցուցաբերվի փաստաթղթերի լրակազմության, իրավական փաստաթղթավորման և գրանցման հարցերում, ինչպես նաև հողամասերի սեփականատերերի կամ փաստացի օգտագործողների հետ կիրականացվի բանակցություն հողամասերի օտարման կամ վարձակալության հիմունքներով ձեռք բերելու և այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու շուրջ:
Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում շուրջ 24 մլն դրամի չափով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին իրականացնելու գյուղատնտեսական նշանակության հողերի, առքուվաճառքի, վարձակալության, փոխանակման, ինչպես նաև հողերի շուկայի զարգացմանն ուղղված գործառույթներ:
-
Քննարկվել է
04.08.2022 - 19.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3697
Տպել