ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԶՈՀ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
- Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված լրացման պահանջը, քանի որ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն օրենքի եզրափակիչ մասի և անցումային դրույթներին համապատասխան այդ օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 29-ին, հետևաբար «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետում:
Նախագիծը միտված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին նույնացման հստակ չափորոշիչների սահմանմանը՝ օբյեկտիվ և կանխատեսելի նույնացում իրականացնելու համար:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, որով կարգավորվեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացմանը, սակայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործան զոհերի նույնացման հանձնաժողովը (այսուհետ՝ Նույնացման հանձնողով) գործել է առանց հստակ չափորոշիչների:
Բացի այդ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման յուրաքանչյուր հավանական զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նրան՝ որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացման չափորոշիչների մասին: Հաշվի առնելով, որ Նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է, և նրա կայացված որոշման հիման վրա է նույնացված զոհը ստանալու օրենքով նախատեսված համապատասխան աջակցությունը և պաշտպանությունը, հետևաբար կայացվող որոշումները պետք է լինեն որոշակի, կանխատեսելի ու հիմնավորված: Ավելին, հաշվի առնելով որ Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից, հնարավոր է, որ նրանք ունենան էական հակասություններ անձին նույնացնելու գործընթացում, քանի որ այդ ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր չափորոշիչները կամ չափանիշները՝ երևույթը որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում դիտելու և հետևաբար՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված այդ անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու կամ չճանաչելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջազգային տարբեր կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և այլն, կազմել են ուղենիշային ցուցանիշներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կամ դրա առանձին դրսևորումների ցուցանիշներ և ցուցիչներ, որոնք պետությունները նույնացնելով և հարմարացնելով ազգային օրենսդրության հետ դարձնում են կիրառելի իրենց տարածքում:
Նույնացման հանձնաժողովի կողմից անձանց որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույանցնելու վիճակագրությունը հետևյալն է՝ 2015-2016 թվականներին նույնացվել է 24 անձ, 2017 թվականին՝ 11 անձ, 2018 թվականին՝ 9 անձ, 2019 թվականին՝ 8 անձ, 2020 թվականին՝ 9 անձ: Նույնացումն իրականացվել է այնքանով, որքանով Նույնացման հանձնաժողովի անդամները, հիմնվելով առկա փաստաթղթերի կամ ենթադրաբար մարդկանց թարֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի խոսքերի վրա, գնահատել են նրա զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ լինելը հնարավոր:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով առաջարկվում է հաստատել անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաև կբացառի կոռուպցիոն դրսևորումները, ինչպես նաև կընձեռի հնարավորություն պաշտպանվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամայական որոշումներից:
Անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու համար անհրաժեշտ ցուցիչները ներկայացված են համակարգված և դասակարգված՝ ըստ մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողությունների, կատարման եղանակների և շահագործման ձևերի:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Ներկայացվող Նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը հնարավորություն կընձեռի նույնացման գործընթացը դարձնել վերահսկելի և կանխատեսելի:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Վորդ Վիժն - Հայաստան» կազմակերպության փորձագիտական աջակցությամբ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից։