ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի
5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում «օպերատոր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություն, կամ անհատ ձեռնարկատեր, կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1․2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․  Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը` կանոնավոր երթուղիների ուղեգծերն ու չվացուցակները նախապես գրավոր համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:»:

2․4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«5․  Միջմարզային և ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ սխեմաներում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի առաջարկությամբ կամ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող  տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

  1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են օպերատորի կողմից, որն ընտրվում է մրցութային եղանակով կամ <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքին պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը հանդիսանում է 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն:
  2. Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը։
  3. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար օպերատորի ընտրությունը մրցույթի, թե գնման գործընթացի միջոցով կազմակերպելու մասին որոշումն ընդունվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից, որը չի կարող փոփոխվել մրցույթի կամ գնման պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:

4․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները մրցութային եղանակով կազմակերպելու դեպքում, օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպում և անցկացնում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը:

  1. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու, իսկ երթուղիների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով:
  2. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի։ Փոխադրավարձը գանձում է օպերատորը էլեկտրոնային կամ առձեռն վճարման միջոցով։

7․ Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի կազմակերպման և մրցույթի հաղթողին որոշելու պայմանները կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8․ Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն), մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ օպերատորի կողմից երթուղային ցանցը կազմակերպող մարմնին ներկայացված հիմնավոր հաշվարկների (մեկ ուղևորի փոխադրավարձի ինքնարժեքի փոփոխություններ վերաբերյալ) հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու կողմից սահմանված փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ:

  1. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար:

10․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային եւ ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11․ Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող օպերատորի միջև կնքված պայմանագրով, որի ձևը հաստատում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը:

13․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում՝

1) հաղթող ճանաչված օպերատորն երթուղու սպասարկումն իրականացնում է գնման գործընթացի տեխնիկական բնութագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան տրանսպորտային միջոցներով․

2) համայնքի ղեկավարի կողմից հաստատված քանակով տրանսպորտային միջոցներով երթուղու սպասարկման յուրաքանչյուր կիլոմետրի գնման գինը սահմանվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված նախահաշվային գինը:

3) երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում
 5-10 տարի ժամկետով, օպերատորի և համայնքի ղեկավարի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, որի ձևը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ․

4) կանոնավոր երթուղիների ուղևորների փոխադրավարձը սահմանվում է համայնքի ավագանու որոշմամբ, որը կարող է վերանայվել սույն հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան․

14․ Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձը գանձվում է համայնքի կողմից՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման այլ միջոցներով և ամբողջովին ուղղվում է համայնքի բյուջե:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2․ Սույն օրենքի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ մասերով և 13-րդ մասի 2-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

  • Քննարկվել է

    13.07.2022 - 29.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2951

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Հախվերդյան

19.07.2022

Ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը ապահովելու նպատակով, գտնում ենք, որ չվացուցակներ սահմանելիս անհրաժեշտ է պարտադիր դարձնել հանրային քննարկումների անցկացումը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.07.2022

Հակված ենք նախորդ ներկայացված դիրքորոշմանը, այլ կարծիք ներկայացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար քանի որ ամփոփումը չի արտացոլում ներկայացված առաջարկությունների վերլուծություն կամ չընդունելու վերաբերյալ իրական հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ մշակվել է Օրենքի նախագիծը, որը ընդունվելու դեպքում չի աշխատի, ավելին այն շատ ավելի կխառնի ներկայումս գործող կարգավորումները, առաջացնելով քաոսային իրավիճակ։

Տեսնել ավելին