Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեականացնող նորմերի սահմանման առաջարկությունները տեղ են գտել վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին և հանրաքվեին հաջորդած միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում[1]: Այս պահանջը սահմանված է նաև Հանրապետության նախագահի կողմից 2015 թվականին հաստատված Հայաստան-ԵՄ Բյուջետային աջակցության համաձայնագրի հատուկ պայմաններում:

Մյուս կողմից միջազգային հիմնարար և խորհրդատվական բնույթի փաստաթղթերում չարաշահման համար պատասխանատվություն սահմանելու առումով չկա բացառապես քրեական պատասխանատվության սահմանման պահանջ, այլև խրախուսվում է երկրների կողմից կարգապահական, վարչական կամ քրեական սանկցիաներ սահմանելու տարբերակները:

Վարչական ռեսուրս հասկացության տարբեր սահմանումների համադրման արդյունքում կարելի է եզրահանգել, որ վարչական ռեսուրսն այն բոլոր միջոցներների համախումբն է՝ մարդկային, ֆինանսական, նյութական, ոչ նյութական (նաև in natura), որոնք որևէ կերպ բխում են հանրային (բյուջետային) միջոցներից: Ընդ որում, միջազգային փաստաթղթերում տարբերակվում են վարչական ռեսուրսի օգտագործում և վարչական ռեսուրսի չարաշահում հասկացությունները: Այսպես, վարչական ռեսուրսի օգտագործումն այդ ռեսուրսների՝ օրենքով արտոնված օգտագործումն է, որն հավասարապես պետք է հասնելի լինի քաղաքական բոլոր գործող անձանց (կուսակցություններ, թեկնածուներ): Վարչական ռեսուրսի չարաշահման տարբեր սահմանումներն հանգում են նրան, որ դա վարչական ռեսուրսի՝ օրենքով արգելված օգտագործումն է քաղաքական որևէ ուժի (կուսակցություն, թեկնածու) համար արտոնություններ և առավել բարենպաստ վիճակ ստանալու համար: 

Վարչական ռեսուրսի չարաշահողների սուբյեկտային շրջանակը ներառում է հանրային ծառայողներին, պաշտոնատար անձանց, ընտրություններին մասնակցող թեկնածուներին և իշխող քաղաքական կուսակցություններին:

Ներկայում ՀՀ օրենսդրությունը հարցին անդրադառնում է մասնակիորեն: Այսպես, Ընտրական օրենսգիրքը սահմանում է հանրային ռեսուրսի չարաշահումն արգելող կարգավորումներ[2] հանրային ծառայող հանդիսացող թեկնածուների համար նախընտրական քարոզչություն իրականացնելիս (այսպես՝ սահմանափակումներ մարդկային ռեսուրսների օգտագործման (քարոզչություն ի պաշտոնե գործելիս) տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների  օգտագործման սահմանափակումներ և այլն):

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է հանրային ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքը, ինչն իր իրացումն է գտել նույն օրենքի 23-րդ  հոդվածում, որով հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար: Նույն սուբյեկտային կազմին արգելվում է ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը: Իսկ արդեն էթիկայի կանոններում սահմանվում է, որ նշված անձինք բացառապես ծառայողական նպատակներով պետք է օգտագործեն իրենց գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը:

ՀՀ Ընտրական օրենսգրքով հանրային ծառայող հանդիսացող թեկնածուների համար նախատեսված սահմանափակումների խախտումը հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի, ընդհուպ մինչև պաշտոնից ազատման հիմք է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական պատասխանատվութ­յուն է սահմանվում ընտրական օրենսգրքով նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելու համար:

 

Առաջարկվող լուծումները

          Հաշվի առնելով վերոշարադրյալը` մշակվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Նախագծի մշակման փուլում իրականացվել է նաև միջազգային փորձի ուսումնասիրություն: Վարչական ռեսուրսի օգտագործումը որպես առանձին հանցակազմ նախատեսված է Մոլդովայում և Լիտվայում: Հարկ է նշել, որ մի շարք երկրներում (Էստոնիա, Չեխիա, Խորվաթիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան և այլն) վարչական ռեսուրսի օգտագործումը որպես առանձին հանցակազմ նախատեսված չէ այդ երկրների քրեական օրենսգրքերում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է արգելել նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը՝ հանրային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին (բացառությամբ ժողովրդի կողմից ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա ընտրված համայնքների ղեկավարների և ավագանու անդամների), առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ  ի պաշտոնե հանդես գալիս: Հիշյալ գործողությունների կատարումն արգելվել է նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս  կամ ի պաշտոնե հանդես գալիս, ինչպես նաև դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին և ընտրական հանձնաժողովների անդամներին:

          Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է վարչական պատասխանատվություն կիրառել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվող վերոնշյալ սահմանափակումների համար:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հանցակազմով՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը դրսևորվում է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով: Առաջարկվող հոդվածի 2-րդ մասում նախատեսված են արարքի ծանրացնող հանգամանքները՝ նույն արարքը, որը՝

 1)     զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2)      կատարվել է մի խումբ անձանց կողմից,

3)       զուգորդվել է անձին ազատությունից զրկելով:

          Բացի այդ, ելնելով վերջերս համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքից և արդյունքներից, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին լիազորել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը՝ որպես փորձարարական ծրագիր, կազմակերպել և անցկացնել նոր տեխնիկական սարքավորումներով:

 

          Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքար մղել ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ, ինչպես նաև կապահովվի միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներով առաջարկվող լուծումների իմպլեմենտացումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և դրանք համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

[1] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողովի զեկույցներ, 2012թ, 2013թ, 2015թ, 2017թ.

[2] ԸՕ, 23-րդ հոդված:

  • Քննարկվել է

    06.10.2017 - 29.10.2017

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8782

Տպել