«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որոնց համաձայն՝ բնակչության համատարած հաշվառումը միջոցառում է, որն ապահովում է բնակչության թվաքանակի և կառուցվածքի, սոցիալ-ժողովրդագրական որոշ բնութագրիչների, բնակարանային պայմանների, տնտեսական միավորների, շենքերի կամ տնտեսությունների համատարած հաշվառման եղանակով տվյալների ստացումը: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:
Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները և ծրագրերը (հարցաշարերը) հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության Պետական խորհուրդը:
Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասը պարունակում է Կառավարության համար լիազորող նորմ նորմատիվ որոշմամբ հաստատելու համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը:
Հիշյալ դրույթներով պայմանավորված Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարի անցկացման ժամկետ է սահմանվել՝ 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը: Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի կազմը հաստատված է համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման N 1 հավելվածի, որտեղ սահմանված է, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիսանում է հիշյալ հանձնաժողովի նախագահ:
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ 2022թ. ապրիլի 8-ին կայացած՝ ՀՀ 2022թ. մարդահամարի հանրապետական հանձնաժողովի նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը, որը մշակվել է ՄԱԿ-ի ուղեցույցներով սահմանված մեթոդաբանությանը համահունչ՝ հաշվի առնելով ՀՀ շահագրգիռ մարմիններից և գործընկեր միջազգային կառույցներից ստացված կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները, ինչպես նաև ապահովելով նախորդ մարդահամարների տվյալների հետ առավելագույն համադրելիությունը, այդ թվում՝ նաև միջազգային: Հանձնաժողովի նիստի 08.04.2022թ. N ՓՎ/31-2022 արձանագրային որոշման 2-րդ կետով 2022 թվականի մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից, հաշվի առնելով հնգօրյա ժամկետում ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ինչպես նաև հանձնաժողովի այլ անդամների (եթե կլինեն)՝ Հարցաշարի վերանայման վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտե ներկայացվելիք գրավոր առաջարկները: Համապատասխանաբար, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին առաջարկվել է հանձնաժողովի անդամներից ստացված գրավոր առաջարկների հիման վրա լրամշակել ՀՀ 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Վիճակագրական կոմիտեի կողմից մանրամասն քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարություններից ստացված գրավոր առաջարկությունները, դիտարկվել և պարզաբանվել են ամփոփաթերթում: Հանձնաժողովի այլ անդամների կողմից հիշյալ հանձնարարականով սահմանված ժամկետում որևէ լրացուցիչ առաջարկ չի ներկայացվել:
- Կարգավորման նպատակը և ակնակալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան 2022թ.-ի մարդահամարի ծրագրի (հարցաշարի) հաստատումը, որի հիման վրա կմշակվի մարդահամարի հարցաթերթը՝ ընտրանքային հարցումների իրականացման համար, ինչի հիման վրա, ապահովելով մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարի անցկացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են՝ հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը, որոնք մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար: Օրենքի 15-րդ հոդվածում սահմանաված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների վիճակագրական ծրագիրը (Հնգամյա ծրագիրը), որի 18-րդ կետի 6-րդ ենթակետում որպես նախատեսվող միջոցառում սահմանված է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով նախատեսված հերթական մարդահամարի (2020 թվական) երկրի նպատակներին, ժամանակի պահանջներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հանձնարարականներին համահունչ ծրագրավորելու և դրա կազմակերպական գործառույթների նախապատրաստմանն ուղղված աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (վարչական ռեգիստրի) տվյալների հիման վրա մարդահամար անցկացնելու հնարավորությունների ուսումնասիրումը:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական և համայնքի բյուջեների եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները
Նախագիծը մշակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:
-
Քննարկվել է
28.06.2022 - 13.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն, Տնտեսական, Հանրային կառավարում
-
Նախարարություն
ՀՀ վիճակագրական կոմիտե
Դիտումներ` 4968
Տպել