Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածը նախատեսում է վարչական տույժ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու, ինչպես նաև սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար:
Հաճախ են այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողի կողմից արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննությունից հետո ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ներկայացել է բուժհաստատություն և նույն եղանակով անցել սթափության վիճակի զննություն: Բուժհաստատության կողմից արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվում, իսկ իրավասու բժշկի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում կամ ալկոհոլի պարունակությանը չի հատել վարչական տույժ նախատեսող սահմանը, այնինչ, ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն: Նմանատիպ հանգամանքներում ոստիկանության ծառայողի կողմից կայացված որոշումները դատական կարգով բողոքարկելիս բեկանվում են՝ ապացույցների անբավարարության հիմնավորմամբ (նույն եղանակով զննության արդյունքում բուժհաստատության տրամադրած արձանագրությունն ընդդեմ ոստիկանության ծառայողի տեխնիկական սարքի զննության արձանագրության):
Վարորդը բուժհաստատության կողմից տրված զննության արձանագրությունը վարչական մարմին է ներկայացնում բողոքարկման վարույթի ընքացքում՝ օրեր անց, ինչը հնարավորություն չի ընձեռում վարչական մարմնի կամ դատարանի կողմից ստուգել բուժհաստատության տրամադրած զննության արձանագրության իսկությունը և բժիշկը կարող է պնդել իր կազմած արձանագրության բովանդակությունը՝ հասկանալով, որ որևէ հնարավորություն չկա այն ստուգելու:
Նշված պրակտիկան հնարավորություն է տալիս իրավախախտ վարորդին այդ կերպ խուսափել տույժից, իսկ բժշկի անբարեխիղճ աշխատանքը թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում հնարավոր չէ ապացուցել:
Պետք է նշել, որ ոստիկանության ծառայողի կողմից արտաշնչած օդի միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելուց հետո վարորդի կողմից բուժհաստատություն ներկայանալը և կրկին նույն եղանակով սթափության զննության ենթարկվելը հակասում է Որոշման կարգավորումներին, այսինքն՝ նախատեսված չէ նույն եղանակով կրկին զննություն իրականացնելու հնարավորություն: Որոշման համաձայն՝ եթե վարորդը խուսափում է ոստիկանության ծառայողի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա զննությունն իրականացվում է բուժհաստատության կողմից, իսկ բուժհաստատությունում մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով): Այսինքն՝ մեկ եղանակով զննություն իրականացնելուց հետո վարորդի սթափության վիճակը կարող է որոշվել այլ եղանակով: Քննարկված իրավիճակում բժիշկը, տեղեկություն չունենալով ոստիկանության ծառայողի կողմից արդեն իսկ արտաշնչած օդի միջոցով զննություն իրակացված լինելու մասին, կրկին սթափության վիճակի զննություն է իրականացնում նույն եղանակով:
Բացի այդ, քաղաքացու դիմումի հիման վրա սթափության վիճակի զննությունն իրականացվում է զննության արձանագրությունը որևէ կազմակերպություն կամ պետական մարմին ներկայացնելու նպատակով՝ հիմնականում հաստատելու համար սթափ վիճակում գտնվելը կամ սպասվածից ավելի քիչ քանակությամբ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը: Տվյալ դեպքում պետական մարմինը կամ կազմակերպությունը, որին ներկայացվել է զննության արձանագրությունը, պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու ներկայացված արձանագրության հիմքերին և համոզվելու դրա իսկության մեջ, այնինչ, արտաշնչած օդի նմուշը չի պահպանվում և չկա որևէ կարգավորում զննության արդյունքը ստուգելու կամ այդ գործընթացքում տեղ գտած հնարավոր սխալը բացահայտելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կազմակերպության կամ պետական մարմնի համապատասխան պաշտոն զբաղեցնող անձը, ի տարբերություն պետական մարմինների կողմից ուղեգիր տրամադրելու դեպքերի, քաղաքացու դիմումի հիման վրա զննություն իրականացվելու դեպքում նախապես տեղեկացված չի լինում այդ մասին, ուստի հնարավորություն չի ունենում ներկա գտնվելու զննության գործընթացին:
Որոշման համաձայն՝ սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը: Նախագծի ընդունման արդյունքում բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշումը լրացնել նոր 12.1 կետով, իսկ 14-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «(բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի)» բառերով, որի համաձայն՝ քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվելու է միայն վարորդից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կնվազի թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի նվազման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետության:
-
Քննարկվել է
28.06.2022 - 13.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3786
Տպել