«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150․3-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Վերոգրյալ մոտեցմամբ՝ ավելի շատ քաշով և դրա արդյունքում ճանապարհներին առավել շատ վնաս հասցնող տրանսպորտային միջոցը նույն պատասխանատվության է ենթարկվում, ինչ համեմատաբար նվազ քաշ ունեցող և արդյունքում ավելի քիչ վնաս հասցրած տրանսպորտային միջոցը։ Նշված մոտեցումը արդյունավետ միջոց չի հանդիսանում՝ իրավախախտումը կատարելու կանխարգելման տեսանկյունից։
Միևնույն ժամանակ, համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Արդյունքում ստացվում է տարբերակված մոտեցում, քանի որ նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է ֆիքսված տուգանքի չափ, իսկ 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է տուգանք, որն ավելանում է յուրաքանչյուր ավել տոննայի համար։
Միաժամանակ՝ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը առավել արդյունավետ և արդարացի է՝ վերոգրյալ հիմնավորմամբ։
Այդպիսով, անհրաժեշտ է 150․3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար ևս սահմանել տուգանք՝ որը կավելանա յուրաքանչյուր ավել տոննայի համար։
Բացի այդ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Օրենսգրքով սահմանված չէ պատասխանատվություն։ Սակայն, հաշվի առնելով մյուս բնագավառներում (օրինակ՝ հրդեհային, տեխնիկական անվտանգության, էներգետիկայի և այլն) խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերի սահմանված ժամկետում չկատարելու համար Օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության մոտեցումը՝ այն է տուգանքի նշանակում, առաջարկվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձևով։
Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 1821 հոդվածով սահմանված է ստուգումներ իրականացնող մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար պատասխանատվություն։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նաև ներդնել համահունչ պատասխանատվության միջոց՝ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու համար՝ տուգանքի ձևով։
Իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ պատասխանատվություն սահմանված է նաև Օրենսգրքի 105-րդ հոդվածով, որը վերաբերում է էներգետիկայի բնագավառին և էներգասպառման ոլորտին, այն է՝ պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը։
ՀՀ կառավարության 2006 թվականի N 1106-Ն որոշմամբ սահմանված է տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի չափորոշիչները, որտեղ նշված են նաև 1-ից ավել տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցները։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում նաև ներառել թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և մեկից ավել սռնիների վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը։
2.Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ՝
- ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը,
- հնարավորինս կզսպվեն տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:
3.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։
4.Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նշված իրավախախտման համար առավել խիստ տուգանքի չափ սահմանելու արդյունքում պետական բյուջեում կարող են նախատեսվել եկամուտների էական ավելացումներ՝ կախված իրավախախտման բնույթից և ծանրությունից (գերազանցող բեռնվածքից):
5․ Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարականն փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
23.06.2022 - 08.07.2022
-
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3613
Տպել