Հարգելի որոշման նածագծի հեղինակներ:
Կարծում եմ, որ գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, քանի որ այն իսկապես որոշակի չարաշահումների տեղիք տալիս է:
Սակայն որոշման նախագծի տրամաբանությունը չի դիմանում որևէ քննադատության: Այն ավելի շատ պատժիչ գործողություն է նմանեցնում չարաշահողների նկատմամբ, քան միտված է ծառայելու օրենսդրության բուն նպատակին, առաջնորդվելով «եթե չարաշահում եք, ապա կպատժենք» սկզբունքով:
Ներկայացնեմ իմ հիմնավորումները:
1. Հիմնավորման մեջ նշված է, որ բավականին հեշտ է ընդունվել աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը: Աշխարհում կա ավելի քան 31,000 համալսարան: Լավագույն 50 համալսարանները կազմում են այդ թվի ընդամենը 0.15%-ը, իսկ ընդունելության տոկոսն այդպիսի համալսարաններում հաճախ չի գերազանցում դիմորդների 5-20%-ը և սա այն դեպքում, երբ այդպիսի համալսարաններ դիմում են միայն լավագույնները:
2. Ըստ մասնագիտական առարկաների դասակարգումը հանելը բավարար տրամաբանված չէ: Ըստ նախագծի ստացվում է, որ մեր պետությանը ավելի նպատակահարմար է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնսիրող հայ ուսանողը սովորի, օրինակ, Յեյլի Համալսարանում, քանի որ այն աշխարհում 11-րդն է (չնայած նրան, որ այն հազիվ մտնում է լավագույն 300 համալսարանների շարքը տեղեկատվական տեխնոլոգիաների մասով), քան, օրինակ, Նանյանգի Տեխնոլոգիական Համալսարանում, որն աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը տեխնոլոգիական կրթության ոլորտում (չնայած նրան, որ ընդհանուր դասակարգման մեջ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը): Այս մոտեցումը արդյունավետության բարձրացում անվանելը խիստ հակասական է:
3. Դասակարգումը հիմնված է մի շարք ցուցանիշների վրա, որոնցից կարևորագույններից են հետազոտությունների և մասնագիտական հրապարակումների քանակը: Հայաստանի բարձրագույն կրթության որակը խիստ զիջում է լավագույն համալսարանների կրթությանը մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնցից ամենակարևորներից է հետազոտությունների և նրանց ֆինանսավորման անբավարար մակարդակը՝ օբյեկտիվ պատճառներով: Լավագույն համալսարանների տարեկան բյուջեն շատ դեպքերում գերազանցում է 3-5 մլրդ. ԱՄՆ դոլարը, այսինքն ողջ Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն: Հայ ուսանողին Նանյանգի համալսարանի հետազոտական հնարավորություններից զրկելը (ընդ որում համեմատաբար ավելի ցածր վճարի դիմաց) և դրա փոխարեն թանկարժեք Յեյլ պարտադրելը նույնպես դժվար է արդյունավետության բարձրացում անվանել:
4. Լավագույն համալսարանները որակյալ կրթություն ապահովում են նաև ուսումնառության ընթացքում համապատասխան մասնագիտական համայնքի հետ շփման հնարավորություն ընձեռելով: Որպես օրինակ, տոխնոլոգիական կրթության ոլորտում հայտնի Ստենֆորդի, Տեխասի, Վաշինգտոնի և Չապել Հիլի համալսարանները հայտնի են նրանով, որ նրանց շուրջ կամ հարևանությամբ ձևավորվել են լրջագույն տեխնոլոգիական կլաստերներ, որոնցից ամենահայտնին Սիլիկոնյան Հովիտն է Ստենֆորդի հարևանությամբ, սակայն հայտնի են նաև մյուսները՝ օրինակ՝ այսպես կոչված Հետազոտական Եռանկյունը Հյուսիսային Կառոլինայում, Չապել Հիլի հարևանությամբ: Համաշխարհային մակարդակի իրավաբաններ, տնտեսագետներ և մենեջերներ կարող են պատրաստել նաև մեր համալսարանները, բայց հիմնարար բնական գիտությունների և տեխնոլոգիական ոլորտի լավագույն կրթությունը պահանջում է լուրջ ֆինանսական միջոցներ, համարժեք հագեցվածություն և մասնագիտական համայնքի առկայություն:
Հաշվի առնելով վերոգրյալը, ստորև ներկայացնում եմ իմ առաջարկությունները.
1. Օրենքը կիրառել ընդհանուր դասակարգման առաջին երեք տասնյակում ընդգրկված համալսարանների նկատմամբ:
2. Օրենքը կիրառել նաև մասնագիտական դասակարգման առաջին երեք տասնյակում ընդգրկված համալսարանների նկատմամբ: Այնուամենայնիվ, սահմանել այն մասնագիտական դասակարգումների ցանկը, որոնք համապատասխանում են գիտելիքահեն տնտեսություն ունենալու պետության ռազմավարական զարգացման տեսլականին, մասնավորապես.
• Հիմնարար բնական գիտություններ, ներառյալ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն:
• Տեխնոլոգիական ոլորտներ, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժինիրինգ (տեղեկատվական գիտություններ և ինժինիրինգ, հաստոցաշինություն, ավիատիեզերական ճարտարագիտություն, բիոբժշկական և քիմիական ճարտարագիտություն և այլն):
• Բժշկական գիտություններ:
3. Մասնագիտական դասկարգումները ներառելիս հաշվի առնել այն ոլորտները, որտեղ ժամանակակից գիտելիք ստանալը էականորեն կախված է համալսարանների տեխնոլոգիական հագեցվածությունից (լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ, մասնագիտական համայնքների հետ աշխատանքի հնարավորություն):
Հուսով եմ առաջարկներս կքննարկվեն և կարժանանան համարժեք արձագանքի:
Հարգանքով,
Նորայր Աղայան