Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխությունների նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ․
ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները արտացոլված են «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքի 4-րդ, 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներում, ինչպես նաև Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի Հավելված 2-ում:
Նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ մասնավորապես․
- Որևէ արվեստագետի / մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:
- Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:
- Փորձը ցույց է տալիս, պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ` նեղ միջանձնային հարթությունում:
- Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:
- «Արվեստի վաստակավոր գործիչ» և «մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է.
չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես։ Այս կոչումները ձևակերպված են Օրենքի 4-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածներում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից՝ ստեղծագործական-մշակութային հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է
ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։
Փոփոխությունների արդյունքում կարևոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի և արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնադրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։
Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավորման չափանիշները:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:
Հարկ է նշել, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:
«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Կառավարությունը մշակույթը դիտում է որպես հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, ընդհուպ քաղաքական հարաբերությունների որակի վրա, ըստ այդմ` մշակույթը նաև հանրային համախմբում, համերաշխություն և ներդաշնակությունն ապահովող կարևոր գործոն է:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.9՝ «Մշակույթ» բաժնի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 33-րդ կետի 33.3 ենթակետի պահանջներից (ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորում, ոլորտի օրենսդրական դաշտի և իրավակարգավորումների ձևավորում):
-
Քննարկվել է
14.06.2022 - 29.06.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3509
Տպել