Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի  22-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» N 1188-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացում կատարելը բխում է ամուսնության պետական գրանցման համար հանդիսավոր արարողության կազմակերպման հարցում առաջացող խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

  1. Առկա իրավիճակը.

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն` ամուսնության մասին դիմումի մեջ, ի թիվս այլ տեղեկությունների, նշվում են նաև ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին, եթե ամուսնացողների մոտ առկա է լինում նման ցանկություն:

Նշված իրավունքի իրացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» N 1188-Ն որոշման հավելվածի 8-րդ կետում (այսուհետ՝ Հավելված) սահմանվել է, որ ամուսնության պետական գրանցման համար հանդիսավոր արարողությունը իրականացվում է գործակալության կամ սպասարկման կենտրոնի տարածքում: Ընդ որում, Հավելվածի 8-րդ կետի համաձայն` պետական տուրքը ամուսնության պետական գրանցման համար վճարվում է 20.000 ՀՀ դրամ, եթե հանդիսավոր արարողությունն իրականացվում է գործակալության կամ սպասարկման կենտրոնի հատկացրած տարածքում, իսկ Հավելվածի 9-րդ կետի համաձայն` պետական տուրքը վճարվում է 40.000 ՀՀ դրամ, եթե ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը իրականացվում է գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս: Մինչդեռ ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում իրականացնելու համարգործակալության և սպասարկման կենտրոնների տարածքները երբեմն չեն բավարարում քաղաքացիների արդի պահանջներին։

Ուստի հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեծ է ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում իրականացնելու պահանջարկը՝ գործակալությունը նշված գործառույթի իրականացումն ապահովելու նպատակով կարող է պայմանագրային հիմունքներով (հուշագիր, պայմանագիր) համագործակցել այլ մարմինների հետ՝ վերջիններիս տարածքում հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։ Այդպիսի տարածքները, չլինելով ամրակցված գործակալությանը, կարող են դիտարկվել՝ ոչ որպես գործակալության կամ սպասարկման կենտրոնի հատկացրած տարածք։ Իսկ այդ պայմաններում հավելվածի 9-րդ կետի ուժով քաղաքացիները ամուսնության հանդիսավոր պետական գրանցման համար պետական տուրք պետք է վճարեն ոչ թե 20.000, այլ 40.000 ՀՀ դրամ: 

Հետևաբար, վերը նշված հարցում իրավական որոշակիություն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել համապատասխան լրացումը։

 

 

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը իրավական որոշակիություն կապահովի համապատասխան իրավահարաբերություններում և կարևոր դերակատարում կունենա Հայաստանի Հանրապետությունում հանդիսավոր կերպով ամուսնությունների պետական գրանցումը քաղաքացիների համար առավել հասանելի և մատչելի դարձնելու տեսանկյունից։

Ներկա դրությամբ սույն թվականի մայիսի 3-ին Արդարադատության նախարարության և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է հանդիսավոր կերպով ամուսնությունների պետական գրանցման բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարածքում առանձնացվել է հատուկ վայր՝ ամուսնությունների պետական հանդիսավոր գրանցումը իրականացնելու նպատակով: Կատարվող լրացման արդյունքում հստակություն կմտցվի նաև այն հարցում, թե ինչ դրույքաչափով պետք է վճարվի պետական տուրք վերը նշված տարածքում ամուսնության հանդիսավոր գրանցումն իրականացնելու համար։ 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում և (կամ) նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Որոշման նախագիծը անմիջականերոն չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական ծրագրերից, մինչդեռ ուղղակիորեն կապված է նշված ծրագրերի, մասնավորապես, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակի հետ:

  • Քննարկվել է

    08.06.2022 - 23.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3178

Տպել