««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրային արբիտրաժի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասում «Սույն օրենքի» բառերից հետո լրացնել «16-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում: Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը, ի թիվս այլնի, ներառում են այն դեպքերը, երբ.
1) արբիտրը կանխակալ վերաբերմունք ունի արբիտրաժի կողմի կամ մասնակցի նկատմամբ.
2) արբիտրը նախկինում մասնակցել է արբիտրաժի կողմերի մասնակցությամբ նույն առարկայի մասին վեճի քննությանը.
3) արբիտրի հետ փոխկապակցված անձը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա արբիտրաժի կողմ կամ մասնակից.
4) արբիտրը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ իր հետ փոխկապակցված անձը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:»:
2) լրացնել նոր 2.1-2.2-րդ մասեր.
«2.1. Սույն Օրենքի իմաստով արբիտրի հետ փոխկապակցված անձ է հանդիսանում.
1) այն իրավաբանական անձը.
ա. որի կանոնադրական կապիտալում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը ունեն մասնակցություն.
բ. որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունեն կանխորոշել կամ տալ կատարման համար պարտադիր ցուցումներ.
գ. որում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը հանդիսանում է կառավարման մարմնի անդամ.
դ. որի հետ արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
2) այն ֆիզիկական անձը.
ա. ով արբիտրի ընտանիքի անդամ է.
բ. ում հետ արբիտրը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն.
գ. ում հետ արբիտրը գործել է համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
2.2. Արբիտրաժային հաստատությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից բացի իրենց ներքին կանոններով կարող են նաև սահմանել արբիտրին բացարկ հայտնելու այլ հիմքեր:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «առ ոչինչ» բառը փոխարինել «անվավեր» բառով:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «բեկանման» բառը փոխարինել «չեղյալ ճանաչման» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 318-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-2.3-րդ մասերով.
«2.1. Եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում, ապա նշված դիմումները միացվում են և քննվում են արբիտրաժի վճռի համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում:
2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:
2.3. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) դատարանի եզրահանգումը՝
ա) արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու.
բ) դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու.
գ) սույն Օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.1-2.3-րդ մասերով սահմանված դեպքերում դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 323-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «տասնհինգ օրվա» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են և քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում:».
3) լրացնել նոր՝ 6.1-6.2-րդ մասերով.
«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:
6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Հոդված 4. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
4) դատարանի եզրահանգումը՝
ա. արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու.
բ. կատարողական թերթ տալը մերժելու.
գ. սույն Օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին:
Հոդված 5. Օրենսգրքի 326-րդ հոդվածում «և միջազգային առևտրային արբիտրաժների» բառերը հանել:
Հոդված 6. Օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «արբիտրաժային դատարանի կամ միջազգային առևտրային արբիտրաժի» բառերը փոխարինել «արբիտրաժի» բառով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
03.05.2022 - 18.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Քաղաքացիական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4532
Տպել