Հիշել նախագիծը

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի  հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին և 5-րդ մասերում «հարկադիր աճուրդ» բառերը փոխարինել «հարկադիր էլեկտրոնային աճուրդ» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՀԱՐԿԱԴԻՐ» բառից հետո լրացնել «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 29-35-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքի 35.1-րդ հոդվածում

1 1-ին մասում՝ «կիրառմամբ» բառից հետո «ծառայություն» բառը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)» բառերով, իսկ «կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ենթակա ակտերին» բառերով։

2 լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 մաս

«1.1. Սույն օրենքի 1-3-րդ գլուխներով սահմանված կանոնները հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են միայն սույն գլխով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։»։

3 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:

Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը»:

4․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1․-րդ մաս.

«5.1․ Հարկադիր էլեկտրոնային աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով՝ բացառությամբ թանկարժեք մետաղների և քարերի, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերի, ինչպես նաև դրանց ջարդոնի կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքների, որոնց մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 90 տոկոսի չափով։»։

5․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1․-րդ, 6․2․-րդ, 6․3․-րդ մասեր․

«6․1․ Պահանջատերն իրավունքի ունի ընդհանուր հիմունքներով մասնակցելու հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ սույն հոդվածի 6․2․-րդ և 6․3․-րդ մասերով սահմանված առանձնահատկություններով։

6․2․ Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթելու դեպքում պահանջատերն իրավունք ունի լոտի գնման գինն ամբողջությամբ կամ մասնակի վճարել պարտապանի նկատմամբ իր դրամական պահանջի հաշվանցով, եթե՝

1) դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջն առաջինն է կամ միակը, կամ

2) իր վճարած նախավճարը և գնման գնի՝ դրամով վճարված մասը բավարար են դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջից ավելի առաջնահերթ պահանջների ամբողջական կատարման համար։

6․3․ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները կարող են օգտվել սույն հոդվածի 6․2 մասով նախատեսված իրավունքներից, եթե ունեն նման լիազորություն։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Կառավարությունը:»։

6․ 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7․ Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդից հանվում է կատարողական վարույթը կարճվելու, կասեցվելու, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտվելու, ինչպես նաև գույքի հարկադիր իրացումը բացառող՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում։»։

 

Հոդված 5. Օրենքի 35.2-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած։
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը.

  • լոտի մեկնարկային գինը մինչև 100.000 դրամ լինելու դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.
  • լոտի մեկնարկային գինը 100.001-500.000 դրամ լինելու դեպքում` 1.000 դրամ.
  • լոտի մեկնարկային գինը 500.001-1.000.000 դրամ լինելու դեպքում` 10.000 դրամ.
  • լոտի մեկնարկային գինը 1.000.001-10.000.000 դրամ լինելու դեպքում` 50.000 դրամ.
  • լոտի մեկնարկային գինը 10.000.000-ից ավելի լինելու դեպքում` 100.000 դրամ:»։

3․  լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-րդ մաս․

«3․1․ Աճուրդի արդյունքների մասին կազմվում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող արձանագրություն, որը ստորագրում է հարկադիր կատարողը։ Արձանագրությունը հրապարակվում է կայքում և ուղարկվում է աճուրդի մասնակիցներին՝  էլեկտրոնային համակարգում գրանցվելիս նրանց  տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով։ Արձանագրության՝ կայքում հրապարակվող և աճուրդի չհաղթած մասնակիցներին ուղարկվող տարբերակում աճուրդի հաղթող մասնակցի տվյալները, բացառությամբ անվան (անվանման), ապանձնավորվում են։»։

4․ 5-րդ մասում «երեք աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «աճուրդի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա» բառերով։

5․ 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեին» բառերով։

6․ 7-րդ մասը «առք ու վաճառքի պայմանագիր» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ մինչև առուվաճառքի պայմանագիր կնքելը վարույթը կարճվելու, կասեցվելու, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտվելու կամ գույքի հարկադիր իրացումը բացառող՝ օրենքով նախատեսված այլ հիմք առաջանալու դեպքերի» արտահայտությամբ։

7․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1․-րդ և 7․2․-րդ մասեր․

«7․1․ Հաղթողի կողմից վճարված նախավճարը վերադարձվում է, եթե առուվաճառքի պայմանագիր չի կնքվել կատարողական վարույթը կարճվելու, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտվելու կամ գույքի հարկադիր իրացումը բացառող՝ օրենքով նախատեսված այլ հիմք առաջանալու հիմքով։

7․2․ Կատարողական վարույթը կասեցվելու հիմքով առուվաճառքի պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը և նախավճարը հաղթողին վերադարձվում են վերջինիս պահանջով, ինչը հիմք է կատարողական վարույթը վերսկսելուց հետո հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելու համար։»։

 

Հոդված 6. Օրենքի 353 հոդվածում՝

1․ 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով․

«4) հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած անձի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել այն պատճառով, որ գույքը, ելնելով դրա շրջանառության սահմանափակումներից, չի կարող օտարվել տվյալ անձին․

5) հարկադիր էլեկտրոնային աճուրդի էլեկտրոնային համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով անհնարին է դարձել աճուրդի իրականացումը, լոտի մեկնարկային գնի հավելումներ կատարելը կամ հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցությանն ուղղված այլ գործողություն կատարելը․

6) հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտից հետո մինչև առուվաճառքի պայմանագիր կնքելը կատարողական վարույթը կասեցվել է, և աճուրդում հաղթող ճանաչված անձը պահանջ է ներկայացրել՝ աճուրդի գնման գինը և նախավճարն իրեն վերադարձնելու մասին։»։

2․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-րդ և 1․2․-րդ մասեր․

«1․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերի հիմքով հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում հարկադիր կատարողը կայացնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելու վերաբերյալ որոշում, որի հիման վրա գույքի գնման գինը վերադարձվում է հաղթողին, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին։

1․2․ Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների կողմից նախօրոք վճարված (սառեցված) կանխավճարը, իսկ աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից գույքի գնման գինը վճարված լինելու դեպքում՝ նաև գույքի գնման գինը, վերադարձվում են աճուրդի մասնակիցներին։»։

3․ 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Օրենքի խախտմամբ անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը դրա արձանագրությունը կայքում հրապարակելուց հետո երկու ամսվա ընթացքում կարող է վիճարկվել և դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվել շահագրգիռ անձի պահանջով, եթե թույլ տրված խախտումն ազդել է կամ կարող էր ազդել հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքների վրա։»։

4․ 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հարկադիր էլեկտրոնային աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու հետևանքով աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրը չի կարող անվավեր ճանաչվել, իսկ գույքը չի կարող վերադարձվել պարտապանին (դրա նախկին սեփականատիրոջը)՝ բացառությամբ սույն հոդվածի 3․1․ կետով նախատեսված հայցը բավարարվելու դեպքերի։»։

5․ լրացնել 3․1․-րդ, 3․2․-րդ և 3․3-րդ մասեր․

3․1․ Հայցվորը կարող է ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքն իրեն վերադարձնելու պահանջ ներկայացնել, եթե՝

  • բեկանվել, վերացվել կամ ոչ իրավաչափ է (են) ճանաչվել աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող հարկադիր կատարման ենթակա ակտ(եր)ը կամ ոչ իրավաչափ է ճանաչվել աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարողական վարույթի հարուցումը․
  • սահմանված կարգով հաստատվել է, որ մինչ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելը հարկադիր կատարողին պարտապանի նկատմամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարողական վարույթ(ներ)ը կարճելու հիմք(եր)ի առկայությունը հայտնի լինելու պայմաններում այդ վարույթ(ներ)ը ոչ իրավաչափ կերպով չի (չեն) կարճվել.
  • օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ հարկադիր իրացված գույքը պատկանել է հայցվորին, այլ ոչ թե կատարողական վարույթով պարտապանին, կամ, հարկադիր կատարման ենթակա ակտով երրորդ անձ գրավատուի գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրված լինելու դեպքում՝ գրավատուին։

3․2․ Սույն հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված հայցը բավարարվելու դեպքում կարճված կատարողական վարույթը վերսկսվում է, գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի հետ միաժամանակ վերականգնվում են իրացման հետևանքով դադարած գույքային իրավունքները, գնորդի կողմից գույքը վերադարձնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը նրան է վերադարձնում դրա գնման գինը, պահանջատերը, պարտապանը և այլ անձինք գույքի հարկադիր իրացումից ստացված գումարներն իրենց ստացած չափով հարկադիր կատարողի որոշման հիման վրա վերադարձնում են ծառայությանը, և պահանջատիրոջ պահանջի բավարարված մասը նվազեցվում է իր վերադարձրած գումարի չափով։

3․3․ Հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի 3․2-րդ մասով սահմանված որոշումը հիմք է տվյալ կատարողական վարույթի շրջանակում վերադարձման ենթակա գումարը բռնագանձելու համար, ընդ որում՝ աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու հետևանքով պարտապանին (գրավատուին) վերադարձված գույքի նոր իրացումից ստացված գումարն առաջին հերթին ուղղվում է ծառայության պահանջի բավարարմանը։

 

Հոդված 7. Օրենքի 35.4-րդ հոդվածում՝

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե աճուրդը չի կայացել սույն օրենքի 35․3-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով սահմանված հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում։»:

  1. 9-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սկսվող հարկադիր էլեկտրոնային աճուրդների (այդ թվում՝ երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդների) նկատմամբ:
  • Քննարկվել է

    02.05.2022 - 17.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4375

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ