«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ դարձնելու նպատակադրմամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով և ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև ռոյալթիի գործող համակարգը որոշակիորեն արձագանքում է մետաղների միջազգային գներին՝ այն իմաստով, որ վերջիններիս բարձրացման պարագայում ռոյալթիի դրույքաչափը, ի հաշիվ շահութաբերությունից կախված բաղադրիչի, որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդարացի և հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսանկյունից։
Նշված խնդիրն արագ լուծելու նպատակով, որպես կարճաժամկետ միջոցառում, 2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2021 թվականի սեպտեմբերի 4-ին) պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման համար սահմանվել է արտահանման պետական տուրք՝ նպատակ ունենալով մետաղների միջազգային բարձր գների պայմաններում ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ: Պետական տուրքի սահմանումը, սակայն, մետաղների ոչ բոլոր գների պարագայում կարող է համարվել ոլորտի հարկման արդարացի և արդյունավետ գործիք, քանի որ մետաղների (խտահանքի) արտահանման պետական տուրքը հաշվարկվում է արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա միայն, և հետևաբար, այն ճկուն չէ մետաղների միջազգային գների փոփոխության նկատմամբ: Ավելին, պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանքարդյունաբերական կազմակերպություններում կատարվող ծախսերի փոփոխությունները, հետևաբար նաև՝ արտադրատնտեսական գործունեության շահութաբերության աստիճանի փոփոխությունները: Ուստի, հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել առավելապես գործունեության վերջնական ֆինանսական արդյունքների վրա հիմնված՝ առավել արդարացի ու տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված հարկային բեռ ձևավորող համակարգ, որը նաև կերաշխավորի ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է՝
1) 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը,
2) պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ՝
ա. մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ, նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների, և հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց,
բ. ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:
Ընդ որում, նախագծով առաջարկվում է սահմանել, որ բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչը որոշելիս՝ շահույթը նախքան հարկումը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին և երկրորդ բաղադրիչները, ինչպես նաև ռոյալթի վճարողի ֆինանսական ծախսերը,
3) սահմանել նաև, որ խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները,
4) առաջարկվում է փոխել նաև ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմանաչափեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եթե հաշվարկված ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս (գործող օրենսդրությամբ սահմանված 20 տոկոսի փոխարեն) կամ ավելի չափով ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա որպես իրացման շրջանառություն՝ է հիմք ընդունվում միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառության 85 տոկոսը (գործող օրենսդրությամբ սահմանված 80 տոկոսի փոխարեն):
Նախագծերով առաջարկվող լուծումները քննարկվել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հետ։ Վերջիններս գտնում են, որ ռոյալթիի հաշվարկման ներկա համակարգն, ընդհանուր առմամբ, համահունչ է միջազգային պրակտիկայում կիրառվող արդյունավետ համակարգերին։ Հետևաբար, այդ համակարգի ընդհանուր սկզբունքների պահպանման տրամաբանությամբ ու նախագծով առաջարկվող՝ շահութաբերությունից կախված ռոյալթիի բաղադրիչի ամրապնդմամբ հնարավոր կլինի մի կողմից ապահովել Հայաստանի Հանրապետության ռոյալթիի համակարգի ընդհանուր մրցունակությունը մետաղների խտանյութ արդյունահանող և արտահանող երկրների համեմատությամբ՝ դրանով իսկ կայուն նախադրյալներ ստեղծելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ու ոլորտի հետագա ներդրումային գրավչության համար, իսկ մյուս կողմից հնարավորություն կստեղծվի պետական բյուջեն լրացուցիչ եկամուտներով ապահովելու համար:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը,
2) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել առավել արդարացի և տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված,
3) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2.8-րդ՝ «Բնական ռեսուրսների կայուն կառավարում» և 6.8-րդ՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասերով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես՝
- ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով նախատեսվում է հանքարդյունաբերության հարկման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում` ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում,
- Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի,
- հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
-
Քննարկվել է
29.04.2022 - 15.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 4249
Տպել