Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելը պայմանավորված է ֆինանսական կազմակերպությունների աշխատողների համար միասնական աշխատանքային երաշիքներ սահմանելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

Աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին, հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Նշված ցանկը սահմանված է Որոշմամբ։ 

Որոշման 23-րդ կետով ՀՀ կենտրոնական բանկի և բանկային համակարգի՝ ինչպես հնգօրյա, այնպես էլ՝ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար նախատեսված է 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք։

Հարկ է նշել, որ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպություն են համարվում բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը։

Հետևաբար, հաշվի առնելով այն, որ ինչպես ՀՀ կենտրոնական բանկի և բանկային համակարգի, այնպես էլ՝ ֆինանսական այլ կազմակերպությունների, աշխատողները հանդիսանում են նույն ֆինանսական համակարգի աշխատողներ, սույն նախագծով առաջարկվում է վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության աշխատողների համար ևս սահմանել 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ միևնույն ոլորտում աշխատողների համար միասնական աշխատանքային երաշխիքներ նախատեսելու համատեքստում։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագիծը մշակվել է ֆինանսական կազմակերպությունների աշխատողներին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար համապատասխան իրավական մեխանիզմներ սահմանելու նպատակով։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

1) սույն նախագծով կարգավորվող հարաբերությունն ուղղված է ապահովելու «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթի գործողության «04-Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակի «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ...» լուծումների իրացումը։

2) Կառավարության 05.12.2019 N 1753-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Աշխատի'ր, Հայաստան» ռազմավարությամբ նախատեսվել է «աշխատանքային պայմանների և հարաբերությունների շարունակական բարելավում» 4-րդ նպատակը, որով առանձնացվել է «Աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորման և վերահսկողության բարելավում» 1-ին խնդիրը։ Մասնավորապես, 1-ին խնդրի համար առանձնացվել է նաև 1.2-րդ գործողությունը, որով նախատեսվել է՝ աշխատանքային օրենսգրքի  և աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի վերանայումը, փոփոխությունների ներկայացումը  և ընդունումը։ Նշվել է նաև, որ աշխատանքային հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքը Աշխատանքային օրենսգիրքն է, որը թեպետ պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում, սակայն, պայմանավորված հասարակական-տնտեսական հարաբերությունների զարգացմամբ և մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ՝ գործող իրավական դաշտի վերլուծության և ըստ այդմ՝ փոփոխությունների ներկայացման անհրաժեշտություն կա, որի արդյունքում աշխատանքային իրավունքները կդառնան ավելի պաշտպանված՝ միաժամանակ չնվազեցնելով աշխատանքային հարաբերությունների ճկունությունը։

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

ՀՀ պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի, միաժամանակ եկամուտների մասով հնարավոր են որոշակի ավելացումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե գործող օրենսդրությամբ 4 օր աշխատանքի համար աշխատողին վճարվելու է միայն աշխատավարձը և հարկվի սահմանված կարգով, ապա նախագծի ընդունումից հետո հարկման ենթակա է լինելու միջին օրական աշխատավարձը, որը հաճախ էականորեն գերազանցում է աշխատողի օրական աշխատավարձի չափը։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Խնդիրն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացվել է նաև Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից։

7. Ակնկալվող արդյունքը

Բոլոր ֆինանսական կազմակերպությունների աշխատողներին 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման իրավունքի ամրագրում։

  • Քննարկվել է

    26.04.2022 - 11.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3263

Տպել