Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 2023 թվականի __________ «____» N       -Լ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման N 1 հավելվածի «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» գլուխը «13-րդ՝ «XIII. ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14-րդ նախադասությամբ. «XIV. ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»,
  2. 1-ին հավելվածը «XIII. ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բաժնից հետո լրացնել նոր 14-րդ բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.

«XIV. ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

  1. Հանածո վառելիքի այրումը, էներգիայի վերականգնվող աղբյուրներին աստիճանական անցում կատարելու խթանների բացակայությունը կամ ոչ բավարար լինելը զգալի վնասակար ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա։ Կենսազանգվածի ոլորտի զարգացումը կնպաստի գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը, մարդու կյանքի որակի ու առողջության բարելավմանը, երկրի էներգետիկ կախվածության նվազեցմանը, կապահովի զբաղվածության մակարդակի որոշակի ավելացում և կխթանի կենսազանգվածի վերաճը՝ հողի կայուն կառավարման գործելակերպերի միջոցով։
  2. Ըստ 2023 թվականին հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2019թթ. հաշվետվության՝ 2019 թվականին էներգետիկ հատվածի ընդհանուր ջերմոցային գազի արտանետումների 19 տոկոսի աղբյուրը բնակարանային հատվածում վառելիքի այրումն է։ Համաձայն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի էներգետիկ հաշվեկշռում արտացոլված տեղեկատվության՝ Հայաստանը շարունակում է մնալ ներմուծվող էներգապաշարներից մեծ կախվածություն ունեցող երկիր: 2021 թվականին ներմուծվող էներգապաշարների ծավալները կազմել են 81.2 տոկոս առաջնային էներգիայի մատակարարման նկատմամբ: Առաջնային էներգիայի մատակարարման մեջ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը կազմել է ընդամենը 9.38 տոկոս, իսկ միայն կենսազանգվածից ստացվող էներգիայինը՝ 3.27 տոկոս, ներմուծվող բնական գազինը՝ 62.09 տոկոս, որը չի նպաստում երկրի էներգետիկ անկախության և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Կենսազանգվածից ստացվող կենսավառելիքի (պինդ, հեղուկ կամ գազային) մասնաբաժնի շարունակական մեծացման արդյունքում հնարավոր է էականորեն հավասարակշռել սեփական և ներմուծվող էներգետիկ ռեսուրսների հարաբերակցությունը։
  3. Հայաստանի Հանրապետությունում կենսազանգվածից վառելիքի ստացման հնարավոր աղբյուրներն են՝ հացազգիների բերքահավաքից հետո առաջացող ծղոտը, չոր խոտի մնացորդները, հատիկաընդեղենային, տեխնիկական և բանջարանոցային մշակաբույսերը, պտղատու, հատապտղատու և խաղողի այգիներից էտի արդյունքում առաջացող ճյուղերը։ Կենսազանգվածի հիմնական աղբյուր կարող են հանդիսանալ բուսաբուծության ու անասնապահության ոլորտներում առաջացող կենսաբանական մնացորդները։ Դրանց հասանելի մասի գումարային ծավալը գնահատվում է տարեկան ավելի քան 125000 տոննա, որը բավարար է մոտ 150 ԳՎտ/ժամ էներգիա ստանալու համար։ Առկա ներուժի արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա խուսափել տարեկան կտրվածքով 144000 խմ փայտ, ինչպես նաև դաշտերում առնվազն 114000 տոննա գյուղատնտեսական կենսազանգված այրելուց։ Օգուտները կարող են լինել ոչ միայն բնապահպանական, այլև՝ տնտեսական, սոցիալական, ֆինանսական և այլն։ Արդյունքում՝ անտառահատման ծավալների կրճատումը կնպաստի Հայաստանի անտառների տարածքների, դրանց բնական էկոհամակարգերի պահպանությանը։ «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» ԷԿՈսերվ ծրագրի շրջանակներում 2023 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից իրականացվող՝ պարենի և էներգետիկ նպատակներով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության իրագործելիության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների վերլուծությունից ակնհայտ է, որ երկրում առկա են նախադրյալներ՝ բազմակի (պարենի և էներգետիկ) նշանակության մշակաբույսերի մշակության զարգացման համար։
  4. Հայաստանի Հանրապետությունում առաջարկվող՝ կենսագազի արտադրության կայանները նախատեսված են կենսագազ և օրգանական պարարտանյութ արտադրելու համար։ Դրանց ծավալները տարբեր են՝ 100 խմ-ից մինչև 4000 խմ, շինարարության տևողությունը կազմում է 3-6 ամիս, զբաղեցնում են 200-1500 քմ տարածք։ Արտադրվող կենսագազի ծավալը, կախված հումքի տեսակից և ծավալից, կարող է հասնել մինչև օրական 100 խմ։ Կենսագազը կարող է օգտագործվել՝

1) ջեռուցման նպատակով,

2) կենսագազը ճնշելով հնարավոր է զատել մեթանը և ածխաթթու գազը, որից հետո ածխաթթու գազը հնարավոր կլինի օգտագործել տեխնիկական նպատակներով,

3) կոգեներացիոն կայանի միջոցով հնարավոր է ստանալ էլեկտրական և ջերմային էներգիա, ընդ որում այս տարբերակով 1 խմ կենսագազից հնարավոր է ստանալ մինչև 2 կՎտ/ժամ էլեկտրական էներգիա և 3 կՎտ/ժամ ջերմային էներգիա:

  1. Ոլորտի զարգացման աշխատանքներն ունեն համալիր դիտարկման կարիք, հաշվի առնելով նաև շենքերի էներգաարդյունավետության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդիրը։ Վերջինիս շրջանակներում կարևոր են քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 31-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-02-2022 «Շենքերի էներգաարդյունավետության ապահովում. Էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ» շինարարական նորմերը, որի դրույթներով սահմանված են նաև վառելիքի տարբեր տեսակներից ածխածնի երկօքսիդի արտանետումների գործակիցները, որոնցով գնահատվում են մթնոլորտ վնասակար արտանետումների քանակը։

 

ԳԼՈՒԽ 2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

 

  1. 2009 թվականին Եվրոպական Միությունը կենսավառելիքի ոլորտում ունեցել է գրեթե 2 տրլն եվրո շրջանառություն, ոլորտում զբաղվածությունը կազմել է ավելի քան 22 մարդ՝ ԵՄ-ում զբաղվածության 9 տոկոսը: Կանխատեսվում է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կենսատնտեսական հետազոտությունների և նորարարության մեջ ներդրված յուրաքանչյուր եվրոն մինչև 2025 թվականը կբերի 10 եվրո ավելացված արժեք կենսավառելիքի ոլորտում: Ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկան մատակարարում է վերջնական էներգասպառման մոտ մեկ հինգերորդը։
  2. Կենսազանգվածային էներգիայի կիրառություններն արագորեն աճում են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում (օրինակ՝ Միացյալ Նահանգները կենսազանգվածից ստանում է իր հիմնական էներգիայի մոտավորապես 4 տոկոսը, իսկ Ֆինլանդիան և Շվեդիան՝ 20 տոկոսը)։
  3. Ուշադրության արժանի է կենսազանգվածի գործածության ոլորտի խթանման Իտալիայի փորձը, որտեղ մեծ տարածում ունի կենսամեթանի, կենսադիզելի, էթանոլի արտադրությունը և օգտագործումը, ինչպես նաև կենսավառելիքից ստացված էլեկտրաէներգիայի սպառումը։ Կենսամեթան կամ այլ կենսավառելիք արտադրողները իրավունք ունեն ստանալ հավելավճարներ, իսկ կենսամեթան արտադրողները կարող են արտադրված կենսամեթանը վաճառել պարզեցված ընթացակարգով։ Ջեռուցման նպատակով կենսավառելիքի գործածության խթանումը, որի հիմքում դրված են խրախուսման և փոխհատուցման ճկուն համակարգերը, զուգակցվում է շենքերի ջեռուցման և օդորակման՝ թաղամասի կամ շենքի մակարդակով կենտրոնացված համակարգերի կիրառության խթանման հետ։ Մասնավորապես, նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան և հասարակական շինությունների համար սահմանված է թաղամասի կամ շենքի մակարդակով ջեռուցման կենտրոնացված համակարգի առկայության պահանջ, ինչպես նաև կենսազանգվածից ստացված վառելիքի օգտագործման նվազագույն շեմ։ Իտալիայի կենսավառելիքի ոլորտի առաջավոր փորձի որոշ բաղադրիչներ Հայաստանում կարող են ներդրվել՝ որպես ելակետ ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N426-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի «VI. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերին ներկայացվող էներգաարդյունավետության պահանջները» գլխի 21-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների կարգավորումները։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում կենսավառելիքի ոլորտը դեռևս սաղմնային վիճակում է՝ Իտալիայի առաջավոր փորձի հիմնական բաղադրիչները կիրառելի են՝ ոլորտի շարունակական և անվտանգ զարգացման ապահովման նպատակով։ Խթանման ելակետային միջոցառումների իրականացման մեկնարկի որոշակի փուլից հետո հնարավոր կլինի ուսումնասիրել կենսավառելիքի մատակարարման կամ քվոտաների սահմանման հնարավոր ուղղությունները և դրանց ներդրման մեխանիզմները։

 

ԳԼՈՒԽ 3. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Գյուղացիական տնային տնտեսությունները, հաճախ գտնվելով փոքր և մայրուղային ենթակառուցվածքներից հեռու բնակավայրերում, հիմնականում չեն գազաֆիկացվում, իսկ գազաֆիկացման առկայության դեպքում՝ եկամուտների ցածր մակարդակի պատճառով մեծամասամբ օգտագործում են վառելափայտ (այդ թվում՝ ապօրինի հատված) կամ գոմաղբ։ Վերջինիս այրումը ևս վնասակար է մթնոլորտ արտանետումների տեսանկյունից։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված օրենսդրական բարեփոխումների արդյունքում խստացվել է նաև ապօրինի անտառահատման համար պատասխանատվությունը, հետևաբար առավելապես գյուղական բնակավայրերի բնակիչներն ունեն մատչելի ջեռուցման ապահովման խնդիր։
  2. Գյուղացիական տնտեսություններում օգտագործվող վառարանների զգալի մասն ունի շատ ցածր արդյունավետություն։ Դրանք աստիճանաբար պետք է փոխարինել պինդ կենսավառելիքին հարմարեցված ջեռուցման սարքերով, որը կապահովի բարձր էներգաարդյունավետություն և օգտագործման անվտանգություն։ Ջեռուցման համար օգտագործվող վառելիքի տեսակների մեջ վառելափայտը կազմում է 60-95 տոկոս (կախված մարզից և անտառից հեռավորությունից)։ Էներգաարդյունավետ լուծումների հիմնական խոչընդոտը (80-ից ավել տոկոս) ֆինանսական միջոցների բացակայությունն է։
  3. Կլիմայի փոփոխության, օդի միջին ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ լուրջ մարտահրավեր են նաև անտառային հրդեհները, որոնք Հայաստանի անտառների սակավության պայմաններում անդառնալի հետևանքներ են հասցնում շրջակա միջավային։ Հրդեհները մեծամասամբ մարդածին են, և շատ հաճախ դրանց առաջացման պատճառ է հանդիսանում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո խոզանի և դաշտում թողնված ծղոտի այրումը, որը բացի այն հանգամանքից, որ չի օգտագործվում որպես պոտենցիալ հումք բրիկետների կամ պելետների արտադրության համար, հանդիսանում է մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր, կարող է ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները, հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի: Հրդեհները կարող են խախտել էկոհամակարգերի հավասարակշռությունը, կարող են խաթարել էկոլոգիական գործընթացները, ինչպիսիք են սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը, բույսերի սերմերի տարածումը:
  4. Հիմնական խնդիրներից է կենսազանգվածի կառավարումը (հավաքում, պահում, փոխադրում, մշակում, օգտագործում)։ Տեղական շուկայում գործում են կենսազանգվածային վառելիք առաջարկող մոտ երկու տասնյակ տնտեսվարող։ Նրանց մի զգալի մասը Ռուսաստանի Դաշնությունից բրիկետ և պելետ ներկրողներ են։ Բրիկետի և պելետի գները տատանվում են 1 տոննայի համար 100000-170000 դրամի միջակայքում։ Բարձր գների հիմնական պատճառը ներկայումս Հայաստանում գործող ոչ մեծ արտադրական կարողություններն են։ 5-6 արտադրողների մոտ արտադրական հզորությունը կազմում է 400-500 կգ/ժամ, իսկ մյուսները գտնվում են 100-250 կգ/ժամ արտադրողականության միջակայքում՝ օգտագործելով ոչ գործարանային արտադրության, ցածր արդյունավետությամբ սարքավորումներ։ Նշված գործոնները չեն նպաստում բրիկետի և պելետի շուկայում մրցունակ գների ձևավորմանը։

 

ԳԼՈՒԽ 4. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  1. Ոլորտի զարգացման նպատակն է կենսավառելիքի ոլորտի կայուն զարգացման ներդրման և զարգացման միջոցառումների իրականացմամբ կանխել կամ հնարավորինս մեղմել ներկայացված խնդիրների՝ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, ինչպես նաև ձևավորել մատչելի էներգետիկ ռեսուրսների հասանելիություն՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ կախվածության նվազեցմանը։
  2. Որպես հիմնական նպատակ դիտարկվում է անտառահատման ծավալների էական կրճատումը՝ հիմնականում գյուղական բնակավայրերում սոցիալ տնտեսական զարգացման առկա մակարդակի պարագայում էներգիայի այլընտրանքային, տնտեսապես արդյունավետ (ցածր ինքնարժեք, բարձր էներգաարդյունավետություն) և հանրապետության համար ինքնաբավ տեսակների գործածության զարգացման խթանումը և ջեռուցման նպատակով բնափայտի օգտագործման ծավալների էական կրճատումը։
  3. Առանցքային նշանակություն ունի անտառային հրդեհների կանխումը։ Բրիկետի և պելետի արտադրության և սպառման ոլորտի զարգացվածության պարագայում կիրականացվի բուսական մնացորդների կազմակերպված հավաք և մշակում։ Խոզանների, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքների, արոտավայրերի և խոտհարքերի բուսականության այրման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների և այրման ենթարկվող բուսական մնացորդների մթերման արդյունավետ համադրության արդյունքում էականորեն կնվազեն շրջակա միջավայրին և տնտեսությանը էական վնաս պատճառող հրդեհները։
  4. Կենսավառելիքի (պինդ, հեղուկ, գազային) արտադրության և գործածության ոլորտի զարգացման արդյունքում հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ (կամ հնարավորինս մեղմել դրանց բացասական ազդեցությունը), այդ թվում՝

1) շրջակա միջավայրի ոլորտում.

ա. ապօրինի անտառհատումների բացառում, կամ, առնվազն դրանց ծավալների էական կրճատում՝ վառելափայտի պահանջարկի նվազեցման միջոցով,

բ. գյուղատնտեսական նշանակության հողերում և այլ խոտածածկ տարածքներում առկա բուսական մնացորդների հավաքման և օգտագործման միջոցով հնարավոր հրդեհների կանխում և հրդեհի հետևանքով վնասվող տարածքների նվազեցում, բազմամյա տնկարկներում և խաղողի այգիներում էտի հետևանքով առաջացող թափուկների հավաքում և արդյունավետ օգտագործում,

գ. չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի՝ տնտեսական շրջանառության մեջ ներգրավում, հողերի դեգրադացիայի կանխում,

     դ. անտառաճման գոտիավորման պահանջները հաշվի առնելով՝ կենսավառելիքի հումքի կայուն ապահովման նպատակով՝ անտառային տնկադաշտերի հիմնում,

2) սոցիալական ոլորտում.

ա. նոր աշխատատեղերի ստեղծում կենսավառելիքի արտադրության ու իրացման, ինչպես նաև կենսավառելիքի համար արտադրական և սպառման սարքավորումների արտադրության ու սպասարկման ոլորտներում,

բ. տնային տնտեսություններին համար մատչելի և էկոլոգիապես անվտանգ վառելիքի ապահովում։ Աջակցության միջոցառումները նպատակահարմար կլինեն իրականացնել՝ հաշվի առնելով բնակավայրի սահմանամերձ կամ անտառամերձ լինելը, տնային տնտեսության աղքատության մակարդակը, բազմանդամ լինելը, մինչև 18 տարեկան երեխաների թվաքանակը և այլն։

3) ֆինանսների ոլորտում՝ լրացուցիչ հարկային մուտքերի միջոցով պետական և տեղական ինքնակառավարման բյուջեների եկամտային մասի ավելացում,

4) տնտեսական ոլորտում.

ա. ներդրումների ներգրավում կենսավառելիքի արտադրության ու իրացման, կենսավառելիքի համար արտադրական և սպառման սարքավորումների արտադրության ու սպասարկման ոլորտներում,

բ. տնտեսապես արդյունավետ (ցածր ինքնարժեք, բարձր էներգաարդյունավետություն) և Հայաստանի Հանրապետության համար ինքնաբավ վառելիքի արտադրություն և սպառում, կենսավառելիքի արտադրության և սպառման ոլորտների հետ փոխկապակցված այլ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտի խթանում,

գ. բազմակի նշանակության (պարենի և էներգետիկ) մշակաբույսերի մշակման ծավալների ավելացում։

  1. Կենսավառելիքի ոլորտի զարգացման խթանումը երկարաժամկետ կտրվածքով շարունակական և անընդհատ գործընթաց է, որը նպատակահարմար է իրականացնել այլ ոլորտային աջակցության ծրագրերի հետ զուգահեռ։ Մասնավորապես՝ սոցիալապես անապահով խմբերին, սահմանամերձ բնակավայրերին և այլ հնարավոր շահառուներին էներգետիկ ապահովման հետ կապված ծրագրեր մշակելիս և իրականացնելիս նախապատվություն տալ կենսավառելիքի ձեռքբերմանը։ Աջակցության իրականացման բոլոր փուլերում, ոլորտի ներդրման, շարունակական և անվտանգ զարգացման ապահովման, ինչպես նաև տեղեկացվածության բարձրացման նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել.

1) տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային ծառայողների հետաքրքրության բարձրացում, ուսուցման և վերապատրաստման գործընթացի շարունակականության ապահովում,

2) գիտակրթական հաստատությունների և մասնագետների հետաքրքրության բարձրացում, նոր տեխնոլոգիաների մշակում, ուսուցման և վերապատրաստման գործընթացի շարունակականության ապահովում,

3) հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի մոտ հետաքրքրության բարձրացում, ոլորտային համագործակցության ամրապնդում,

4) միջազգային կազմակերպությունների հետ ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացում, տնտեսվարողների, օտարերկրյա ներդրողների, դոնոր կազմակերպությունների հետ կենսավառելիքի ոլորտի ներդրման ֆինանսավորման հետ կապված աշխատանքների իրականացում,

5) կենսավառելիքի արտադրության և սպառման աճի որոշակի մակարդակում կառաջանա նաև բազմակի նշանակության (պարենի և էներգետիկ) մշակաբույսերի ցանքատարածությունների ստեղծման ու ընդլայնման նպատակով աջակցության ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտություն։

 

ԳԼՈՒԽ 5. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 7-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը համարվում են գերակա ոլորտներ, հետևաբար, կենսավառելիքի արտադրությամբ, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ հումքի ապահովման նպատակով էներգետիկ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող տնտեսվարողները կարող են օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատվելու հնարավորությունից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով, կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:
  2. Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման 1-ին կետով հաստատված Հավելված N 1-ի համաձայն՝ օժանդակություն է տրամադրվում տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառումը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, կենսավառելիքի ոլորտի զարգացման ապահովման նպատակով, կառաջանա միջոցառման գործողության ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն։
  3. Բազմակի նշանակության (պարենի և Էներգետիկ) մշակաբույսերի մշակաբույսերի մշակության ոլորտի տնտեսվարողները հնարավորություն ունեն անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար օգտվել Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։
  4. Ծրագրով նախատեսվող միջոցառումները և կարգավորումներն առավել արդյունավետ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1886-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության», 2021 թվականի մայիսի 13-ի N749-Լ որոշմամբ հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների» հետ համահունչ կիրառելու պարագայում։

 

ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

  1. Կենսազանգվածից ստացվող կենսավառելիքի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկման հիմքում ընկած են հետևյալ ծախսային ուղղությունները.
    • կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ հումքի (կենսազանգվածի, էներգետիկ մշակաբույսերի) արտադրություն կամ հավաք,
    • կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի ձեռքբերում,
    • կենսավառելիքի արդյունավետ սպառման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերում։
  2. Համաձայն «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» ԷԿՈսերվ ծրագրի շրջանակներում 2023 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից իրականացվող՝ պարենի և էներգետիկ նպատակներով գյուղատնտեսական մշակաբույսերի (եգիպտացորենի, արևածաղկի, սորգոյի և գետնախնձորի) մշակության իրագործելիության վերաբերյալ ուսումնասիրության՝ զգալիորեն արդյունավետ է եգիպտացորենի, արևածաղկի, գետնախնձորի և սորգոյի մշակութունը։ Նշված մշակաբույսերի մշակության ծախսերի և ակնկալվող օգուտների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացված է Աղյուսակ 1-ում։
  3. Պարենի և էներգետիկ նպատակներով գյուղատնտեսական նշված մշակաբույսերի մշակությունը իրագործելի է նաև անջրդի գյուղատնտեսական հողերում։ Այս դեպքում հնարավոր է էականորեն նվազեցնել այդ մշակաբույսերի մշակության ծախսերը։ 1 հա-ի հաշվով մշակության ծախսերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացված է Աղյուսակ 2-ում։
  4. Կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար պահանջվող ներդրումները գնահատվել են՝ օգտագործելով եվրոպական շուկայի միջին գները։ Մեկ բրիկետավորման գործարանի ամբողջական լուծումների արժեքը տատանվում է 95-180 մլն դրամի միջակայքում։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները կարող են էականորեն տատանվել՝ կախված արտադրական սարքավորումների հզորություններից, տեսակներից (հիդրավլիկ, մեխանիկական, հարվածային, պտուտակային կոմպակցիայի և դրանց համադրություններ), արտադրող երկրից, օգտագործվող հումքի շրջանակից և այլն։ Կենսագազի (կենսամեթան) արտադրության կայանների գները (ներառյալ շինարարական և մոնտաժման աշխատանքները), կախված դրանց արտադրողականությունից, տատանվում են 35-450 մլն դրամի սահմաններում, սակայն, սկսած 8-րդ ամսից, դրանք կարող են բերել տարեկան 7-200 մլն դրամի եկամուտ՝ արտադրված կենսագազի և պարարտանյութի դիմաց (1 խմ գազը 100 դրամ և 1 տոննա օրգանական պարարտանյութը 55000 դրամ հաշվարկով)։ Ներդրումների աստիճանական ներգրավումը ոլորտի զարգացման տեմպերի հետ զուգակցելու արդյունքում կբարձրանա դրանց արդյունավետությունը և կկրճատվի հետգնման ժամկետը։
  5. Բրիկետի և պելետի արդյունավետ սպառման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների (ջեռուցման կաթսաների և վառարանների) գները խիստ տարբեր են՝ կախված արդյունավետության մակարդակից, սնուցման համար նախատեսված վառելիքների քանակից կամ տեսակից, ինչպես նաև՝ մեկ բեռնվածքի գործարկման ժամերի քանակից։ Հայաստանում օգտագործվող ամենաէժան լուծումների գնային միջակայքը տատանվում է 20000-30000 դրամի միջակայքում։ Դրանք կարող են շահագործվել 2-3 տարի, կենսավառելիքի սպառման համար նախատեսված ամենապարզունակ մոդելներն են, սովորաբար բաց կրակով լուծումներ են՝ շատ ցածր արդյունավետությամբ, ներկայացնում են հրդեհային անվտանգության ռիսկ տնային տնտեսություններում կիրառելու դեպքում, կարող են վնաս հասցնել բնակիչների առողջությանը՝ դրանց օգտագործման ընթացքում արտանետվող ծխի և այլ մասնիկների պատճառով։ Ներքին շուկայում առկա են նաև տեղական արտադրության, 60-80 տոկոս արդյունավետությամբ, շահագործման ավելի երկար ժամկետ ունեցող վառարաններ, որոնց գները տատանվում են 70000-200000 դրամի սահմաններում։ Միջազգային պրակտիկայում կիրառվում են վառարաններ՝ սարքավորված ջրային պատյանով, այրման կառավարման էլեկտրական օդափոխիչով, ջերմաչափով և այլն, որոնց գները բավականին բարձր են և համադրելի են ջեռուցման կաթսաների գների հետ և տատանվում են 350000-1000000 դրամի միջակայքում։ Առավել նախընտրելի վառարանները դիմակայում են բարձր ջերմաստիճաններին, կարող են աշխատել երկար այրումով, նախատեսված են մինչև 150 քմ տարածք ջեռուցելու համար։ դրանց նվազագույն գինը 200000 դրամ է։ Արտադրվում են նաև ԵԱՏՄ անդամ երկրներում, և գործող մաքսային ռեժիմի պայմաններում դրանց ներկրումը համեմատաբար քիչ ծախսեր կպահանջի։
  6. Արևելյան եվրոպայի երկրներում արտադրվող՝ կենսավառելիքով աշխատող կաթսաների գները տատանվում են 1-3 մլն դրամի միջակայքում։ Այս տիպի կաթսաները սովորաբար աշխատում են մեկ տեսակի վառելիքով, ունեն ավտոմատ սնուցում, սակայն ցածր ինքնակառավարման աստիճան։
  7. Կախված խտությունից՝ բրիկետի ու պելետի գները 1 տոննայի համար ներկրված վառելիքի դեպքում կազմում են 150000-170000 դրամ, իսկ տեղական արտադրության պինդ կենսավառելիքի դեպքում՝ 80000-140000 դրամ։ Գների տարբերությունը հիմնականում պայմանավորված է պինդ կենսավառելիքի ջերմատվությամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1 խմ վառելափայտի գները տատանվում են 13000-22000 դրամի սահմաններում (ապօրինի հատման դեպքում՝ ավելի էժան) պինդ կենսավառելիքն ավելի քիչ շահավետ է բնակչության համար (1 տոննա բրիկետը համարժեք է մոտավորապես 3.3-3.5 խմ չոր վառելափայտին)։ Այս պարագայում կարևորվում է պետության կողմից աջակցության միջոցառումների միջոցով պինդ կենսավառելիքի ավելի մատչելի դարձնելը։ Աջակցությունն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու համար նպատակահարմար է կիրառել գնվող կենսավառելիքի գնի՝ պետության կողմից համաֆինանսավորման մեխանիզմը։  Կենսավառելիքի գնի մասնակի սուբսիդավորումը կբերի շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության համար ավելի անվնաս վառելիքի օգտագործման ծավալների աճին։ Զուգահեռաբար՝ տնտեսվարողների մոտ վաճառքի ծավալների ավելացումը կբերի ֆինանսական միջոցների աճին, որն էլ կարող է ուղղվել արտադրական կարողություններով համալրելմանը, դրանց արդիականացմանը, կազմակերպության արտադրողականությունը բարձրացմանը։

 

ԳԼՈՒԽ 7. ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ

 

  1. Կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտի զարգացումը չի ենթադրում մեծ ռիսկեր, որոնք կարող են ունենալ չվերականգնվող կամ դժվար վերականգնվող հետևանքներ շրջակա միջավայրի կամ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Հնարավոր ռիսկերը հիմնականում պայմանավորված են կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ հումքի (էներգետիկ մշակաբույսերի) մշակման և իրացման ենթակառուցվածքների ոլորտում առկա խնդիրների հետ։ Նշված ռիսկը հնարավոր է չեզոքացնել կամ առավելագույն չափով մեղմել պետության կողմից գյուղատնտեսության ոլորտի աջակցության իրականացման, ինչպես նաև այլ մեխանիզմների կիրառման (ապահովագրական համակարգ, մթերման ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում և այլն) միջոցով։
  2. Հնարավոր ռիսկերից է շահառուների ակնկալվող թվաքանակից էականորեն տարբերվող փաստացի հնարավոր թվաքանակը։ Վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկվել են գյուղական բնակչության և գյուղացիական տնային տնտեսությունների (այդ թվում՝ բազմանդամ) թվաքանակը, աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության թիվը (ըստ մարզերի)։ Վերոնշյալները հանդիսանում են աջակցության ծրագրերի հիմնական թիրախային խմբերը։ Շահառուների կողմից ձևավորված պահանջարկի բավարարման անհնարինության ռիսկի ի հայտ գալու հավանականության նվազեցման նպատակով անհրաժեշտ է կազմակերպել հանդիպումներ կենսավառելիքի տեղական արտադրողների և ներկրողների հետ՝ կենսավառելիքի արտադրության և ներկրման իրատեսական ծավալների (տարեկան կտրվածքով) հստակեցման նպատակով։ Բրիկետի ու պելետի անբավարար քանակի պարագայում աջակցության միջոցառումները կիրականացվեն փուլային տարբերակով՝ ըստ մարզերի։

Աղյուսակ 1

Մշակաբույս

Մշակության ծախսեր

1 հա-ի հաշվով

(դրամ)

1 հա-ից ստացվող արտադրանքը

(կգ)

Ստացվող

արտադրանքի

1 կգ-ի շուկայական գինը

(դրամ)

1 հա-ից ստացված արտադրանքից ստացվող հասույթ

(դրամ)

Շահույթ

(դրամ)

Շահութաբերությունը

(տոկոս)

 

Հիմնական

(պարենային)

Օժանդակ

(կենսազանգված)

Հիմնական

(պարենային)

Օժանդակ

(կենսազանգված)

Հիմնական

(պարենային)

Օժանդակ

(կենսազանգված)

 

 

Եգիպտացորեն

677800

4000

15500

350

20

1400000

310000

1032000

152.2

Արևածաղիկ

602600

2000

11000

450

20

900000

220000

517000

85.8

Սորգո

545400

5000

13000

200

20

1000000

260000

714000

131.0

Գետնախնձոր

1149400

30000

10000

55

20

1650000

200000

700000

60.9

 

Աղյուսակ 2

Մշակաբույս

Ծախսեր

(դրամ)

Ոռոգովի

Անջրդի

Եգիպտացորեն

677800

565000

Արևածաղիկ

602600

527400

Սորգո

545400

489000

Գետնախնձոր

1149400

1093000

»,

  1. Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակը «11. Պետական ընկերությունների կառավարում» գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ՝ «12. Կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտի զարգացում» գլխով.

 

«

12. Կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտի զարգացում

12.1

«Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N355-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման,  տնտեսության արդիականացման միջոցառումների համար սահմանված ժամկետի երկարաձգում՝ մինչև 31.12.2027թ. (կենսավառելիքի արտադրության և սպառման սարքավորումների մասով)

- Կենսավառելիքի արտադրության և սպառման կարողությունների հիմնում ու վերազինում։

- Պինդ, հեղուկ և գազային կենսավառելիքի արտադրության ծավալների էական աճի ապահովում, կենսավառելիքի սպառման էներգաարդյունավետ սարքավորումների գործածության խթանում

ՀՀ ԷՆ

ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ՇՄՆ

2024թ.

հունիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

12.2

Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին համապատասխան՝ սերտիֆիկատացման գործընթացն իրականացնող ենթակառուցվածքների վերազինում

Բարձրորակ, անվտանգ,

կենսավառելիքի առանց խոչընդոտների իրացումն ու հնարավոր արտահանումը, սպառողների շահերի պաշտպանությունը և սպառման ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազագույն մակարդակը ապահովելու համար

Պատրաստի արտադրանքի և սպառման սարքավորումների՝

Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին (ԳՕՍՏ 33103.1-2017 (ԻՍՕ 17225-1:2014) «Կենսավառելիք պինդ. Վառելիքի տեխնիկական բնութագրեր և դասեր. Մաս 1. Ընդհանուր պահանջներ», ԳՕՍՏ 33103.2-2017 «Կենսավառելիք պինդ. Վառելիքի տեխնիկական բնութագրեր և դասեր. Մաս 2. Փայտյա պելետների դասակարգում», ԳՕՍՏ 33103.3-2017 «Կենսավառելիք պինդ. Վառելիքի տեխնիկական բնութագրեր և դասեր. Մաս 3. Փայտյա բրիկետների դասակարգում», ԳՕՍՏ 33103.4-2017 «Կենսավառելիք պինդ. Վառելիքի տեխնիկական բնութագրեր և դասեր. Մաս 4. Փայտի տաշեղների դասակարգում», ԳՕՍՏ 33103.5-2017 «Կենսավառելիք պինդ. Վառելիքի տեխնիկական բնութագրեր և դասեր. Մաս 5. Վառելափայտի դասակարգում», ԳՕՍՏ 33103.6-2017 «Կենսավառելիք պինդ. Վառելիքի տեխնիկական բնութագրեր և դասեր. Մաս 6. Ոչ փայտյա պելետների դասակարգում», ԳՕՍՏ 33103.7-2017 «Կենսավառելիք պինդ. Վառելիքի տեխնիկական բնութագրեր և դասեր. Մաս 7. Ոչ փայտյա բրիկետների դասակարգում»)

 

համապատասխանություն, բարձրորակ, անվտանգ, էներգաարդյունավետ և նվազ արտանետումներով կենսավառելիքի արտադրություն, սպառողների շահերի պաշտպանություն

ՀՀ ԷՆ

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՀՀ ՇՄՆ

 

2026թ.

շարունակական

Պետական բյուջե, օրենքով չարգելված միջոցներ

12.3

«Հայաստանի Հանրապետությունում պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) և դրանց սպառման էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման խթանման համար գյուղական բնակավայրերում քաղաքացիների և համանքային ենթակայության կազմակերպությունների 2025-2027 թվականների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

Պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) և դրանց սպառման էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիներին և գյուղական բնակավայրերում գտնվող համանքային ենթակայության կազմակերպություններին աջակցության տրամադրում, վառելափայտի համեմատ բրիկետի ու պելետի, ինչպես նաև սպառման էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերումը շահավետ դարձնելու միջոցով ջեռուցման նպատակով օգտագործվող բրիկետի ու պելետի սպառման ծավալների ավելացում, ջեռուցման ոլորտում էներգաարդյունավետության մեծացում

Սպառողների համար էականորեն կմեծանա էներգետիկ մատչելիությունը, հատվող անտառանյութի համեմատ կենսավառելիքի ավելի ցածր գնի ձևավորման արդյունքում կնվազեցվի ճնշումը անտառածածկ տարածքների վրա։ Կկրճատվեն ջեռուցման հետևանքով մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերը (այդ թվում՝ ջերմոցային գազերը), կբարելավվի բնակելի տարածքների միկրոկլիման։ Կենսավառելիքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների մոտ կաճեն արտադրության ծավալները, կբարձրանա արտադրական կարողությունների օգտագործման արդյունավետությունը, կբարելավվի ոլորտի տնտեսվարողների ֆինանսական վիճակը

ՀՀ ԷՆ

 

ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ՇՄՆ

 

2024թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

12.4

«Հայաստանի Հանրապետությունում կենսամեթանի ստացման կայանների ձեռքբերման (կառուցման) համար գյուղական բնակավայրերում ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության 2025-2027 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

 

Հայաստանի Հանրապետությունում կենսամեթանի ստացման կայանների ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիներին և տնտեսվարողներին աջակցության տրամադրում, անասնապահության ոլորտում ջերմոցային գազերի (մեթանի) արտանետումների, սննդային թափոնների կրճատում, օրգանական պարարտանյութի ստացման ծավալների ավելացում

Սպառողների համար էականորեն կմեծանա էներգետիկ մատչելիությունը, կնվազեցվի ճնշումը անտառածածկ տարածքների վրա։ Կկրճատվեն ջեռուցման հետևանքով մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերը, (այդ թվում՝ անասնապահության ոլորտում առաջացող մեթանը), կբարելավվի բնակելի և արտադրական տարածքների միկրոկլիման, լրացուցիչ պայմաններ կստեղծվեն ջերմոցային տնտեսությունների զարգացման համար

ԷՆ

 

ՏԿԵՆ ՇՄՆ

2024թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    25.04.2022 - 22.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6113

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ