«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-
14 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Չնայած հարկադիր կատարման ոլորտում վերջին տասնամյակների ընթացքում իրականացված մի շարք բարեփոխումներին՝ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է հարկադիր կատարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման հրատապ անհրաժեշտություն։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գործունեության արդյունավետության բարձրացման գործում կարևորագույն նշանաակություն ունի հարկադիր կատարողի պատշաճ վարձատրությունը, հարկադիր կատարողների համար սոցիալական պատշաճ երաշխիքներ ապահովելը, այդ գործիքակազմի ներդրմամբ Ծառայությունում բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատակիցների ներգրավումը։
Ներկայումս հարկադիր կատարողի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), որի 6-րդ հոդվածի հիման վրա հարկադիր կատարողի՝ որպես պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքի վարձատրությունը կազմված է նույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Օրենքի 9-րդ հավելվածի հիման վրա ծառայության նոր անցած հարկադիր կատարողի աշխատանքի վարձատրության համար սահմանվել է 1.96 գործակից, որի հիման վրա հարկադիր կատարողին վճարվող աշխատավարձը հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվառմամբ կազմում է 129․634 ՀՀ դրամ, իսկ ավագ հարկադիր կատարողի համար՝ 150․799 ՀՀ դրամ։ Ծառայությունում հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց (ներառյալ՝ բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի,
գլխավոր խորհրդատուի, առաջատար խորհրդատուի, ավագ հարկադիր կատարողի, հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցնող անձանց) միջին վարձատրությունը հարկերի և պարտադիր այլ վճարների ներառմամբ ներկայումս կազմում է շուրջ 180․000 ՀՀ դրամ։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են պետական բյուջե:
Ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձվել է 3․372․754․197 ՀՀ դրամ՝ այն պայմաններում, երբ նույն թվականին Ծառայությանը պետական բյուջեից հատկացվել է 2․709․848․639 ՀՀ դրամ։ Արդյունքում, հարկադիր կատարողների պատշաճ և արդյունավետ աշխատանքի արդյունքում բռնագանձված կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումարը 662․896․558 ՀՀ դրամով ավելին է եղել Ծառայության բյուջետային հատկացումից։
Հարկադիր կատարողի կողմից բռնագանձված գումարի, այդ թվում՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերի և հարկադիր կատարողի աշխատանքի վարձատրության միջև, սակայն, որևէ կապ առկա չէ։ Հարկադիր կատարողի աշխատավարձը հաստատուն է, իսկ աշխատավարձի հիման վրա վճարվող հնարավոր պարգևատրումների չափը ևս խիստ սահմանափակված է և փոխկապակցված չէ Ծառայության կողմից փաստացի բռնագանձված կատարողական գործողությունների կատարման ծախսերի հետ։ Արդյունքում հարկադիր կատարողին կատարողական վարույթի արագ ու առավելագույն պատշաճ կերպով իրականացման համար առանձին հարկադիր կատարողների խրախուսման առկա գործիքակազմերը բավարար չեն՝ համարժեք արձագանքելու համար հարկադիր կատարողների առանձին ջանասիրությանը։
Այսպիսով, առկա է հարկադիր կատարողների կատարված աշխատանքի ծավալների կամ որակական ցուցանիշների և վերջիններիս նյութական ապահովվածության միջև արդարացի հավասարակշռությունն ապահովելու մեխանիզմների ներդրման, նման մեխանիմզների արդյունքում՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման, մոտիվացիոն գործիքակազմի ներդրման և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի ներգրավումն ապահովելու, անձնակազմի գործունեության և կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով «Հարկադիր կատարման ծառայությունների» համար հատկացվող գումարի չափը գերազանցող չափով բռնագանձված կատարողական ծախսի գումարի որոշակի չափ հարկադիր կատարողներին հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար պարգևատրման և սոցիալական այլ երաշխիքների իրացումն ապահովելու նպատակով տրամադրել Ծառայությանը։
3․ Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը հարկադիր կատարողների աշխատանքի փաստացի վարձատրության և վերջիններիս կողմից փաստացի կատարված աշխատանքի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելն է, վերջիններիս սոցիալական դրության բարելավումը, դրա արդյունքում՝ մոտիվացիոն գործիքակազմի առկայությունը և կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացումը, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի ներգրավումը և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների կանխարգելումը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև բարձրացնել հարկադիր կատարողի պաշտոնի գրավչությունը և ապահովել Ծառայությունում մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և փորձառություն ունեցող կադրերի ներգրավումը, ինչն իր հերթին կնպաստի հարկադիր կատարման գործընթացում պատշաճ որակի ապահովմանը և գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացման միջոցառման իրականացմամբ։
-
Քննարկվել է
21.04.2022 - 06.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Ֆինանսական, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3645
Տպել