Հիշել նախագիծը

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

 

  1. Ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով որպես նոտարական ակտի բաղադրիչ է հանդիսանում ճզմիչ կնիքը: Ներկայումս գործում է «QR» կոդը և «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ, որն ավելի արդյունավետ տարբերակ է: Ուստի նման պայմաններում նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում է, ինչի կիրառումը ներկայումս հավելյալ ռեսուրսի վատնում է հանդիսանում (նյութական ծախս, ժամանակ, հավելյալ գործողության կատարում):  

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին ճզմիչ կնիքներով ապահովելն առավել բարդ և ծախսատար գործընթաց է (ճզմիչ կնիքի ձեռքբերման, դիվանագիտական փոստով փոխադրման ծախսեր), քանզի դիվանագետները գործուղվում են 3 տարի ժամկետով և յուրաքանչյուր երեք տարին մեկ անհրաժեշտություն է ծագում ճզմիչ կնիքները փոխելու համար:

Գործող Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ մասով նախատեսված հիմքով նոտարական գործողության կատարումը կարող է մերժվել միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից նոտարը ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն: Մինչդեռ, հյուպատոսը նոտարական գործողություններ կատարելուց առաջ ստուգում է անձի ինքնությունը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով, որտեղ հստակ երևում է ՝ արդյոք անձը գտնվում է հետախուզման մեջ, թե ոչ: Ուստիև, համաձայն գործող օրենսդրության, հյուպատոսը չի կարող մերժել հյուպատոսական գործողություններ կատարելն այն անձի նկատմամբ, քանի դեռ չի ստացել անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, ինչը համարում ենք ոչ արդյունավետ միջոց, քանի որ հնարավոր է, որ հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից  անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չստացվի, սակայն հյուպատոսը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով անձի ինքնությունը ճշտելիս պարզի, որ տվյալ անձը գտնվում է հետախուզման մեջ, սակայն չկարողանա մերժել նոտարական գործողություններ կատարելը՝ բավարար իրավական հիմքերի բացակայության պատճառով:

Օրենքով սահմանված է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կարող են կատարել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները, այնինչ ինչպես հյուպատոսական այլ գործառույթները, այդ թվում՝ նոտարական գործառույթները, ենթակա են կատարման  հենց հյուպատոսի պարտականությունները կատարող  անձի կողմից: Ավելին, զգալի ծանրաբեռնվածություն ունեցող դիվանագիտական ծառայության մարմիններում արդյունավետ է հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականություններ կատարող դիվանագետների միաժամանակյա ներկայությունը, որի առնչությամբ էլ նախագծով առաջարկում ենք դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել ինչպես հյուպատոսի, այնպես էլ փոխհյուպատոսի պարտականություններ կատարող անձանց: Սույն առաջարկության իրավաչափությունը համապատասխանում է «Դիվանագիտական ծառայության մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքների, «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի պահանջներին:

Միաժամանակ, Օրենքով սահմանված «դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ» բառերը «դիվանագիտական ծառայության մարմիններ» բառերով փոխարինելու առաջարկությունը բխում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի        5-րդ հոդվածի  պահանջից:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանություն-ները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի և «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը և հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների և դրանք կատարող անձանց շրջանակը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների մասով, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ  նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և կհստակեցվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

           Ռազմավարական փաստաթղթերից Է բխում։

            ՀՀ կառավարության 18.08.2021թ. № 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրով սահմանվել է, որ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ, տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը (տես՝ 6.2 «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ»)։

Կարևորվում է պետության կողմից ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման միջոցով քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակումը պետական կառավարման բոլոր ոլորտներում և գիտելիքի, տեխնոլոգիաների հիման վրա կառավարման արդյունքում նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացումը, հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ ծառայությունների ապահովումը (Տես՝ 7.2 «Կապը և թվայնացումը»): Մասնավորապես, «QR» կոդի և «e-verify» համակարգը հնարավորություն կտա հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ՝ առանց հավելյալալ և ժամանակատար իսկությունը պարզելուն ուղղված գործողությունների,  որն ավելի արդյունավետ տարբերակ է և քաղաքացուն լրացուցիչ վարչարարությամբ չի ծանրաբեռնում:

 

  • Քննարկվել է

    07.04.2022 - 27.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4174

Տպել