Հիշել նախագիծը

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի ….. ……..-ի N ….Լ

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 7.1 կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հավանություն տալ՝

1) «Արդյունաբերության գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին»` համաձայն հավելվածի։        

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                                                Նիկոլ Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի ….. ……..-ի

N ….Լ որոշման

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

                  

  1. Նախաբան

Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է 1/5-րդ մասը։

Տնտեսության այս ճյուղը միշտ գտնվել է Կառավարության ուշադրության կենտրոնում և հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը։ Դեռևս 2011 թվականին Կառավարության կողմից իրականացվում էր արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման ռազմավարություն՝ շեշտադրում կատարելով մշակող արդյունաբերության ճյուղերի վրա։

Հարկ է նշել, որ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել արդյունաբերական ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունման և իրագործման։

  1. Հայեցակարգի նպատակը և գերակա ճյուղերը

Սույն հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա հինգ տարիներին արդյունաբերության զարգացման համար գերակա ճյուղերը և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝

  • արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարձրացում,
  • արդյունաբերության արտադրողականության բարձրացում,
  • արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների,
  • տեղական արդյունաբերական արտադրանքի ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

Արդյունաբերության գերակա ճյուղերի ընտրությունը իրականացվել է՝ հիմք ընդունելով հետևյալ չափորոշիչները՝

  • բարձր ավելացված արժեքի ստեղծում,
  • արտահանման ներուժի առկայություն,
  • աշխատուժի կլանման լայն հնարավորություններ,
  • նորարարության և նոր տեխնոլոգիաների կլանման հնարավորություն,
  • տեղական հումքի առավել խորը վերամշակման հնարավորություն,
  • միջազգային պահանջարկով ձևավորված նոր արտադրատեսակների արտադրության հնարավորություն,
  • կանաչ արդյունաբերության ստեղծման հնարավորություն։

Սույն հայեցակարգով առանձնացվել են արդյունաբերության գերակա հետևյալ ճյուղերը.

  • թեթև և սննդի արդյունաբերություն,
  • ոսկերչություն և ադամանդագործություն,
  • ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա),
  • սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ),
  • դեղագործություն։
  1. Թեթև և սննդի արդյունաբերություն

3.1 Թեթև արդյունաբերության զարգացման ուղղությունները և հեռանկարները։ 

Ներկայումս Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում արտադրանքի հիմնական բաժինն ընկնում է հագուստի արտադրությանը, իսկ այդ ենթաճյուղում կան 2 հիմնական տեսակի արտադրողներ՝ արտերկրյա ընկերություններին կարի ծառայություն մատուցողներ և սեփական արտադրանք արտադրողներ:

Մինչև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ենթաճյուղում արտադրանքի արտահանման ուղղվածությունը դեպի ԵՄ երկրներ էին (ի հաշիվ արտապատվիրման), սակայն հետագայում ԱՊՀ երկրներ արտահանման ծավալներն սկսեցին դինամիկ աճել։ Սակայն հարկ է նշել, որ դեռևս առկա է մեծ ներուժ։

Ոլորտի հիմնախնդիրներից են մասնագիտական կրթության անբավարար մակարդակը, որակյալ աշխատուժի անբավարար առաջարկը, աշխատուժի ցածր արտադրողականությունը, ընկերությունների բրենդինգի և ոլորտի առաջմղման անբավարար մակարդակը, արտահանման և ներքին շուկաների ներուժի օգտագործման ցածր մակարդակը և այլն:

Թեթև արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն անհրաժեշտ է իրականացնել հավելյալ քայլեր զարգացման նոր ուղղություններ հիմնելու նպատակով։ Զարգացման ուղղություններն ընտրելիս պետք է առաջնորդվել այն հանգամանքով, որ տեղական արտադրողների համար շուկա է հանդիսանում միջին և միջինից բարձր սեգմենտը։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով մոտ է վերջնական արտադրանքի իրացման հիմնական ու վճարունակ շուկաներին և ունի աշխատուժի գին/որակ հարաբերակցության բավարար մրցունակ մակարդակ։

Ոլորտի զարգացումը պետք է դիտարկել թե՛ արտապատվիրման հնարավորությունների զարգացմամբ (մասնավորապես մասշտաբայնացնել եվրոպական երկրներից հիմնականում միջին և բարձր որակի արտադրանքի պատվերների ներգրավումը) և թե՛ սեփական բրենդերի ստեղծմամբ և զարգացմամբ՝ մեծացնելով սեփական արտադրանքի արտահանումը ԵՄ և ԱՊՀ շուկաներ։

Ոլորտի զարգացման համար կարևոր նախապայման է նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։

Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունները կլինեն հետևյալը՝

Ոլորտում արտապատվիրման հնարավորությունների զարգացումը, մասնավորապես միջազգային բրենդերի կողմից նոր պատվերների տեղադրումը,

  • Տեղական հումքային հնարավոր բազայի ստեղծումը,
  • Արտահանման շուկայի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը,
  • Տեղական շուկայում տեղական արտադրանքի իրացման ծավալների ավելացման խթանումը,
  • Սեփական բրենդերի ստեղծումը և զարգացումը,
  • Համապատասխան մասնագիտական կադրերի ապահովումը,
  • Մոդելային բիզնեսի (միջին և միջինից բարձր սեգմենտներում) ներդրումը և զարգացումը։

Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես․

  • Արտադրողականության բարձրացման և մրցունակ արտադրանքի թողարկման նպատակով կներդրվի տեխնոլոգիական վերազինման պետական աջակցության գործիքակազմ։
  • Կկազմվի թեթև և ստեղծագործ արդյունաբերության զարգացման ռազմավարություն։
  • Կներդրվեն գործիքներ, որոնք կապահովեն անխափան և մրցունակ բեռնափոխադրում։
  • Կստեղծվի թեթև և ստեղծագործ արդյունաբերության զարգացման կլաստեր՝ թվինիգնի մեթոդով, որը կունենա միասնական ծառայությունների գերազանցության կենտրոն։
  • Կձևավորվեն գործուն մեխանիզմներ մասնագիտական և բանվորական կադրերի պատրաստման համար։
  • Կմշակվեն աջակցության գործիքներ՝ ուղղված տեղական հումքային բազայի ստեղծման և ներկրվող հումքի հասանելիության ապահովման համար։
  • Կադրերի պատրաստման նպատակով կբարձրացվի կրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունավետությունը։ Մասնավորապես, ՄԿՈւ և այլ պետական կրթական հաստատություններում կիրականացվի դուալ կրթական մեթոդաբանության ներդրման պիլոտային ծրագիր։ Կկատարվեն քայլեր ոչ ֆորմալ ահեստագործական կրթական հաստատություն ներդնելու ուղղությամբ։
  • Կխթանվի ԵԱՏՄ միասնական շուկայի հնարավորություններից օգտվելը, մասնավորապես անդամ երկրների պետական գնումներին մասնակցության հնարավորությունների ընդլայնման մասով։
  • Ներքին շուկայում կստեղծվեն պայմաններ ներկրվող նմանատիպ ապրանքների հետ հավասար մրցակցության համար, մասնավորապես՝ մաքսային, սերտիֆիկացման, գովազդային և այլ գործընթացների արդյունավետության բարձրացմամբ։
  • Կշարունակվեն գործող և կներդրվեն նոր աջակցության գործիքներ արտաքին շուկաներ առաջմղման նպատակով։

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

  • Արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 400 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
  • Արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ 30 հազ․ մարդ։

3.2     Սննդի արդյունաբերության զարգացման ուղղությունները և հեռանկարները։ 

Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ սննդի արդյունաբերությունը հանդիսանում է ամենախոշոր և բազմապրոֆիլ ճյուղերից մեկը։ Այն ներառում է մսամթերքի, պահածոների, կաթնամթերքի, հրուշակեղենի և այլ արտադրատեսակների արտադրության սեգմենտները։

Այս առումով սննդի արդյունաբերության ճյուղը ներկայացված է թե՛ տեղական և թե՛ արտաքին շուկաներում։ Սակայն պետք է նկատել, որ ճյուղի արտահանման մանաբաժինը ավելի փոքր է իրացման մեջ։ Այնուամենայնիվ, այն ունի արտահանման զարգացման մեծ ներուժ։

Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

  • ոլորտի արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրումը,
  • նոր շուկաներ մուտքի ապահավում և ավանդական շուկաներում ներկայացվածության ընդլայնում,
  • տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում, մասնավորապես այլընտրանքային փոխադրումների ստեղծման հնարավորություն հաշվի առնելով նաև «շուտ փչացող» ապրանքների արտադրությունը,
  • Արտադրողականության բարձրացում, վերազինման հնարավորությունների ստեղծման ճանապարհով։

Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

  • օրենսդրական դաշտի բարելավում, որոնք կխթանեն և կպարզեցնեն արտահանման ընթացակարգերը,
  • գործարար կապերի ստեղծում, համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցություն,
  • տեխնոլոգիական ցուցահանդեսների այցելությունների և պրակտիկաների կազմակերպում,
  • Արտասահմանյան մասնագետի ներգրավում
  • Վերազինման համար պետական աջակցության գործիքների մշակում և գործող գործիքների ընդլայնում,
  • փոխադարձ այցելությունների կազմակերպում, մասնավորապես՝ նպատակային շուկաներում գործող դիստրիբյուտորների և այլ օժանդակ կառույցների այցելություններ Հայաստան տեղական ընկերություններին ծանոթանալու համար
  • առևտրային ներկայացուցչության ստեղծում նպատակային նոր շուկաներում։

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

  • Արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝ 3000 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝ 1500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ՝ 30000 մարդ:
  1. Ոսկերչություն և ադամանադագործություն

Զարգացման ուղղությունները և հեռանկարները։ 

Ոլորտում օգտագործվող հումքն ամբողջությամբ ներկրվում է, իսկ վերջնական արտադրանքի զգալի մասն արտահանվում է տարբեր երկրներ։ Ինչպես թեթև արդյունաբերության, այնպես էլ այս ոլորտին բնորոշ է երկու եղանակով գործունեության իրականացումը՝ արտապատվիրման և սեփական արտադրանքի թողարկման։

Հարկ է նշել, որ և՛ ադամանդագործության, և՛ ոսկերչական զարդերի արտադրության ենթաճյուղերին բնորոշ է բարձրորակ և թանկարժեք սեգմենտի համար արտադրանքի թողարկումը։

Եթե ադամանդագործության ենթաճյուղի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, ապա ոսկերչական զարդերի արտադրության արտադրանքը հաջողությամբ իրացվում է նաև ներքին շուկայում։

Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացումը դեռևս բավարար հիմքերի վրա չի գտնվում, ամբողջությամբ օգտագործված չէ այն ներուժը, որն առկա է զարգացման համար:

Զարգացման առումով առկա են մի շարք խնդիրներ, և ոլորտի զարգացման ուղղությունները պետք է ներառեն այդ խնդիրների լուծումները։ Մասնավորապես, խնդիրներից են՝ անհրաժեշտ և որակյալ հումքի ձեռքբերման դժվարությունները, կադրերի պակասը, շուկաներում ներկայանալու ցածր հնարավորությունները և այլն։

Ոլորտի զարգացման ուժեղ կողմերի շարքում կարելի է դասել Հայաստանի ոսկեգործության դարավոր ավանդույթները, հայ ոսկեգործության դրական համբավը որոշ արտահանման շուկաներում, հարկային և մաքսային արտոնյալ դաշտը Հայաստանում, Սփյուռքի ներդրումներով գործող ընկերություններով պայմանավորված՝ արտադրական նոր տեխնոլոգիաների և արտահանման շուկաների տիրապետումը։

Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

  • կբարելավվի հարկային օրենսդրությունը, որը կնպաստի ոլորտի զարգացմանը մասնավորապես կիրառելով ԱԱՀ-ի այլ դրույքաչափ, շուկայից ոսկու գնման պարզեցում եկմտային հարկի մասով և այլն,
  • ադամանդի հումքի ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը,
  • սեփական բրենդների ստեղծում,
  • ոսկու՝ որպես հումք, ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամ երկրների զտարկվող ոսկու առկայությունը,
  • արտահանման շուկաներում ոլորտի արտադրանքի ներկայացվածության մակարդակի բարձրացումը,
  • ԵԱՏՄ համագործակցությամբ ձևավորված հնարավորությունների օգտագործումը,
  • մասնագիտական կադրերի ձևավորման նպաստումը։

Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

  • տեղական ադամանդագործական ընկերություններին ադամանդի հումքով ապահովելու նպատակով կստեղծվի պետական ընկերություն, որն ընկերությունների պահանջարկին համապատասխան կօժանդակի հումքի ձեռքբերման գործընթացում,
  • օժանդակություն կցուցաբերվի կադրերի պատրաստման հարցում,
  • ադամանդի հումքի ձեռքբերման նպատակով այլընտրանքային մատակարարների հետ կիրականացվեն բանակցություններ,
  • կկիրառվեն պետական աջակցության գործիքներ ոլորտի արտադրանքն արտահանման շուկաներում առաջ մղելու նպատակով,
  • օգտագործելով ԵԱՏՄ ոսկերչական բյուրոյի հնարավորությունները՝ կմշակվեն և կներդրվեն աջակցության գործիքներ միասնական արտահանման խթանման նպատակով։

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

Արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝

  • Ոսկերչական արտադրանք՝ 150 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Ադամանդագործական արտադրանք՝ 650 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝

  • Ոսկերչական արտադրանք՝ 90 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Ադամանդագործական արտադրանք՝ 630 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ՝

  • Ոսկերչական զարդերի արտադրություն՝ 1600 մարդ
  • Ադամանդների մշակում՝ 2300 մարդ։
  1. Ծանր արդյունաբերություն

Զարգացման ուղղությունները և հեռանկարները։ 

Մետալուրգիական և քիմիական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես զարգացող, սակայն անհրաժեշտ է իրականացնել հավելյալ քայլեր զարգացման նոր ուղղություններ հիմնելու նպատակով։

Ներկայումս Կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը:

Մետալուրգիայի զարգացումը պետք է հետագայում դիտարկել ոչ միայն մետաղի արտադրությամբ, այլ նաև դրանից ստացվող այլ արտադրատեսակների զարգացման համատեքստում։

Սև և գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա սև և գունավոր մետաղների արտադրություն, և ջարդոնի և թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:

Մետալուրգիական ոլորտի զարգացման տեսլականը պետք է հիմնվի Հայաստանում արդյունահանվող հումքի առավել խորը վերամշակման հանգամանքի վրա, իսկ քիմիական ոլորտի զարգացումը պետք է դիտարկել փոքր և կենցաղային քիմիայի ու մետալուրգիայի ճյուղի գործունեության արդյունքում առաջացած քիմիական նյութերի վերամշակման ուղղությամբ։

Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից:

Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը:

Մետալուրգիական արդյունաբերության բազայի ձևավորման հիման վրա հազվագյուտ մետաղների արտադրության կազմակերպումը կապված է մեծ ներդրումների հետ:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ-ում առկա է բավական մեծ ներուժ հազվագյուտ մետաղների` ռենիումի, սելենի, թելուրի, կադմիումի, բիսմուտի և այլ արտադրությունների կազմակերպման համար:

Քիմիական արդյունաբերության ճյուղը հիմնականում ներկայացված է ներկերի և լաքերի, դեղագործական, ռետինե ու պլաստմասսայե լվացող ու մաքրող, այլ քիմիական նյութերի արտադրություններով: Ոլորտում գործում են մի շարք ընկերություններ ևս, որոնք արտադրում են բարձր որակի շինանյութեր, այդ թվում` ներկեր, լաքեր, էմուլսիաներ, լուծիչներ, լվացող միջոցներ և այլն:

Մետալուրգիական արտադրությունը փոխկապակցված քիմիայի հետ։ Փոքր և միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում (բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, պարֆյումերային արդյունաբերություն, կենցաղ) որոշակի հատկություններով օժտված նյութերի լայն տեսականու կիրառությամբ: Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող և նորացվող տեսականու շարունակաբար աճող պահանջարկով:

Հայաստանը պատկանում է քիմիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաներ, գիտատար մշակումներ ստեղծելու ունակ երկրների թվին` քիմիական գիտության ավանդաբար բարձր մակարդակի և արհեստավարժ կադրերի պատրաստման համակարգի շնորհիվ, ինչը թույլ է տալիս այստեղ փոքր և միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված համարել: Գերխնդիրը նոր տեխնոլոգիաների մշակմանն անհրաժեշտ տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի ակտիվացման, պատվերների ձևավորման ու որակի վերահսկման ժամանակակից համակարգին անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելն է:

Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունները կլինեն հետևյալը՝

  • տեղական հումքի առավել խորը վերամշակման ապահովում,
  • մետալուրգիայում նորարարական գործունեության ակտիվացումը,
  • պղնձից նոր արտադրատեսակների արտադրությունների կազմակերպումը,
  • համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստումը և ապահովումը,
  • անհրաժեշտ հումքային բազայի վերականգնումը և զարգացումը, մասնավորապես սև ու գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքի կիրառման շարունակականության ապահովումը, առաջնորդվելով քայլ առ քայլ վերամշակումը խարացնելու սկզբունքով,
  • քիմիական տեխնոլոգիաների մշակման ու փոխանցման ծրագրերին աջակցությունը,
  • գիտություն-արտադրություն կապերի, այդ թվում` գիտական հետազոտությունների ծրագրերում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը նպաստող կառուցակարգերի զարգացման նորմատիվ-իրավական հիմքերի ստեղծումը։

Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես․

  • կիրականացվի նոր պղնձաձուլարանի կառուցմանն ուղղված աշխատանքներ,
  • պղնձի արտադրության ոլորտում հնարավորինս կերկարացվի արտադրական շղթան, կխթանվի ավելի բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը,
  • արտադրողականության բարձրացման և մրցունակ արտադրանքի թողարկման նպատակով կներդրվի տեխնոլոգիական վերազինման պետական աջակցության գործիքակազմ,
  • կձևավորվեն գործուն մեխանիզմներ մասնագիտական և բանվորական կադրերի պատրաստման համար,
  • կիրականացվեն աշխատանքներ մետալուրգիական արտադրության արդյունքում առաջացող քիմիական նյութերի վերամշակման գործարանի կառուցման ուղղությամբ,
  • կմշակվեն աջակցության գործիքներ՝ ուղղված տեղական հումքային բազայի ստեղծման և ներկրվող հումքի հասանելիության ապահովման համար,
  • կշարունակվեն գործող և ոլորտի առանձնահատկություններից ելնելով կներդրվեն նոր աջակցության գործիքներ արտաքին շուկաներ առաջմղման նպատակով,
  • արտասահմանյան և հայրենական փորձի ուսումնասիրման և վերապատրաստման միջոցով կբարձրացվի կադրային ներուժի մակարդակը։

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

  • Արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 1700 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 1500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ 10000 մարդ։
  1. Սարքաշինություն

Զարգացման ուղղությունները և հեռանկարները։ 

Սարքաշինության ոլորտը սահմանվում է որպես բարձր ճշգրտությամբ և/կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական արտադրանքով զբաղվող ընկերությունների համախումբ: Ոլորտը ՀՀ-ում կարելի է բնութագրել որպես՝ առավելաբար ԱՊՀ շուկաներ ուղղորդված, միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հետազոտական և հարակից փոքրամասշտաբ մի քանի արտադրական միավորների առկայությամբ, առավելաբար Հայաստանի և Ռուսաստանի շուկան սպասարկող ռազմական նշանակություն ունեցող արտադրություն ունեցող, միջազգային շուկայում մրցունակ սահմանափակ արտադրանքների առկայությամբ։

Հարկ է նշել, որ ոլորտը համարվում է գիտատար և ունի հնարավորություն նոր տեխնոլոգիաների կլանման, գիտական հենքի վրա նոր արտադրատեսակների արտադրության կազմակերպման։

Ներկայումս առանձնանում է նաև միկրոէլեկտրոնիկայի ուղղությունը, որը կարող է արձանագրել արտահանման բարձր ցուցանիշներ օգտագործելով ԵԱՏՄ շուկայի հբարավորությունները։

Այս ճյուղում տենդենցներ են նկատվում նաև արևային տեխնոլոգիաների զարգացման առումով, ինչը նաև ամրագրվում է միջազգային պահանջարկով։

«Արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ներդրումային ծրագրի» առաջին փուլով մեկնարկել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը:

Հայաստանի՝ արևային էներգետիկայի ներուժը ներկայումս հիմնականում կլանում  է ներմուծվող սարքավորումները, մասնավորապես՝ ներմուծվում են ինչպես արևային պանելների,  ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր:

Մշակվել է օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կընձեռի ցանկացած սպառողի արտադրել էներգիա իր կարիքների համար, իսկ ավելցուկը՝ վաճառել:

Արևային տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ ներդրումների խթանումը հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսության այլ հարակից ոլորտները:

Արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություններ  է ստեղծում ոչ մետաղական հանքարդյունահանության և քիմիական արդյունաբերության զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների և կիսահաղորդչային թերմոգեներատորների արտադրության զարգացման համար։

Արևային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես դինամիկ զարգացող, սակայն անհրաժեշտ է իրականացնել հավելյալ քայլեր զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։

Զարգացման ուղղություններն ընտրելիս պետք է առաջնորդվել այն հանգամանքով, որ արևային էներգետիկայի սարքավորումների տեղական արտադրողների համար բավականին մեծ շուկա է հանդիսանում տեղական շուկան, համաշխարհային միտումներն ուղղված են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացմանը, ոլորտը հանդիսանում է գիտատար և այլն։

Այս ճյուղի զարգացման տեսանկյունից շեշտադրումը կկատարվի մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի և արևային տեխնոլոգիաների ենթաճյուղերի զարգացման տեսանկյունից։

Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

  • ՕՈւՆ-երի ներգրավումը
  • կարողությունների զարգացումը,
  • Հայաստանի դիրքավորումը որպես հետազոտությունների և մշակումների ճանաչված տարածաշրջանային հանգույց,
  • մասնագիտացված ճարտարագիտական քլաստերների ձևավորումը,
  • շուկաների դիվերսիֆիկացիան,
  • երկրի բրենդինգը ճարտարագիտության ասպարեզում,
  • մտավոր սեփականության պաշտպանության համակարգի զարգացումը,
  • գիտելիքի առևտրայնացման համակարգի հիմնումը,
  • արևային տեխնոլոգիաների արքավորումների տեղական արտադրողների և ներմուծվող արտադրատեսակների համար հավասար մրցակցային դաշտի ստեղծում,
  • արևային տեխնոլոգիաների սարքավորումների ոլորտի զարգացման նպատակով մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովում,
  • տեղական շուկայում տեղական արտադրանքի իրացման ծավալների ավելացման խթանում,
  • Համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում։

Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

  • արդյունաբերական կլաստերի հիմնման աջակցություն,
  • անդրազգային կորպորացիաների ներգրավման միջոցառումների իրականացում,
  • անդրազգային կորպորացիաների հետազոտությունների և մշակումների կենտրոնների ներգրավում,
  • հզոր համակարգիչների «սուպեր կոմպյուտեր» և գիտական, հետազոտական սարքավորանքի ներկրման օժանդակության տրամադրում,
  • նորարարական բիզնես նախագծերի բացահայտում,
  • տեխնոպարկի և արդյունաբերական գոտու հիմնում,
  • շուկաների մասին տեղեկացվածության և խորհրդատվության ապահովում,
  • գործարար կապերի հաստատման աջակցություն,
  • արտադրանքի միջազգային սերտիֆիկացման նպատակով օժանդակության տրամադրում,
  • արտադրողականության բարձրացման, մրցունակ արտադրանքի թողարկման և նոր արտադրությունների ստեղծման կամ եղածի ընդլայնման նպատակով պետական աջակցության գործիքակազմ, մասնավորապես վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում,
  • կօգտագործվեն և կընդլայնվեն ազատ տնտեսական գոտիներում եղած հնարավորությունները,
  • ներքին շուկայում կստեղծվեն պայմաններ ներկրվող նմանատիպ ապրանքների հետ հավասար մրցակցության համար, մասնավորապես՝ մաքսային, սերտիֆիկացման, գովազդային և այլ գործընթացների արդյունավետության բարձրացմամբ,
  • կներդրվեն գործիքներ՝ սպառողների համար համապատասխան արտոնությունների կիրառման նպատակով, որի արդյունքում տեղական սպառումը ևս կդառնա մրցունակ,
  • կշարունակվեն գործող և կներդրվեն նոր աջակցության գործիքներ արտաքին շուկաներ առաջմղման նպատակով։

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

  • Արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ 5000 մարդ։
  1. Դեղագործություն

Զարգացման ուղղությունները և հեռանկարները։ 

Դեղագործության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն ՀՀ դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, արտադրողականության բարձրացման,  ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։

Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։

Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղատեսակներ արտահանման համար։

Վերջիններիս առնչությամբ զարգացման  քաղաքականությունն ուղղված կլինի մասշտաբային ներդրումների ներգրավմանը, համակարգային խնդիրների լուծմանը և արտադրական/արտահանման կարողությունների զարգացմանը:

Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը, որի շրջանակներն այս ոլորտում ներառելու են ֆինանսական մատչելիության ապահովումը, անդրազգային ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու աշխատանքները և այլ գործիքներ։

Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

  • միջազգային ճանաչում ունեցող ոլորտի խոշոր խաղացողներին ՀՀ դեղագործության ոլորտում ներգրավումը,
  • ոլորտում միջազգային բարձր ստանդարտներ (GMP և այլն) ներդրումը,
  • տեղական հումքային բազայի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում ստանձնել այդ գործընթացի ինչ-որ մասը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում դեռևս գործում են փոքր քիմիայի ձեռնարկություններ,
  • արտահանման շուկայի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը,
  • դեղագործության ոլորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը,
  • համապատասխան մասնագիտական կադրերի ապահովումը,
  • դեղագործական արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացումը,
  • ներքին շուկայում հայրենական դեղերի մասնաբաժնի աճը։

Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

  • Կմշակվի պետական աջակցության գործիքակազմ, որն ուղղված կլինի արտահանման շուկաներում ներկայացման, արտահանվող շուկաներում դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների, միջազգային ստանդարտների ներդրման, մատչելի ֆինանսական ռեսուրսների ձևավորման և այլ աջակցությանը,
  • ոլորտի խոշոր «խաղացողներին» ներգրավելու համար կձևավորվի նպաստավոր միջավայր,
  • կստեղծվի դեղագործական արդյունաբերական գոտի,
  • կխթանվի պատվաստանյութերի արտադրության կազմակերպումը,
  • կխթանվի ոլորտի բուհական և գիտահետազոտական հաստատությունների հետ կապը։ Բուհերում և ձեռնարկություններում լրացուցիչ մասնագիտական ​​կրթության ծրագրերի ստեղծում, սեմինարներ դեղերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ,
  • կխթանվի ԵԱՏՄ միասնական շուկայի հնարավորություններից օգտվելը։

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

  • Արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
  • Արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 250 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • Աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ 2500 մարդ։

Սույն հայեցակարգը հիմք կհանդիսանա վերոնշյալ ոլորտների ռազմավարական փաստաթղթերի մշակման համար։

  • Քննարկվել է

    31.03.2022 - 15.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6555

Տպել

Առաջարկներ`

ՀՀ դեղ արտադրողների միություն

01.04.2022

Դեղագործություն Զարգացման ուղղությունները և հեռանկարները։ Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝ (...) *ԼՐԱՑՈՒՄ- Ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումները, (...) - ներքին շուկայում հայրենական դեղերի մասնաբաժնի աճը։ Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝ (...) *ԼՐԱՑՈՒՄ- Ոլորտը կարգավորող, ինչպես նաև ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ: *LՐԱՑՈՒՄ - Կմշակվի պետական աջակցության գործիքակազմ, որն ուղղված կլինի ներքին շուկայում հայրեական դեղերի մասնաբաժնի աճին:

Տեսնել ավելին