«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքի՝ ակցիզային հարկով հարկումը, ինչպես նաև այն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք սահմանելն ու IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն է: Միաժամանակ, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 80 որոշմամբ հաստատվել է ապրանքային նոր անվանացանկը՝ հիմնված ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքը ակցիզային հարկով չի հարկվում, սակայն այն նույնպես վնասակար է մարդու առողջության համար:
Բացի այդ, այս ապրանքներն ակցիզային հարկով չհարկելու արդյունքում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում այդ ապրանքները ներմուծող տնտեսավարող սուբյեկտների և ԱՏԳ ԱԱԱ այլ ծածկագրերին դասվող՝ ծխախոտի արտադրանք արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների միջև:
Ավելին, ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքն ակցիզային հարկով չհարկելու արդյունքում նաև նվազում են ԱՏԳ ԱԱ այլ ծածկագրերին դասվող՝ ծխախոտի արտադրանքի սպառման ծավալները, ինչը հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների կրճատման:
Միաժամանակ, միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկով հարկումը բավական տարածված է: Մասնավորապես, էլեկտրոնային ծխախոտի արտադրանքը ակցիզային հարկով հարկվում է Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Վրաստանում, Պորտուգալիայում, Լատվիայում, Նորվեգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լեհաստանում և այլ երկրներում:
Մյուս խնդիրը, որ նախատեսվում է նախագծով լուծել, պայմանավորված է IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի և «ավանդական» ծխախոտի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի միջև գոյություն ունեցող էական տարբերություններով: IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի գործող դրույքաչափերը հաշվարկելիս 2019 թվականին հաշվի են առնվել հետևյալ երեք կարևոր հանգամանքները․
ա. IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքը, ի տարբերություն «ավանդական» ծխախոտի արտադրանքի, ներմուծման փուլում ծանրաբեռնվում է մաքսատուրքով՝ 20 տոկոս դրույքաչափով,
բ. IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի սպառման համար օգտագործվում է հատուկ սարքավորում, որը նույնպես ներմուծման փուլում ծանրաբեռնվում է հարկերով և որն ունի օգտագործման շատ կարճ ժամկետներ մինչև 6-7 ամիս,
գ. IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքը 2019 թվականին համարվում էր նոր ապրանքատեսակ և այս ապրանքատեսակի մասով շուկա ձևավորելուն չխոչընդոտելու նպատակով որոշվել էր այս ապրանքատեսակի մասով ցուցաբերել ծխախոտի արտադրանքի մյուս բոլոր տեսակների հարկման մոտեցումներից տարբերվող մոտեցում:
Ներկա իրավիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ՝
1) անցած երկու տարիների ընթացքում էականորեն աճել են IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ներմուծման ծավալները՝ հասնելով տարեկան 1 մլրդ. հատիկի, ինչը նշանակում է, որ այս ապրանքատեսակի մասով շուկա ձևավորելու խնդիրն այլևս կարելի է լուծված համարել: Մյուս կողմից, IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքը, ըստ էության, համարվում է «ավանդական» ծխախոտին փոխարինող ապրանք, ինչը նշանակում է, որ այս երկու խումբ ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի բեռի միջև էական տարբերությունները հիմնավորված չեն կարող համարվել,
2) IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի և ավանդական ծխախոտի ներմուծման ծավալների վերաբերյալ առկա վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի գրեթե ամբողջ ծավալը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, իսկ «ավանդական» ծխախոտի դեպքում՝ հիմնականում Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից: Վերոգրյալը նշանակում է, որ ներմուծման փուլում նշյալ երկու խումբ ապրանքատեսակները գտնվում են նույն հարկային ռեժիմում երկու խումբ ապրանքատեսակների համար մաքսատուրք չի վճարվում և երկու խումբ ապրանքատեսակների համար վճարվում է ԱԱՀ և ակցիզային հարկ,
3) անցած երկու տարիների ընթացքում կատարելագործվել են նշյալ արտադրանքի սպառման համար օգտագործվող հատուկ սարքավորումները, ինչի արդյունքում էականորեն երկարել է այդ սարքավորումների օգտագործման ժամկետը: Վերոգրյալը նշանակում է, որ դրույքաչափի հաշվարկում այդ սարքավորումների ներմուծման ժամանակ վճարվող հարկերի մեծությունը հաշվի առնելու մոտեցումն այլևս որոշիչ չպետք է լինի:
Միաժամանակ, սիդրի համար սահմանված ակցիզային հարկի՝ 1 լիտրի համար 270 դրամ դրույքաչափը բարձր է այլ՝ համարժեք խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի՝ 1 լիտրի համար 150 դրամ դրույքաչափից, ինչի արդյունքում սիդրի արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝
1) ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2022 թվականի ընթացքում 1 միլիլիտրը 100 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թվականի ընթացքում՝ 1 միլիլիտրը 115 դրամ դրույքաչափով: Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ այդ ապրանքները ենթակա են դրոշմապիտակներով դրոշմավորման: Դրույքաչափը հաշվարկվել է՝ հաշվի առնելով ինչպես հարևան, այնպես էլ այլ երկրներում գործող դրույքաչափերը, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ այլ ծածկագրերին դասվող ծխախոտի արտադրանքի համար գործող օրենսդրությամբ սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, հիմք ընդունելով նմանօրինակ ապրանքների համար համարժեք հարկային բեռ սահմանելու նպատակադրումը,
2) 50 տոկոսով բարձրացնել IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի համար 2023 թվականի ակցիզային հարկի դրույքաչափը՝ նպատակ ունենալով առաջիկա 5 տարիների ընթացքում առավելագույնս մոտարկել «ավանդական» ծխախոտի արտադրանքի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը,
3) ճգրտել որոշ ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,
4) Օրենսգրքով Կառավարությանը իրավասություն վերապահել՝ սահմանել ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգեր,
5) հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի և նույն ծածկագրին դասվող՝ այլ՝ համարժեք խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումների վերանայումն ու հարկային բեռի ավելացումն է, ինչպես նաև Օրենսգրքով նախատեսված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ ներդաշնակեցնելը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
1) ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, ինչպես նաև այն սահմանել որպես դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք,
2) 50 տոկոսով բարձրացնել IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի համար 2023 թվականի ակցիզային հարկի դրույքաչափը,
3) Օրենսգրքով նախատեսված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի,
- հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
-
Քննարկվել է
22.03.2022 - 06.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5430
Տպել